Արտաքին աշխարհում՝ եւրոպական արժէքների կրող, իսկ ներքին քաղաքական կեանքում՝ դասական բռնապետական բարքեր

Արտաքին աշխարհում՝ եւրոպական արժէքների կրող, իսկ ներքին քաղաքական կեանքում՝ դասական բռնապետական բարքեր

«Ժողւուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մայրաքաղաքում՝ մայիսի 7-ին, տեղի կ’ունենայ Եւրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որին կը հրաւիրուած են մի շարք եւրոպական պետութիւնների ղեկավարներ եւ խորհրդարանների ներկայացուցիչներ՝ քննարկելու ամենակիրառական հարցեր՝ անվտանգութեան, միգրացիայի, ենթակառուցուածքների ու քաղաքական համագործակցութեան շուրջ։

Եւրոպական միութիւնն էլ շտապ քայլերով խորացնում է համագործակցութիւնը Երեւանի հետ՝ նախատեսելով նաեւ առաջին EU–Armenia գագաթնաժողովը։ Միաժամանակ, ԵՄ-ն եւ Հայաստանը առաջատար քայլեր են անում վիզայի ազատականացման ուղղութեամբ՝ երկկողմանի Visa Liberalisation Action Plan-ը արդէն քննարկւում է կառավարական մակարդակում։ Սպասւում է, որ գարնանը կը հրապարակուի ԵՄ գնահատումը այս ծրագիրը կեանքի կոչելու ընթացքի մասին, ինչը կարող է լինել կարեւոր լեգիտիմ քայլ դէպի վիզաազատական ճանապարհ։

«Ժողւուրդ» օրաթերթին իշխանական ՔՊ-ի ներսում առկայ խօսակցութիւններից ի յայտ դարձաւ, որ մայիսի համաժողովի օրերին իշխանութիւնը կը ստանայ ստորագրուած փաստաթուղթ։ Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երեւանում, ինչպէս նաեւ վիզաների ազատականացման շուրջ հնարաւոր նախաստորագրումները, իշխանութեան համար կարող են ներկայացուել որպէս արտաքին քաղաքական նշանակալի ձեռքբերումներ։

«Ժողւուրդ» օրաթերթը դիմեց կառավարութեանը՝ մեկնաբանութիւն խնդրելով, սակայն մեր հարցերը մնացին անպատասխան։

Սակայն աշխարհաքաղաքական աջակցութիւնը չի կարող մեծ արժէք ունենալ այն պայմաններում, երբ երկրի ներսում շարունակւում են ընդդիմախօսների նկատմամբ քրէական հետապնդումները, քննադատութեան համար կալանքները, հոգեւորական քաղբանտարկեալների եւ քաղաքական ճնշումները։

Արեւմտեան հարթակներում ստացուած աջակցութիւնը, որքան էլ կարեւոր լինի, չի կարող փոխարինել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը եւ իրաւական պետութեան իրական կայացմանը։ Հակառակ դէպքում ստացւում է պարադօքս․ արտաքին աշխարհում իշխանութիւնը փորձում է ներկայանալ որպէս եւրոպական արժէքների կրող, մինչդեռ ներքին քաղաքական կեանքում՝ դասական բռնապետական բարքեր են»։

Share