Զարգացման անուան տակ Ադրբեջանը մշակութային ժառանգութիւն է ոչնչացնում Արցախում. ահազանգում են գիտնականները

Զարգացման անուան տակ Ադրբեջանը մշակութային ժառանգութիւն է ոչնչացնում Արցախում. ահազանգում են գիտնականները

Մարինէ Մարտիրոսեան — Նարեկ Ալեքսանեան
hetq.am-
Այսօր հայ գիտնականներն Արցախի ներկայ վիճակի մասին տեղեկութիւններ վերցնում են միայն արբանեակային լուսանկարներից ու ադրբեջանական մեդիադաշտից. այլ հնարաւորութիւն չկայ: Նրանք հետեւում են Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացման, վնասման դէպքերին, դրանք գրանցում ահազանգերի բաժնում, փորձում հասկանալ Ադրբեջանի վարած մշակութային քաղաքականութեան շերտերը: Գիտնականները սա անում են՝ ցաւը սեղմելով, առանց յուզական դրսեւորումների, ակադեմիական անկողմնակալութեամբ: Նրանց փաստագրական աշխատանքի արդիւնքը հասնում է մինչեւ Հաագայի միջազգային դատարան, Եւրախորհդրարան: Հեղինակները, սակայն, մնում են վարագոյրից այն կողմ:

Ի՞նչ է կատարւում Արցախում ներկայում, ի՞նչ մշակութային ժառանգութիւն է ոչնչացւում, ինչպե՞ս է ջնջւում հայկական հետքը, ի՞նչ մշակութային ժառանգութիւն ունենք Արցախում, եւ դրա հանդէպ ի՞նչ մշակութային քաղաքականութիւն է վարում Ադրբեջանը. այս եւ այլ հարցերի պատասխաններ են հետազօտում «Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» (Monument Watch) ծրագրի անդամները:

Նախաձեռնութիւն, որի «հեղինակը» պատերազմն էր
44-օրեայ պատերազմի առաջին օրերն էին: Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր, ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսեանն իր ուսանողներից մի քանիսի հետ մեկնել էր Արցախ՝ այնտեղ գտնուող թանգարանային, հնագիտական հաւաքածուներն անվտանգ վայր տեղափոխելու համար: Պրոֆեսոր Պետրոսեանն ասում է՝ ոչ մէկի մտքով չէր անցնում, որ նման վախճան պէտք է լինէր: Պատէրազմից յետոյ, սակայն, պարզ էր, որ անհրաժեշտ է մշտադիտարկել Արցախի մշակութային ժառանգութեան վիճակը:

«Monument Watch-ի ստեղծման գաղափարի «հեղինակը» դարձաւ հէնց ինքը՝ 44-օրեայ պատերազմը: Այնպէս չէ, որ յատուկ միտք ունէինք, ուղղակի իրավիճակն այնպիսին էր, որ շատ յանկարծակի այդ ամէնը տեղի ունեցաւ»,- նշում է Monument Watch ծրագրի գիտական ղեկավարը:

Նախաձեռնութեան մասին զրուցել էին նաեւ 44-օրեայի ժամանակ Հայաստանում գտնուող Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների ազգային ինստիտուտի (INALCO, Փարիզ) պրոֆէսոր, հետազօտող, դասախօս Աննայ Լեյլոյեան-Եկմալեանի հետ: Նա Monument Watch ծրագրի միւս գիտական ղեկավարն է: Հ. Պետրոսեանը նշում է, որ իրենք, տասնամեակներով աշխատելով Արցախում, մասնագիտօրէն լիովին պատրաստ էին այս ծրագրին, այնինչ այսօր շատերն Արցախին անդրադառնում են աւելի շատ յուզական ֆոնով, բայց ոչ մասնագիտական կարողութիւնների դիտանկիւնից:

Monument Watch-ի թիմը, ըստ «Հետքի» զրուցակցի, նախեվառաջ ձեւաւորուել է մասնագիտական կարողութիւնների հիման վրայ: Թիմում ունեն լաւ հնագէտներ, ճարտարապետներ, մշակութային քաղաքականութեան մասնագէտներ, ինչը հնարաւորութիւն է տալիս հասկանալու, թէ Ադրբեջանն ինչ է ուզում եւ ինչ է անում Արցախում:

Աշխատանքներն սկսել են 2020 թ. նոյեմբերի 9-ից յետոյ: 6 ամիս անց՝ 2021 թ. մայիսի 15-ին, գործարկուել է Monument Watch-ի եռալեզու կայքը՝ հայերէն, ռուսերէն, անգլերեն: Ծրագրային թիմի գործունէութեան հիմքում դրուել է ակադեմիական չէզոքութեան սկզբունքը:

«Մեր խնդիրն է ներկայացնել իրականութիւնը, օբյեկտիւութիւնը, ակադեմիական տեսանկիւնից դիտարկել մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրները»,- նշում է Monument Watch ծրագրի գործառնական պատասխանատու, ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի ասիստենտ, պատմական գիտութիւնների թեկնածու Հայկուհի Մուրադեանը:

Պրոֆեսոր Պետրոսեանը նշում է, որ իրենք հանդէս չէն գալիս որպէս պրոպագանդիստներ, հակապրոպագանդայով չէն պատասխանում Ադրբեջանին, այլ հետազօտում են մասնագիտական կարողութիւնների եւ ակադեմիական բարեւարքութեան սահմաններում։ «Սա շատ կարեւոր է այն առումով, որ ցաւը յաճախ ստիպում է դիմել ե՛ւ չափազանցութեան, ե՛ւ յուսահատութեան, ե՛ւ սրան-նրան ամօթանք տալուն, ինչը նոյնպէս մարդկային է եւ ընդունելի, բայց հազիւ թէ տեղին է գիտական հանրոյթի համար։ Այսինքն՝ ցաւերը, որ մէզնից ամէն մէկն ունի, կորուստները, որ ունեցել ենք, այդ ամէնը պէտք է էապէս չերեւան այն գործում, որին հետեւում ենք։ Այս տեսակէտից մեր դասէրն աւելի խորքային ու ընդարձակ են»,- ասում է Համլետ Պետրոսեանը, որը նաեւ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգութեան ուսումնասիրութեան խմբի ղեկավարն է:

Նրա դիտարկմամբ՝ երբ խօսում ենք մշակութային ժառանգութեան մասին, յաճախ բաւարարւում ենք արձանագրումով, որ Ադրբեջանն այս բնակավայրը կամ յուշարձանը ջնջեց, այսինքն՝ վաւերացնում ենք նիւթականացուած վանդալիզմի հետքերը, ինչը, սակայն, ստուերում է Ադրբեջանի շատ աւելի խորամանկ քաղաքականութիւնը:

«Մենք միայն ռազմականօրէն չենք պարտուել»
Այսօր Արցախում Ադրբեջանի վարած մշակութային քաղաքականութեան երեք մօտեցում է առանձնացնում պրոֆէսոր Պետրոսեանը:

Առաջինը օկուպանտական քաղաքականութիւնն է: Ադրբեջանը յայտարարում է, թէ իբր հայերն օկուպացրել են իրենց երկիրը, եւ որ անկախութեան տարիներին ստեղծուած ամբողջ ժառանգութիւնը օկուպանտական է: Եւ ըստ ադրբեջանցիների՝ որեւէ դատաւոր կամ դատարան չի կարող իրենց ասել, թէ ինչու են ոչնչացնում իրենց տարածքում օկուպանտների թողածը: «Հայաստանի այսօրուայ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը, կարծես թէ, լիովին բաւարարում է այդ մօտեցումներին»,- նկատում է գիտնականը:

Երկրորդ մօտեցումն այն է, որ Ադրբեջանը ոչ թէ մտադիր է ոչնչացնել համաշխարհային մշակութային ժառանգութեան դասական օրինակները, օրինակ՝ Դադիւանքը, Գանձասարը կամ Ամարասը, այլ ասել, որ դրանք հայկական չէն:

«Այսինքն՝ ադրբեջանական քաղաքականութեան երկրորդ կարեւորագոյն լծակն է՝ մինչեւ 19-րդ դարը եղած ժառանգութիւնը համարել ոչ թէ հայկական, այլ աղուանական։ Դրա միակ հիմքն այն է, որ Արցախն ու Ուտիքը մօտաւորապէս 5-րդ դարի կէսերից մտնում էին Աղուանից կաթողիկոսութեան մէջ։ Աղուանից կաթողիկոսութիւնը Հիւսիսային Կովկասի ցեղերի, Մերձկասպեան տափաստաններում ապրող բնիկների եւ Արցախի ու Ուտիքի հայութեան միասնական եկեղեցին էր։ Կաթողիկոսները խօսում էին միայն հայերէն, գիտեին հայերէն, գրում էին հայերէն, բայց իրենք իրենց յորջորջում էին աղուանից կաթողիկոս»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս մասին ընդունուած չէ բարձրաձայն խօսել, գրել, բայց իրենց հետազօտական թիմի համար կարեւոր են գիտական անկեղծութիւնն ու փաստերը չաղաւաղումը:

Երրորդ մօտեցումը, որ յաճախ անտեսւում է, արհեստական բանականութեան (ԱԲ) օգտագործումն է ադրբեջանական քաղաքականութեան մէջ:

«Օրինակ՝ արձանագրութեան մէջ կարդում եմ. ես՝ Հասան Ջալալ, կանգնեցրի խաչս վասն փրկութեան։ Արհեստական բանականութեան 40-100 օգտատէրեր գրում են՝ Համլետ Պետրոսեանի այս ընթերցածը կասկած է յարուցում: Հասկանո՞ւմ եք։ Եւ այդպէս մեր բոլոր կարեւոր ձեռքբերումները, որոնք «2 x 2 = 4» են, այսօր արհեստական բանականութեան հմուտ օգտագործման շնորհիւ Ադրբեջանի կողմից կասկածի տակ են առնւում: Յուշարձանագէտ Սամուել Կարապետեանի կատարած աշխատանքները, իմ գրածները կամ հայագէտների արած լուրջ պնդումները հրապարակային կասկածի տակ են առնում»,- ասում է Հ. Պետրոսեանը՝ աւելացնելով, որ չի կարծում, թէ այդ տեսակէտից պայծառ ապագայ է սպասւում մէզ:

«Սա ընդհանուր մօտեցումն է, որ ուզում եմ, որ մեր ընթերցողները, մարդիկ, ովքեր ընդհանրապէս մտածում են այս մասին, հասկանան. մենք միայն ռազմականօրէն չենք պարտուել: Չեմ ուզում խօսել տրաւմայի, հոգեբանական խնդիրների մասին, արցախահութեան այսօրուայ կատաստրոֆիկ վիճակի մասին, բայց որպէս ինտելեկտուալ, զգում եմ նաեւ ինտելեկտուալ ասպարեազում, որտեղ միանշանակ առաջամարտիկ ենք եղել, ու Ադրբեջանի ոչ մի հնագէտ, պատմաբան չէր կարող մէզ հետ ոտք գցել, հիմա շնորհիւ ինչ-որ քաղաքականութեան, ինչ-որ տեխնոլոգիաների, կարծես թէ, այդ ամէնը էապէս փոխւում է, եւ մեր խնդիրը՝ այսպէս կոչուած, միջազգային գիտական հանրոյթին գիտական ճշմարտութիւններ ներկայացնելը, շատ աւելի դժուարանում է»,- պարզաբանում է Monument Watch-ի գիտական ղեկավարը:

Արցախում Ադրբեջանը զարգացման անուան տակ գերեզմանոցներ է ոչնչացնում
Համլետ Պետրոսեանը նշում է, որ Ադրբեջանի համար ամենամեծ խոչընդոտը 18-19-րդ դարերի արցախեան բնակավայրերն են, որոնք կազմում են բնակավայրային համալիրների աւելի քան 95 տոկոսը։ Դա, ըստ մեր զրուցակցի, նշանակում է, որ արցախեան բոլոր բնակավայրերն ունեն որոշակի ճարտարապետական կերպար, դրանցում կան գերեզմանոցներ, եւ եղած հնութիւնների մի մասը թուագրւում է 9-10-րդ դարերով, շատ են 13-14-րդ դարերի յուշարձանները, իսկ 18-19-րդ դարերինը՝ աւելի շատ:

Ներկայում Ադրբեջանի կողմից հայկական յուշարձանների, գերեզմանոցների ոչնչացման պատրուակներից մէկը ճանապարհաշինութիւնն է: Օրինակ՝ Սղնախի, Շուշիի, Եղցահողի եւ այլ բնակավայրերի գերեզմանոցները քանդել են իբր զարգացում բերելու պատճառաբանութեամբ:

«Ադրբեջանն այսօր տենդագին ծրագրեր է մշակում՝ զարգացման անուան տակ բնաջնջելու 18-19-րդ դարերի հայկական հետքերը»,- ասում է գիտնականը: Ստեղծուած իրավիճակում, ըստ նրա, հայկական կողմը, Հայաստանի իշխանութիւնը կարող է գոնէ խաղաղութեան պայմանագրի շրջանակներում յատուկ ուշադրութիւն դարձնել մշակութային ժառանգութեան խնդիրներին: «Գերեզմանոցը հոյ Ադրբեջանի թշնամին չէ, որ տանեն դատէն: Մշակոյթը, իմ կարծիքով, յատուկ վերաբերմունքի դէպքում ամենաչէզոք մի բան է։ Կարճ ասած՝ չկայ յուշարձան, չկայ պատմութիւն, չկայ յիշողութիւն»,- եզրափակում է գիտնականը:

Ի՞նչ են հետազօտում
Monument watch-ի թիմը մի քանի ուղղութիւնով է շարժւում: Նախեվառաջ, ըստ ծրագրի գործառնական պատասխանատու Հայկուհի Մուրադեանի, ներկայացնում են նիւթական ժառանգութիւնը: Մինչ օրս կայքում տեղադրել են տեղեկութիւններ 400 յուշարձանի մասին, որոնք ներկայացուած են ակադեմիական, մասնագիտական նկարագրութեամբ: 44-օրեայ պատերազմից յետոյ, երբ Արցախը դեռեւս հայկական վերահսկողութեան տակ էր, աշխատակից ունէին Արցախում, որը կարողանում էր տեղում մոնիտորինգ իրականացնել, ներկայացնում էին յուշարձանների վիճակը, ուխտագնացութիւնները, վանդալիզմի դէպքերը:

2023 թ․ Արցախի ամբողջական կորստից յետոյ մոնիտորինգը կատարւում է մեդիադաշտի ուսումնասիրութեան եւ արբանեակային լուսանկարների միջոցով։

Մինչ օրս կայքում տեղադրուել է 250 ահազանգ, որոնք բարձրաձայնում են Արցախում յուշարձանների, թանգարանների, պատմական գերեզմանոցների աւերման, ոչնչացման մասին: Ահազանգերը ներկայացնում են փաստէրով:

«Մի կողմից՝ ներկայացնում ենք մշակութային ժառանգութիւնը, թէ ինչ ունէինք, թուային ճանապարհով պահպանենք, հանրայնացնենք եւ փոխանցենք, միւս կողմից՝ խօսում ենք մշակութային ժառանգութեան ոչնչացման դէպքերի մասին, թէ Ադրբեջանն ինչ կոնուենցիաներ է խախտում, ու ինչպէս պէտք է միջազգային հանրութիւնը գոնէ արձագանքի այդ դէպքերին»,- նշում է Հ. Մուրադեանը:

Ըստ նրա՝ կայքի գործունէութեան հիմնական նպատակն է Արցախի մշակութային ժառանգութիւնը հանրայնացնելը եւ ինչ-որ կերպ վանդալիզմին կանխարգելիչ ուժ դառնալը, որովհետեւ յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ էյֆորիայի մէջ գտնուող ադրբեջանցիները յուշարձանների պղծման կամ վնասման, ոչնչացման տեսանիւթեր էին արագօրէն հրապարակում տարբեր սոցցաներում, բայց այսօր շատ զգուշաւոր են դարձել, ու դժուար է լինում ֆիքսել, փաստագրել, թէ իրականում հիմա ինչ է տեղի ունենում:

Ծրագրային թիմի հետազօտական աշխատանքները հրատարակւում են նաեւ առանձին գրքերով: Համլետ Պետրոսեանը նշում է, որ լուրջ մասնագիտական կենտրոններում այդ գրքերը պահանջուած են, եւ իրենք շարունակելու են այս գործը:

Արբանեակային լուսանկարներ եւ փաստահաւաք աշխատանք
Monument Watch-ը համագործակցում է տարբեր կազմակերպութիւնների հետ: Հ. Պետրոսեանն ու Հ. Մուրադեանն առանձնացնում են շեշտում են «Կովկասեան ժառանգութեան մշտադիտարկում» ծրագիրը (Caucausus Heritage Watch), որն արբանեակային լուսանկարներով արձանագրում է ադրբեջանցիների կողմից մշակութային վանդալիզմի դէպքերն Արցախում:

Հայկուհի Մուրադեանը յատկապէս կարեւորում է փաստահաւաք աշխատանքն ու նշում, որ միջազգային մարմինների որոշումների եւ բանաձեւերի հիմքում հէնց փաստահաւաք աշխատանքն է:

Monument Watch-ի գործառնական պատասխանատուն ասում է, որ նպատակ ունեն չէզոք փաստահաւաք աշխատանքով օգնել միջազգային կենտրոններին եւ դառնալ այն հիմնական աղբիւրը, որին յղում անելով, այդ կենտրոններն իրենց գործն առաջ կը տանեն, իսկ իրենք կը դառնան չէզոք ակադեմիական աղբիւր:

Ադրբեջանը երբեմն կարող է մոլորեցնել կեղծ վանդալիզմի դէպքերով
Պրոֆեսոր Պետրոսեանը եւս նկատում է, որ Արցախում հայկական մշակութային ժառանգութեան փաստագրման գործընթացն այսօր բարդացել է: Ընդգծում է, որ Ադրբեջանն սկսել է նաեւ վանդալիզմի կեղծ դէպքեր տարածել, որպէսզի հայկական կողմը աղաղակի աշխարհով մէկ այդ մասին, իսկ յետոյ իրենք յայտարարէն, թէ հայերի տարածած լուրերը սուտ են:

Monument Watch-ի գիտական ղեկավարն ասում է, որ իրենք յաճախ չէն գրում մշակութային ժառանգութեան այն ոչնչացումների կամ խեղումների մասին, որոնց վերաբերեալ համոզուած չէն եւ հասկանում են, որ այդպէս կարող են Ադրբեջանի կեղծիքի թակարդն ընկնել:

Ֆինանսական դժուարութիւնները
Թիմն աշխատում է ֆինանսական դժուարութիւններով, բայց Հ. Պետրոսեանը նշում է, որ կան աջակիցներ, որոնք իրենց կողքին են: «Արտեմ Քոչարեանի, Ռուբէն Գալչեանի, մոսկովեան «Դիալոգ» ՀԿ-ի անուններն եմ յատուկ ուզում շեշտել, որովհետեւ նեղն ընկած տեղն իրենք միշտ օգնութեան են հասնում մէզ: ՀՀ կառավարութիւնն էլ ինչ-որ չափով մէզ աջակցում է: Ճիշտ է, փոքրանում է այդ աջակցութիւնը, բայց դա էլ կայ, ինչի համար շնորհակալ ենք»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:

«Մի քանի անգամ ասել եմ, ինչ-որ մարդկանց դուր չի եկել. այդպէս 19-րդ դարի վերջում աշխատում էին Մխիթարեան միաբանութիւնում, երբ մարդիկ ուղղակի իրենց նուիրում էին՝ ո՛չ պետութիւն կար, ո՛չ հովանաւոր, հիմա մենք այդ կարգավիճակում ենք։ Քանի անգամ կողքից ակնարկներ են հնչել՝ ինչո՞ւ Արցախի մշակութային ժառանգութիւն, ինչո՞ւ ոչ Ղարաբաղ: Այսինքն՝ մէզ պիտի պարտադրէն, թէ ինչ եզրաբանութիւն օգտագործենք։ Մենք կարո՞ղ ենք խօսել Անիի, Վասպուրականի, Վանի մասին, թե՞ պիտի թուրքական համապատասխան վիլայեթների անուններով խօսենք։ Իրավիճակն այնպիսին չէ, որ զգանք, թէ մէզ թեւաւորում են, աջակցում են, ոչ, ուղղակի մէզ նման եզակի մարդիկ կան, որոնք օգնում են, ինչի համար շնորհակալ եմ»,- ասում է գիտնականը:

Այդուհանդերձ, շեշտում է, որ անկախ ստեղծուած իրավիճակից՝ իրենք շարունակելու են աշխատել: Նշում է, որ այսօր Արցախի մշակութային ժառանգութեան վերաբերեալ պետական քաղաքականութիւն չի տարւում:

«Ես Դուինի արշաւախմբի ղեկավարն եմ, կարող եմ, չէ՞, ասել՝ ցտեսութիւն, Արցայ՛խ, ես Դուինով եմ զբաղւում: Եւ մարդիկ իրաւունք ունեն, շատերը վերադիրքաւորւում են, վերակողմնորոշւում են։ Հիմա այս ծանր պայմաններում որեւէ մէկին ասել՝ ինչո՞ւ չես գրում Արցախի մասին… Արցախին փող չէն տալիս, չէն յարգում, ինչքա՞ն պիտի բոլորին համոզեմ: Արժանապատուութիւնից հասկացող մարդիկ կան, որոնք քիչ չէն, բայց ցրուած են, միաւորուած չէն․․․ Մենք, կարծես, մի փոքրիկ օազիս լինենք եւ այդպէս էլ փորձելու ենք շարունակել»,- ասում է Monument watch-ի գիտական ղեկավարը:

«Ամենամեծ մարտահրաւէրը մեր անտարբերութիւնն է»
-Պարոն Պետրոսեան, ո՞րն եք համարում մեր ամենամեծ մարտահրաւէրը:

-Ամենամեծ մարտահրաւէրը համարում եմ մեր անտարբերութիւնը մեր ճակատագրի հանդէպ, ամենամեծ մարտահրաւէրը քաղաքական հանրոյթ ստեղծելու մեր անկարողութիւնն է։ Երբեմն լինում է՝ մարդիկ պարտւում են, պետութիւնները պարտւում են, բայց երբ քո գաղափարի չափով հասկանում ես, որ պարտուած լինելը մեր կեցութեան ձեւն է…- արձագանքում է գիտնականն ու, թուարկելով անցեալի օրինակները, նշում, թէ ստացւում է, որ մեր նախնիներն էլ մէզ նման են ապրել՝ ոչինչ չէն նախաձեռնել, տրտնջացել են իրենց վիճակից ու սպասել փրկիչների՝ խաչակիրներ, ռուսներ եւ այլն:

-Եթէ էական աշխարհաքաղաքական փոփոխութիւն չլինի, հազիւ թէ մեր վիճակը լաւանայ։ Մենք ցոյց տուեցինք, որ ի վիճակի չենք, եւ դա ինձ համար ամենամեծ մարտահրաւէրն է, ամենամեծ ողբերգութիւնը։ Սա համազգային պարտութիւն է, համազգային ողբերգութիւն, եւ ինձ համար բացարձակապէս ընդունելի չէն այդ լաւատեսական շինծու նոտաները, եւ դրա ամենակարեւոր վկայութիւններից մէկը մեր անտարբեր վիճակն է Արցախի ժառանգութեան հանդէպ,- եզրափակում է Համլետ Պետրոսեանը:

Share