Արամ Շահնազարեան
Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ իշխող քաղաքական ուժի եւ նրա առաջնորդի կողմից նպատակային փորձ է արւում Հայաստանի քաղաքական դաշտում ձեւաւորել ոչ թէ գաղափարական մրցակցութեան, ծրագրային հակադրութիւնների եւ պետական զարգացման ռազմավարութիւնների շուրջ կառուցուած ընտրական միջավայր, այլ առաւելապէս յուզական, ագրեսիւ եւ բեւեռացնուած քաղաքական մթնոլորտ։ Ընտրապայքարի մեկնարկից ի վեր, իսկ յատկապէս վերջին օրերին, գործող վարչապետը եւ իշխող կուսակցութեան ներկայացուցիչների կողմից կիրառուող «քաղաքական» հռետորաբանութիւնը եւ հանրային վարքագիծը վկայում են այն մասին, որ իշխանութիւնը մտել է ոչ թէ դասական քաղաքական պայքարի, այլ զանգուածային մանիպուլեատիւ հոգեբանական պայքարի դաշտ։ Այդ գործընթացի առանցքում կրկին հասարակութեանը՝ «իւրայինների» եւ «ոչ իւրայինների», «ժողովրդի» եւ «թշնամիների», «ներկաների» եւ «նախկինների» միջեւ արհեստական բաժանումն ու հակադրութիւնների սրումն է։
Այս մարտավարութիւնը պատմականօրէն տարբեր քաղաքական համակարգերում տարբեր ձեւերով է դրսեւորուել, եւ քաղաքական հոգեբանութեան ու քարոզչութեան տեսութեան մէջ այն յաճախ նկարագրւում է որպէս ամբոխավարական հաղորդակցութեան դասական ձեւաչափ։ Խոսքը, իհարկէ, ուղղակի պատմական զուգահեռների կամ ռեժիմների նոյնականացման մասին չէ, այլ քաղաքական մանիպուլեացիայի որոշ կայուն տեխնոլոգիաների մասին, որոնք առաւել համակարգուած ձեւակերպում են ստացել 20-րդ դարի քարոզչական տեսութիւններում, այդ թւում՝ նացիստական Գերմանիայի քարոզչութեան նախարար Եոզեֆ Գեբելսի մշակած քարոզչական համակարգում:
Դրանց շարքում առանձնացւում են հասարակութեան բեւեռացման խորացումը, քաղաքական հակառակորդի կերպարի արմատականացումը, վախի եւ սպառնալիքի մթնոլորտի մշտական վերարտադրումը, ինչպէս նաեւ քաղաքական մրցակցութեան աստիճանական տեղափոխումը տրամաբանական քննարկման դաշտից դէպի յուզական-գոյաբանական հակադրութեան հարթութիւն:
Այս տեխնոլոգիաների արդիւնաւետութիւնը պայմանաւորուած է ոչ միայն դրանց բովանդակութեամբ, այլեւ մարդկային զանգուածային ընկալման հոգեբանական առանձնայատկութիւններով։
Գեբելսի քարոզչական համակարգի առանցքային գաղափարներից մէկն այն էր, որ զանգուածները շատ աւելի հեշտ են արձագանքում պարզունակ, յուզական եւ անընդհատ կրկնուող ուղերձներին, քան բարդ քաղաքական կամ ինտելեկտուալ քննարկումներին։ Այդ պատճառով քաղաքական պայքարը ներկայացւում էր ոչ թէ որպէս տարբեր գաղափարախօսութիւնների, աշխարհընկալումների եւ մօտեցումների մրցակցութիւն, այլ որպէս գոյաբանական պայքար՝ «մենք կամ նրանք» տրամաբանութեամբ։ Ժամանակակից ամբոխավարական քաղաքական տեխնոլոգիաները նոյնպէս, անկախ աշխարհագրութիւնից եւ գաղափարախօսութիւնից, յաճախ գործում են նոյն սկզբունքով։ Երբ իշխող քաղաքական ուժը սկսում է հասարակութեանը համոզել, որ ընդդիմութիւնը ոչ թէ այլընտրանք է, այլ սպառնալիք պետութեան, ժողովրդի կամ անվտանգութեան համար, քաղաքականութիւնը դադարում է լինել հանրային բանաւէճ եւ վերածւում է հոգեբանական պատերազմի:
Հայաստանի ներկայ ներքաղաքական իրականութեան մէջ այս միտումները յստակ տեսանելի են արդէն։ Գործող վարչապետի «քաղաքական» խօսոյթը վաղուց կորցրել է պետական ղեկավարին բնորոշ զսպուածութիւնն ու ինստիտուցիոնալ լեզուն՝ փոխարինուելով սպառնալից, անպարկեշտ, վիրաւորական եւ բացայայտ պիտակաւորող բառապաշարով։ Այս գործընթացի առանցքային բաղադրիչներից մէկը հասարակական-քաղաքական բեւեռացման համակարգուած խորացումն է, որը սկզբում արտայայտւում էր պարզունակ ձեւակերպմամբ՝ «սեւերի ու սպիտակների» բաժանմամբ, սակայն, իրականում ենթադրում էր քաղաքական-հասարակական իրականութեան երկբեւեռ համակարգի կառուցում, որտեղ հանրային դաշտը բաժանւում է բացարձակապէս հակադիր եւ անհաշտ ճամբարների։ Ժամանակի ընթացքում այս մօտեցումը դուրս եկաւ հռետորաբանութեան սահմաններից եւ վերածուեց «քաղաքական» մտածողութեան եւ վարքագծի ձեւաւորման առանցքային մեխանիզմի։ Հասարակութեանը նման տրամաբանութեամբ բաժանելու գործելաոճը իշխանութեան համար դարձաւ ոչ թէ ժամանակաւոր քարոզչական հնարք, այլ կառավարման եւ զանգուածների մոբիլիզացիայի համակարգային տեխնոլոգիայ։
Այստեղ կարեւոր է հասկանալ հիմնական քաղաքական նպատակը։ Երբ իշխանութիւնը կորցնում է հանրային լայն կոնսենսուսը, երբ կուտակւում են անվտանգային, սոցիալական եւ պետական ճգնաժամէրը, իշխանութեան համար առաւել արդիւնաւետ է դառնում քաղաքական դաշտը գաղափարականից տեղափոխել յուզական եւ հոգեբանական հարթութիւն։ Քաղաքացին, որը քննարկում է անվտանգային ձախողումները, տնտեսական խնդիրները կամ պետական համակարգի թուլացումը, վտանգաւոր է իշխանութեան համար։ Սակայն քաղաքացին, որը գտնւում է վախի, զայրոյթի կամ ատելութեան հոգեբանական ազդեցութեան տակ, շատ աւելի հեշտ է մանիպուլացւում եւ ուղղորդւում։
Այս գործընթացների հիմքում ընկած են քաղաքական հոգեբանութեան մի շարք յայտնի օրինաչափութիւններ, որոնք վերաբերում են վախի ազդեցութեանը քաղաքական վարքագծի վրայ։
Քաղաքական հոգեբանութեան մէջ վաղուց յայտնի է, որ վախը հասարակական կառավարման ամենաարդիւնաւետ գործիքներից մէկն է։ Վտանգի պայմաններում մարդու բանականութիւնը թուլանում է եւ առաջնային է դառնում ցանկացած գնով վտանգից խուսափելու բնազդը։ Այդ պայմաններում ընտրողը սկսում է ընտրել ոչ թէ առաւել արդիւնաւետ քաղաքական ուժին, այլ այն ուժին, որը ներկայանում է որպէս «աւելի քիչ վտանգաւոր»։ Յենց այստեղ է, որ սկսում է աշխատել ժամանակակից մանիպուլեատիւ քարոզչութեան ամենակարեւոր մեխանիզմը՝ կեղծ երկընտրանքի ստեղծումը։ «Կամ մենք, կամ վերադարձող նախկինները», «կամ մենք, կամ պատերազմ եւ մարդկային նոր կորուստներ» տրամաբանութիւնը քաղաքական մրցակցութիւնը վերածում է վախի վրայ հիմնուած ընտրութեան:
Այս ֆոնին պատահական չէ, որ իշխանութեան հռետորաբանութեան մէջ շարունակաբար վերարտադրւում են ներքին «թշնամիների» կերպարներ։ Ընդդիմութիւնը ներկայացւում է ոչ թէ որպէս քաղաքական մրցակից, այլ որպէս վտանգաւոր ուժ, որը ցանկանում է «հրահրել պատերազմ», «խանգարել խաղաղութեան կայացմանը», «քանդել պետութիւնը», «վերադարձնել անցեալը» եւ «ոչնչացնել ժողովրդի յաղթանակը»։ Սա դասական ամբոխավարական տեխնոլոգիայ է, որի նպատակը քաղաքական հակառակորդի լեգիտիմութեան ոչնչացումն է։
Սակայն նման քաղաքականութեան ամենավտանգաւոր հետեւանքը լոկ ընտրական գործընթացը չէ։ Այսպիսի հոգեբանական դինամիկան ժամանակի ընթացքում դուրս է գալիս զուտ ընտրական տրամաբանութիւնից եւ վերածւում է հասարակական կառուցուածքի խորքային փոփոխութեան։ Խնդիրն այն է, որ հասարակութեան ներսում աստիճանաբար ձեւաւորւում է փոխադարձ թշնամանքի մշակոյթ եւ սոցիալական վստահութեան քայքայում։ Երբ իշխանութիւնն ինքն է քաղաքական խօսոյթի մէջ արմատաւորում ատելութեան լեզուն, հասարակական ագրեսիան սկսում է տարածական դառնալ բոլոր մակարդակներում՝ սոցիալական ցանցերից մինչեւ առօրեայ մարդկային յարաբերութիւններ։ Քաղաքացին այլեւս չի ընկալում իր քաղաքական հակառակորդին որպէս այլ կարծիք ունեցող մարդ, այլ որպէս թշնամի՝ ինչը յանգեցնում է հասարակական ներուժի փոշիացման եւ հանրային համերաշխութեան հիմքերի թուլացման։
Պատմութիւնը բազմիցս ցոյց է տուել, որ երկարաժամկէտ հեռանկարում վախի եւ բեւեռացման վրայ կառուցուած քաղաքական տրամաբանութիւնները քայքայում են ոչ միայն հասարակութիւնը, այլ նաեւ պետական համակարգի դիմադրողականութիւնը։ Քաղաքական ցինիզմը, հանրային բարոյականութեան անկումը եւ հասարակական ագրեսիայի աճը դառնում են նման գործընթացների կառուցուածքային հետեւանքները։ Վախի վրայ կառուցուած քաղաքական իշխանութիւնը կարող է որոշ ժամանակ պահպանել վերահսկողութիւն հանրային դաշտի վրայ, սակայն այն չի կարող ապահովել կայուն, ինքնավստահ եւ համերաշխ հասարակութեան ձեւաւորում:
Այս խորապատկերում առանձնայատուկ ուշադրութեան է արժանի նաեւ տեղեկատուական մանիպուլեացիայի խնդիրը։ Ժամանակակից քաղաքական հաղորդակցութեան եւ քարոզչութեան տեսութեան մէջ վաղուց արձանագրուած է, որ ազդեցութեան հիմնական գործիքները այլեւս չէն սահմանափակւում ուղիղ ապատեղեկատուութեամբ կամ ստի պարզունակ ձեւերով։ Առաւել արդիւնաւետ մեխանիզմներ են իրականութեան մասնակի ներկայացումը, տեղեկատուական աղմուկի համակարգուած ստեղծումը եւ հանրային օրակարգի վերահսկումը՝ այսպէս կոչուած օրակարգի եւ իմաստաւորման շրջանակների ձեւաւորման միջոցով։ Այս գործընթացներում քաղաքական իշխող ուժը ոչ թէ պարզապէս տեղեկատուութիւն է տարածում, այլեւ ձեւաւորում է իրականութեան ընկալման շրջանակները՝ որոշելով, թէ ինչն է համարւում «կարեւոր», իսկ ինչը՝ «երկրորդական» կամ «անտեսելի»։
Երբ հասարակութիւնը երկար ժամանակ գտնւում է սկանդալների, յուզական յայտարարութիւնների եւ «քաղաքական» բախումների շարունակական հոսքի ազդեցութեան տակ, տեղի է ունենում հանրային ուշադրութեան աստիճանական տեղաշարժ՝ ռազմավարական եւ համակարգային խնդիրներից դէպի ժամանակաւոր եւ մակերեսային բնոյթի իրադարձութիւններ։ Արդիւնքում ձեւաւորւում է տեղեկատուական անհամաչափութիւն, որտեղ քաղաքական օրակարգը աւելի քիչ է արտացոլում պետութեան երկարաժամկէտ կարիքները եւ աւելի շատ ենթարկւում է իշխանութեան տեղեկատուական կառավարման տրամաբանութեանը:
Այս մեխանիզմները յատկապէս վտանգաւոր են հետպատերազմեան եւ հոգեբանական ծանր վիճակում գտնուող հասարակութիւնների համար։ Քաղաքական հոգեբանութեան տեսանկիւնից նման իրավիճակներում հասարակական ընկալումները զգալիօրէն փոխւում են՝ առաջնային դառնալով վերացական անվտանգութեան եւ կայունութեան պահանջը, ինչը յաճախ տեղի է ունենում տրամաբանական գնահատումների թուլացման հաշուին։ Հայաստանը վերջին տարիներին անցել է խորքային ազգային-հոգեբանական ցնցումների միջով՝ պատերազմ, տարածքային կորուստներ, անվտանգային անորոշութիւն, պետական համակարգի նկատմամբ վստահութեան անկում։ Այս գործոնների համադրութիւնը ձեւաւորում է այն, ինչ քաղաքագիտական գրականութեան մէջ յաճախ բնութագրւում է որպէս բարձրացուած հոգեբանական անհաւասարակշիռ զգայունութիւն եւ մանիպուլեացիոն ազդակների նկատմամբ խոցելիութիւն։
Նման պայմաններում հասարակութիւնն առաւել հեշտութեամբ է արձագանքում յուզական եւ պարզեցուած քաղաքական ուղերձներին, իսկ երկարաժամկէտ ռազմավարական խնդիրները դուրս են մղւում հանրային ուշադրութեան կենտրոնից։ Յենց այդ պատճառով քաղաքական պատասխանատուութիւնը նման իրավիճակներում պէտք է բազմապատիկ մեծ լինէր՝ ուղղուած հասարակական համախմբման եւ վստահութեան վերականգնման համակարգային գործընթացներին։ Սակայն իշխանութեան վարքագիծը ցոյց է տուել եւ ցոյց է տալիս հակառակ միտում՝ հանրային համախմբման փոխարէն շարունակւում է հասարակութեան բեւեռացումը եւ թշնամական մթնոլորտի խորացումը:
Այս իրավիճակում ընդդիմութեան առջեւ դրուած է չափազանց բարդ խնդիր։ Եթէ ընդդիմութիւնը սկսի պատասխանել նոյն լեզուով, նոյն ագրեսիայով եւ ոճով, այն պարզապէս կը յայտնուի իշխանութեան կողմից ձեւաւորուած քաղաքական խաղի տրամաբանութեան եւ օրակարգի շրջանակներում։ Այդ դէպքում քաղաքական մրցակցութիւնը կտեղափոխուի այն դաշտ, որտեղ բեւեռացումը դառնում է հիմնական գործող մեխանիզմ, իսկ անհամաչափ քաղաքական հաղորդակցութեան պայմաններում նման միջավայրն առաւել նպաստաւոր է գործող իշխանութեան համար։
Հետեւաբար ընդդիմութեան հիմնական մարտավարական խնդիրը ոչ թէ նոյն մեթոդների կրկնօրինակումն է, այլ քաղաքական խօսոյթի վերաձեւակերպումը՝ օրակարգի բովանդակային փոփոխութեան եւ հանրային քննարկման ողջամտացման միջոցով:
Առաջին հերթին ընդդիմութեան վարքագծում կարեւոր է հասարակութեան որեւէ հատուածի պիտակաւորման կամ նուաստացման բացառումը։ Իշխանութեան ընտրողին թշնամի ներկայացնելու տրամաբանութիւնը քաղաքական հետեւանքների առումով նոյնքան կործանարար է, որքան իշխանութեան կողմից ընդդիմադիր ընտրողին «հակապետական» շրջանակում դիտարկելը, քանի որ երկու դէպքում էլ խորանում է հասարակութեան ներսում քաղաքական հանդուրժողականութեան փոխարէն բեւեռացուած ինքնութեան ձեւաւորումը։
Քաղաքական համակարգերում նման փոխադարձ պիտակաւորումը յանգեցնում է հանրային խօսոյթի ամլացմանը եւ քաղաքական մրցակցութեան վերածմանը գոյաբանական հակադրութեան։ Այս պայմաններում ընդդիմութեան համար արդիւնաւետ դիրքաւորումը եւ հանրային-հասարակական խօսոյթը ենթադրում է քաղաքական ներառականութեան ընդլայնում՝ ուղղուած հասարակութեան բոլոր շերտերի հետ հաղորդակցութեան պահպանմանը, ներառեալ այն քաղաքացիների, որոնք ներկայումս աջակցում են գործող իշխանութեանը։
Երկրորդ. ընդդիմութիւնը պէտք է քաղաքական պայքարը վերադարձնի տրամաբանութեան հարթութիւն։ Քաղաքագիտական տեսանկիւնից առողջ քաղաքական մրցակցութեան կարեւոր նախապայմաններից մէկը բովանդակային այլընտրանքի առկայութիւնն է, երբ քաղաքական խօսոյթը չի սահմանափակւում միայն գործող իշխանութեան քննադատութեամբ, այլ վերածւում է զարգացման մրցակցող տարբերակների համեմատութեան։ Անհրաժեշտ է խօսել ոչ միայն իշխանութեան ձախողումների մասին, այլ նաեւ, եւ յատկապէս՝ այլընտրանքային լուծումների եւ քաղաքական ծրագրերի մասին։ Հանրութեանը պէտք է ներկայացուի ոչ միայն իշխանութեան քննադատութիւն, այլեւ պետական զարգացման այլընտրանքային եւ իրագործելի տեսլական՝ որպէս քաղաքական ընտրութեան իրական հիմք։
Հոգեբանական առումով քաղաքացին քաղաքական-ընտրական գործընթացները պէտք է ընկալի ոչ միայն որպէս սուր հակադրութիւնների հերթական շրջափուլ, այլեւ իրական քաղաքական ընտրութեան հնարաւորութիւն՝ կայունութեան, անվտանգութեան եւ պետական համակարգային վերականգնման մրցակցող ձեւաչափերի միջեւ։ Այդպիսի միջավայրում քաղաքական պայքարը վերադառնում է իր հիմնական գործառոյթին՝ հանրային շահերի ողջամիտ բաշխման եւ զարգացման ռազմավարութիւնների համեմատական գնահատման դաշտ, որտեղ ընդդիմութիւնը տեսականօրէն ունի զգալի առաւելութիւն:
Երրորդ. ընդդիմութիւնը պէտք է կարողանայ արագ եւ համակարգուած հակազդել տեղեկատուական մանիպուլեացիաներին։ Ժամանակակից քաղաքական մրցակցութիւնում տեղեկատուական դաշտը դարձել է քաղաքական պայքարի հիմնական կառուցուածքային հարթութիւնը, որտեղ օրակարգի ձեւաւորման վերահսկողութիւնը յաճախ ապահւում է գործող իշխանութեան առաջնային առաւելութիւնը։ Եթէ իշխանութիւնը տիրապետում է հանրային օրակարգի ձեւաւորման գործիքներին, ապա ընդդիմութիւնը յաճախ յայտնւում է հակազդողի՝ պաշտպանուողի դիրքում՝ արձագանքելով արդէն ձեւաւորուած տեղեկատուական հոսքերին եւ շրջանակաւորումներին։
Հետեւաբար արդիւնաւետ քաղաքական հակազդեցութիւնը չի կարող սահմանափակուել առանձին յայտարարութիւններով կամ ինքնաբուխ արձագանքներով։ Անհրաժեշտ է գործարկել ինտելեկտուալ, մեդիայ եւ փորձագիտական հակակշռող համակարգային մեխանիզմներ, որոնք հնարաւորութիւն կը տան ոչ միայն արձագանքել տեղեկատուական մանիպուլեացիաներին, այլ նաեւ նուազեցնել դրանց օրակարգային ազդեցութեան արդիւնաւետութիւնը։
Յունիսի 7-ի ընտրութիւնները դարձել են ոչ միայն քաղաքական ուժերի մրցակցութեան, այլ նաեւ քաղաքական մշակոյթի եւ պետական մտածողութեան տրամագծօրէն հակադիր մօտեցումների եւ ընկալումների բախման դաշտ։ Հայաստանը կանգնած է ռազմավարական ընտրութեան առջեւ. շարունակել զարգանալ հասարակական բեւեռացման, փոխադարձ ատելութեան եւ հակադրութիւնների խորացման տրամաբանութեան ներքոյ, թէ աստիճանաբար վերականգնել քաղաքական բանականութեան, համակարգային կայունութեան եւ հանրային համերաշխութեան դաշտը։ Քաղաքական-քարոզչական մանիպուլեատիւ տեխնոլոգիաները, վախի, ատելութեան եւ բացառման վրայ կառուցուած մարտավարութիւնը կարող են կարճաժամկէտում ապահովել իշխանութեան պահպանման արդիւնաւետութիւն, սակայն քաղաքական տեսութեան տեսանկիւնից որեւէ համակարգ չի կարող երկարաժամկէտ կայունութիւն ապահովել, եթէ այն հիմնուած է հասարակութեան ներսում պառակտման եւ թշնամանաքի գեներացման վրայ։
Հայաստանի համար այս փուլում մարտահրաւէրը միայն քաղաքական իշխանութեան փոփոխութեան կամ պահպանման հարցը չէ, այլ այն՝ թէ ինչպիսի քաղաքական եւ հասարակական համակարգ է ձեւաւորուելու այս գործընթացների արդիւնքում։ Յենց այդ պատճառով յունիսի 7-ի ընտրութիւնները ոչ միայն հերթական ընտրական փուլ են, այլ՝ Հայաստանի քաղաքական զարգացման ռազմավարական ուղղութեան եւ պետական ձեւաչափի ընտրութեան առանցքային հանգրուան:
