Մոսկուան չի կարող ընդունել պաշտօնական Երեւանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցութեան հարցում որդեգրած գիծը, ըստ որի՝ անդամակցութիւնը պահպանում են, քանի դեռ չի յաջողուել անդամակցել Եւրամիութեանը։
ՌԴ Անվտանգութեան խորհրդի յատուկ աշխատանքային խմբի նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Իհարկէ, Մոսկուայում չէն կարող ընդունել այն գիծը, որն այսօր վարում է Հայաստանի ղեկավարութիւնը, որ նա կը պահպանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանն այնքան ժամանակ, քանի դեռ, այսպէս ասած, չի անցել Եւրոպական միութեան անդամակցութեանը: Նման մօտեցումները մէզ չէն կարող բաւարարել. դրանք բացարձակապէս անընդունելի են»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նա յիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եւրասիական տնտեսական միութեան մասին պայմանագիրը, ինչպէս նաեւ Եւրասիական տնտեսական միութեան յետագայ զարգացման վերաբերեալ փաստաթղթերը մինչեւ 2030 թուականը եւ մինչեւ 2045 թուականը։ Դրանցում յստակ նշուած է, որ Հայաստանը, ինչպէս միութեան միւս անդամները, պարտաւոր է պահպանել պայմանագրի դրոյթները եւ խուսափել այնպիսի գործողութիւններից, որոնք կարող են վտանգել, խոչընդոտել կամ սպառնալ եւրասիական տնտեսական ինտեգրացիային։ «Միաժամանակ երկու միութեան անդամ լինելը, ըստ կարգի, անհնար է։ Ինչպէս ասում են՝ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու հարսանիքների ժամանակ պարել»,- յաւելել է Գալուզինը։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցութեան հարցը միայն պոպուլիստական կարգախօս է, որն օգտագործում են Բրիւսելում, նոյն մեթոդները կիրառւում էին եւ Ուկրաինայի, եւ Մոլդովայի նկատմամբ, իսկ այսօր կիրառւում են Հայաստանի նկատմամբ, նկատել է բարձրաստիճան դիւանագէտը։
Յիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ ապրիլի 1-ին կայացած բանակցութիւնների ժամանակ նշել է, որ Եւրամիութեան եւ ԵԱՏՄ-ի հետ մաքսային միութիւնում գտնուելն ըստ սահմանման անհնար է: Աւելի ուշ՝ մայիսի 9-ին, նա առաջարկել է Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) հերթական գագաթնաժողւում քննարկել ԵՄ-ի շուրջ Հայաստանի ծրագրերի հարցը: Նա նաեւ ակնարկել էր, որ Երեւանը պէտք է հնարաւորինս արագ կողմնորոշուի եւ նոյնիսկ ԵԱՏՄ-ԵՄ ընտրութեան հարցով հարցով հանրաքուէ անցկացնի։
«Հրապարակ օրաթերթ»
