Ելքեր սահմանադրական առճակատումից

Ելքեր սահմանադրական առճակատումից

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը գրում է․

Ցանկացած երկրում տարբեր օրէնքների, նախագծերի, բարեփոխումների շուրջ լինում են սուր հակադրութիւններ։ Դրանք կարող են ձգուել ամիսներ, ուղեկցուել բողոքի զանգուածային ակցիաներով, ներքին լարուածութեամբ։

Նման դէպքերում միշտ կայ մի գործընթաց, որն անխուսափելի է՝ բանակցութիւններ եւ հանրային քննարկում։ Քաղաքական ուժերի, իշխանութեան եւ ընդդիմութեան, իշխանութեան եւ արհմիութիւնների միջեւ եւ այլն։ Բանակցութիւնը գործիք է՝ երկիրը փակուղի չտանելու, հանրային խոր պառակտում թոյլ չտալու եւ լուծումներ գտնելու համար։

«Սահմանադրական պատերազմ»

Նոր Սահմանադրութեան եւ հանրաքուէի գաղափարն ունի ներքին առճակատման ահռելի ներուժ։ Առայժմ այն տեղաւորւում է իշխանութիւն-ընդդիմութիւն ձեւաչափում։ Այսօրուայ շեշտադրումներով՝ թեման ունակ է յանգեցնելու քաղաքական, ներպետական եւ տարածաշրջանային լուրջ փակուղու։ Մենք բոլորս կարող ենք «տեմպի տակ» ընկնել ու միասին յայտնուել հերթական բարդ փուլում։

Վատագոյն տարբերակներից խուսափելու եւ լուծումներ գտնելու համար պէտք է փորձել օգտուել քաղաքակիրթ աշխարհին յայտնի գործիքակազմերից.

  1. Բանակցութիւններ։
  2. Հասարակութեան ներգրաւում։
  3. Իշխանութեան առաջարկներին ի պատասխան՝ ընդդիմութեան հակընդդէմ առաջարկներ։

«Այո»-ից կամ «ոչ»-ից ու հանրաքուէի անցկացման հնարաւորութիւնից կամ անհնարինութիւնից զատ՝ հարցն ունի այլ լուծումներ եւս։ Ու հէնց այստեղ հանդիպում ենք լուրջ խոչընդոտի։

Բանակցութիւնների եւ քննարկումների անհնարինութիւնը

Իշխանութեան բանակցողը գործող վարչապետն է, որի արած բոլոր քայլերն իրականում անհնարին են դարձնում ներքին բանակցութիւնները, նոյնիսկ՝ անուղղակի ձեւաչափով։ Ընդդիմախօսներին անձնապէս վիրաւորելը, աջ ու ձախ մեղադրանքներ շաղ տալը, բանտարկելն ու բանտով սպառնալը ներքին բանակցութիւնների համար ստեղծում են լրջագոյն խոչընդոտներ։

Հանրային քննարկումների անհնարինութիւնը

Իշխանութիւնը պատրաստւում է հանրային քննարկման դնել նոր Սահմանադրութեան նախագիծը։ Ուզում է՝ դա լինի «խաղաղութեանը», ամենակատարեալը, թէ՝ ալիեւեանը, բայց ո՞նց քննարկես, ի՞նչ քննարկման մասին կարող է խօսք լինել, երբ քննարկողները բանտերում են։

Քաղաքական ուժերի առաջնորդները բանտերում են, բազմաթիւ քաղաքական գործիչներ, հանրային դէմքեր կա՛մ բանտում են, կա՛մ տնային կալանքի տակ։ Այս պայմաններում ի՞նչ հանրային քննարկման մասին կարող է խօսք լինել։

Իսկ առանց իրական հանրային քննարկման անհնար է սահմանադրական գործընթաց նախաձեռնել (նոյնիսկ՝ լաւագոյն նախագծի դէպքում)։ Առանց հանրային քննարկման՝ ամբողջ գործընթացի լեգիտիմութիւնը դրւում է խոր, անշրջելի հարցականի տակ։ Կեղծ քննարկումներ կազմակերպելը իրավիճակը չի փրկելու։

Հակընդդէմ առաջարկներով՝ քաղաքականացնել գործընթացը

Երբ իշխանութիւնը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լաւն են, վատն են՝ կարեւորը դա չէ, ապա ձեւական ընդդիմութիւնը, բացի մերժելուց, պէտք է հէնց ինքն իր քաղաքական առաջարկները ձեւակերպի։

Սա հանրութեան հետ երկխօսութեան քաղաքական մշակոյթի պարտադիր մաս է։ Սա նաեւ հանրային աւելի ընդգրկուն գործընթաց ստանալուն ուղղուած քայլ է։ Հակառակ դէպքում մեծ է հաւանականութիւնը՝ յայտնուելու սեփական նեղ, իւրային միջավայրի թակարդում։

Ի դէպ, այս պահին հանրային դաշտում արդէն ակտիւօրէն ձեւակերպւում են բաւականին հետաքրքիր առաջարկներ, որոնց իրականացումը իրավիճակը հանգուցալուծելու մեծ ներուժ ունի։

Խորհրդարանական ընդդիմութիւնը կարող է (պէտք է) օգտուի այդ բոլոր առաջարկներից՝ ձեւաւորելով առաջարկների հանրային լայն համախմբման փաթեթ։

Share