ինչ քայլեր է անում ՀՀ-ն Արցախի Հանրապետութեան նախկին ու ներկայ ղեկավարներին հայրենիք վերադարձնելու ուղղութեամբ

ինչ քայլեր է անում ՀՀ-ն Արցախի Հանրապետութեան նախկին ու ներկայ ղեկավարներին հայրենիք վերադարձնելու ուղղութեամբ

«Ժողւուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրայ տեղակայուած Հակարիի ապօրինի անցակէտում ձերբակալեց, ինչի մասին յայտնեց նրա կինը: Աւելի ուշ Ադրբեջանը յայտնեց, որ Վարդանեանը կալանաւորուեց 4 ամսով։

Ռուբէն Վարդանեան — Դաւիթ Մանուկեան

Ադրբեջանի ԱԱԾ-ն նաեւ յայտնեց, որ ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դաւիթ Մանուկեանը եւս ձերբակալուած է, որը, ըստ «Ժողւուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկութիւնների, եղել է Ռուբէն Վարդանեանի մեքենայում, այսինքն՝ նրանք ձերբակալուել են նոյն օրը: Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական լրատուամիջոցներում տարածուեց տեղեկութիւն, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը եւս գերեւարուած է:

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեան


Հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական մամուլը սկսեց տարածել լուսանկարներ, տեսանիւթեր նաեւ գերեւարուած նախագահների՝ Բակոյ Սահակեանի, Արայիկ Յարութիւնեանի, Արկադի Ղուկասեանի մասնակցութեամբ: Սա դեռ միայն պաշտօնեաների մակարդակում տեղի ունեցած գերեվարութիւններն են, եւ միայն վերջին օրերին: Հարիւրաւոր, եթէ ոչ հազարաւոր խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ, անչափահասներ այսօր Ադրբեջանի գերեւարութեան մէջ են:

Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս կապակցութեամբ հայկական արդէն միակ պետութիւնը՝ Հայաստանը: Այն մարմինները, որոնք որ, ենթադրւում է, պէտք է գործունէութիւն ծաւալեին այս ուղղութեամբ, բազմաբովանդակ լռում են: «Ժողւուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել պետութեան ղեկավար մարմիններին՝ հասկանալու, թէ ինչ քայլեր է անում ՀՀ-ն 2020թ. պատերազմի ընթացքում եւ յետոյ գերեւարուածներին, 2023թ. գերեւարուած Արցախի Հանրապետութեան 3 նախագահներին եւ ռազմաքաղաքական նախկին ու ներկայ ղեկավարներին հայրենիք վերադարձնելու ուղղութեամբ:

Նաեւ խնդրել ենք կոնկրէտ նշել՝ վերջին քայլը Հայաստանի կողմից որն է եղել այդ ուղղութեամբ, երբ եւ ինչ պատասխան է տուել Ադրբեջանը դրան: Նախագահն իր աշխատակազմով թեեւ փայլում է հարցումներին պատասխանելու արագութեամբ, սակայն նոյնը չի կարելի ասել նրա գործունէութեան հետ կապուած: «Արտաքին քաղաքականութեան բնագաւառում Հանրապետութեան նախագահի լիազօրութիւններն ամրագրուած են Սահմանադրութեամբ: Ձեր գրութեան մէջ արծարծուած հարցերը վերաբերելի չէն Հանրապետութեան նախագահի` Սահմանադրութեամբ սահմանուած լիազօրութիւններին եւ գործառոյթներին»,- տեղեկացնում են նախագահականից:

Այս ամէնից կարելի է ենթադրել, որ պարոն Խաչատուրեանի լիազօրութիւնների մէջ է մտնում միայն ծնունդներ շնորհաւորելն ու դեսպաններին ընդունելը, իսկ թէ այդ ընթացքում Հայաստանը կը շարունակի արդյօք քարտէզի վրայ լինել, կամ լինելու դէպքում էլ մարդ կը մնա արդյօք ներսում, թէ բոլորը կգերեւարուէն, միեւնոյնն է: Կարճ ասած, եկէ՛ք տխուր բաներից չխօսենք:

Share