Ինչի մասին է ապագան եւ հնարաւոր ընտրութիւնները

Ինչի մասին է ապագան եւ հնարաւոր ընտրութիւնները

Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Իշխանութիւնն ինչ կազմով, ինչ տեսքով էլ գնայ ընտրութեան՝ առաջ է քաշելու երկու գաղափար՝ «Խաղաղութիւն» եւ «Արդարութեան վերականգնում»։ Նիկոլի հրապարակային վերջին բոլոր ելոյթները դրա մասին են, եւ ըստ էութեան նա նախընտրական փուլում է։ Նա ուրիշ ասելիք չունի։


Առաջինը ենթադրում է՝ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, երկրորդը՝ «թալանը հետ բերէնք»։
Նիկոլն ունի պատմական ամենաբարձր անտիռեյտինգը, բոլոր սոցիոլոգները դա գիտէն, բայց դա չի նշանակում, որ հնարաւոր չէ նորից խաբել ժողովրդին։ Միանգամայն հնարաւոր է, եթէ պայմանները լինէն նոյնը։ Նիկոլն այսօր անապատի վարչապետն է, դիմացը ոչինչ չկայ, դրա համար էլ ինչ ուզում՝ ասում է, եւ եթէ ընտրութիւնները լինէն նոյն պայմաններում, նա յաջողելու է։


Նշուած բովանդակութիւնը հասարակութեան վրայ ծախելու պրոցեսը պահանջելու է տեխնոլոգիայ, եւ դա լինելու է առճակատումը, արհեստական բարիկադաւորումը։ Նիկոլն ամէն ինչ անելու է հասարակութիւնը բաժանելու համար.

1. Խաղաղութեան եւ պատերազմի կողմնակիցների
2. Արեւմտամէտների եւ ռուսամէտների
3. «Թալանը պաշտպանողների» եւ «թալանը հետ բերողների»

Բոլոր երեքն էլ կեղծ են, սուտ են, արհեստական։ Բայց արդէն հիմա այս բաժանումներն աշխատում են, իսկ նախընտրական փուլում նա սրելու է մինչեւ կտրուկ ներհանրային առճակատում։


Պարզ ասած՝ ստեղծելու է մթնոլորտ, համաձայն որի՝ իր դէմ կանգնածները «պատերազմի, թալան փրկելու եւ ռուսոֆիլ» շրջանակներն են։ Ընտրողների մի մասին համոզելու է, իսկ աւելի մեծ մասի մօտ կոտրելու է ընտրութեան գնալու ցանկութիւնը՝ թողնելով տներում։


Միւս կողմից, այս իշխանութեան անփոփոխ մնալը (եթէ ընտրութիւններ չէն լինում) կամ վերարտադրութիւնը Հայաստանի վերջին էջն է։ Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որ ժողովրդին խաբելու կարգախօսները չաշխատեն, ի՞նչը չի արւում, ի՞նչ է պէտք անել, որ երկրում վերջապէս նոր, ադեկուատ իշխանութիւն ձեւաւորուի ու երկիրը դուրս գայ աղէտի չդադարող փուլից։ Յաջորդ անգան հէնց սրա մասին կը խօսենք։

Share