Միացեալ Նահանգներն այսօր ամենաինտենսիւ հարուածները կը հասցնի ծանր պարտութիւն կրող Իրանին, պատերազմի 11-րդ օրը յայտարարել է ԱՄՆ պաշտպանութեան նախարարը:
Պենտագոնում հրաւիրուած մամուլի ասուլիսին Փիթ Հեգսեթը պնդել է՝ Իրանը հիմա միայնակ է մնացել. նրա պրօքսիները կայ՛մ ջախջախուած են, կայ՛մ լուսանցք են մղուել:
Ամերիկացի պաշտօնեան նաեւ ասել է, որ յաջողութեամբ իրականացնում են իրենց առջեւ դրուած նպատակները եւ «չէն նահանջի, մինչեւ թշնամին լիովին եւ վճռականօրէն պարտութեան չմատնուի»:
«Բայց մենք կ’որոշենք, թէ դա երբ եւ ինչպէս անել: Օրինակ՝ այսօր Իրանում հարուածների ամենաինտենսիւ օրը կը լինի, կը լինէն ամենաշատ կործանիչները, ռմբակոծիչները, ամենաշատ հարուածները կը հասցուէն»,- յայտարարել է ԱՄՆ պաշտպանութեան նախարար Փիթ Հեգսեթը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Դէն Քեյնը իր հերթին պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռային կարողութիւնների զգալի մասը, նաեւ աւելի քան 50 ռազմանաւ։
Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր յայտարարել, որ Իրանի դէմ պատերազմում «հսկայական» յաջողութիւններ ունեն եւ այն կաւարտի «շատ շուտով»: Դոնալդ Թրամփը միաժամակ զգուշացրել էր՝ ռազմական գործողութիւնները դեռ կը շարունակուեն, քանզի ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, որ Իրանը դեռ երկար չկարողանայ միջուկային զէնք ստեղծել:
Այս յայտարարութիւնից առաջ Թրամփը հեռախօսով զրուցել էր Վլադիմիր Պուտինի հետ, զրոյցը, ըստ Կրեմլի, տեղի է ունեցել ամերիկեան կողմի նախաձեռնութեամբ:
Սպիտակ տան ղեկավարը նաեւ սպառնացել էր աւելի ուժեղ հարուածել, եթէ Իրանը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով նաւթի մատակարարմանը:
«Ես թոյլ չեմ տա, որ ահաբեկչական ռեժիմը պատանդ պահի աշխարհը եւ փորձի դադարեցնել աշխարհի նաւթի մատակարարումը: Եւ եթէ Իրանը որեւէ բան անի դրա համար, նրանց կը հարուածենք շատ, շատ աւելի ուժեղ … որ նրանք երբեք չէն կարող վերականգնուել, երբեք»,- յայտարարել է ԱՄՆ նախագահը։
Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը հերքել է հրթիռային ծրագրի մասին Թրամփի պնդումները՝ սպառնալով աւելի շատ ու աւելի հզօր հրթիռներ արձակել:
Իրանի ամենաազդեցիկ ռազմական կառոյցի տարածած յայտարարութիւնում նշւում է, որ ոչ թէ ԱՄՆ-ն կ’որոշի, թէ երբ կաւարտուի պատերազմը, այլ՝ Իրանը, որը նաեւ թոյլ չի տա, որ «մէկ լիտր նաւթ» դուրս գայ տարածաշրջանից, եթէ յարձակումները շարունակուեն:
Թրամփին պատասխանել է նաեւ Իրանի Գերագոյն ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարը՝ յայտարարելով, որ իրանցիները չէն վախենում նրա «դատարկ սպառնալիքից»:
«Ձեզանից աւելի ուժեղները չէն կարողացել վերացնել իրանցի ժողովրդին … Այնպէս որ, զգոյշ եղեք, որպէսզի ինքներդ չկործանուէք»,- յայտարարել է Իրանի Գերագոյն ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա նաեւ զգուշացրել է՝ Հորմուզի նեղուցը կայ՛մ կը դառնայ խաղաղութեան եւ բարգաւաճման նեղուց բոլորի համար, կայ՛մ պարտութեան եւ տառապանքի նեղուց «պատերազմ հրահրողների» համար:
Իսկ Իրանի արտգործնախարարը քիչ հաւանական է համարել ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների վերսկսումը: Աբբաս Արաղչին ասել է, թէ փետրուարին Ժնեւի հանդիպումների ժամանակ ԱՄՆ-ն վստահեցնում էր, թէ չէն յարձակուի, սակայն դրժեց խոստումը:
Իրանի արտգործնախարարը նշել է.- «Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցելու հարցը կրկին օրակարգում կը լինի, որովհետեւ, գիտեք, մենք ամերիկացիների հետ բանակցելու շատ դառը փորձ ունենք»։
Իրանի կառավարութեան խօսնակը, մինչդեռ, ասել է, որ ցանկացած միջնորդութիւն տեղի կ’ունենայ միայն, եթէ հրադադար հաստատուի եւ երաշխիքներ տրուէն, որ յետագայում չէն յարձակուի:
Այս զարգացումներին զուգահեռ Իրանը յայտարարել է, որ հարուածել է Իսրայելի Հայֆայ քաղաքի նաւթաւերամշակման գործարանին:
Պաշտօնական տուեալներով՝ միայն վերջին 24 ժամում Իսրայելում 191 մարդ է վիրաւորուել իրանական հարուածներից:
Իրանը նաեւ հարուածել է Իրաքի Հարիր աւիաբազայում գտնուող ԱՄՆ բանակի կենտրոնակայանին, Սաուդեան Արաբիայում էլ՝ նաւթահանքի: Բահրեյնում իրանական հարուածից կայ զոհ եւ վիրաւորներ։ Աբու Դաբիում անօդաչուի հարուածից հրդեհ է բռնկուել արդիւնաբերական համալիրում: Արաբական Միացեալ Էմիրութիւնների նաւթային խոշոր ընկերութիւնը անօդաչուի հարուածից յետոյ փակել է վերամշակման իր գործարաններից մէկը:
Իր օդային տարածքում երկու հրթիռ խոցելուց յետոյ Թուրքիան յայտարարել է, որ հակաօդային պաշտպանութեան ամերիկեան Patriot համակարգ է տեղակայել երկրում: Արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ իրանցի պաշտօնակցին զգուշացրել է՝ եթէ օդային տարածքի խախտումները կրկնուէն, Թուրքիան անհրաժեշտ միջոցներ կը ձեռնարկի:
Իսրայելի բանակը եւս նոր հարուածներ է հասցրել Թեհրանին: Իսրայելական «12-րդ ալիքը», իր աղբիւրներին յղումով, յայտնում է, որ հարուածել են Թեհրանում գտնուող միջուկային լաբորատորիաների։ Իրանը դեռ չի մեկնաբանել:
Իրանական ISNA գործակալութեան փոխանցմամբ՝ իսրայէլական հարուածներից զոհեր եւ վիրաւորներ կան Արակ քաղաքում եւ Լորեստան նահանգում: Փետրուարի 28-ից ի վեր, ըստ իրանական աղբիւրների, երկրում առնուազն 1230 մարդ է սպանուել, որից 460-ը՝
Թեհրանում, վիրաւորուել է մօտ 4000-ը: Յարձակման ենթարկուելուց յետոյ Իրանում ինը հիւանդանոց այլեւս չի գործում:
Լիբանանի ազգային լրատուական գործակալութիւնն էլ յայտնել է, որ Իսրայելը գիշերը հարուածել է Իրանի աջակցութիւնը վայելող «Հեզբոլայ»-ի ենթակառուցուածքներին երկրի տարբեր հատուածներում: Հաղորդւում է նաեւ հարաւում կատաղի բախումների մասին: Արեւմուտքի կողմից ահաբեկչական ճանաչուած «Հեզբոլայ»-ն իր հերթին պնդել է, որ հարուածել է իսրայէլական զօրքին:
Պաշտօնական տուեալներով՝ Լիբանանում առ այսօր զոհուել է առնուազն 486 մարդ, վիրաւորուել՝ 1313-ը։ Միայն վերջին 24 ժամում 100,000 մարդ է տեղահանուել, ընդհանուր տեղահանուածների թիւն անցնում է 667,000-ը:
Ռազմական գործողութիւնների ֆոնին նաւթի գինը շարունակում է աճել, թէեւ Թրամփի յայտարարութիւններից յետոյ մի փոքր նուազել է՝ տատանուելով 95 դոլարի սահմաններում: Եգիպտոսում վառելիքի գինը բարձրացել է 30%-ով: Պակիստանը, Թաիլանդը, Վիետնամը եւ այլ երկրներ էներգախնայողութեան միջոցների են դիմում:
