«Չլուծուած․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտութիւնը» փաստաթղթի թարմացուած խմբագրութիւն

«Չլուծուած․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտութիւնը» փաստաթղթի թարմացուած խմբագրութիւն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» («Չլուծուած․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտութիւնը») փաստաթղթի թարմացուած խմբագրութիւնը։ Նոր խմբագրութիւնը վերանայում է 2025 թ. մարտի 19-ի տարբերակը եւ արձանագրում այն, ինչ այդ ժամանակից ի վեր տեղի է ունեցել Արցախի եւ նրա ժողովրդի հետ։

Ադրբեջանի շրջափակումից եւ ռազմական յարձակումից, որոնց հետեւանքով աւելի քան 100 000 հայ բռնի տեղահանուեց իր հայրենիքից, երեք տարի անց փաստաթուղթը եզրակացնում է, որ հակամարտութիւնը մնում է չլուծուած։ Ռազմական ուժի կիրառումը փոխեց տարածքը վերահսկողին, սակայն չլուծեց տեղի ժողովրդի իրաւունքների հարցը։

ԻՆՉ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԹԱՐՄԱՑՈՒԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

■ Ճանաչում՝ առանց երաշխիքների։ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, իսկ 2023 թ. մայիսին՝ բացայայտօրէն, Հայաստանի կառավարութիւնը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ առանց նրա ժողովրդի համար որեւէ համաձայնեցուած երաշխիքի։ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրուած համաձայնագիրը լռում է նրանց վերադարձի իրաւունքի, անվտանգութեան, սեփականութեան ու ժառանգութեան, ինչպէս նաեւ հայ պատանդների մասին։ Այն մնում է չստորագրուած, քանի որ Ադրբեջանն առաջ է քաշում նոր նախապայմաններ, այդ թւում՝ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւն։

■ Միջազգային ձեւաչափի բացակայութիւն։ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը փակուեց 2025 թ. նոյեմբերի 30-ին, եւ այլեւս չկայ միջազգային մանդատ ունեցող որեւէ ձեւաչափ, որի օրակարգում լինեն Արցախի հայերի իրաւունքները։

■ Նահանջող կառավարութիւն։ Հայաստանի կառավարութիւնը վերադարձը յայտարարել է «ոչ իրատեսական», իսկ ղարաբաղեան շարժումը՝ փակուած, եւ քայլեր է ձեռնարկել Արցախի՝ վտարանդիութեան մէջ գործող ներկայացուցչական հաստատութիւնների դէմ։

■ Պատանդներ եւ կեղծ դատավարութիւններ։ Ադրբեջանը պահում է 20 հայ պատանդի, այդ թւում՝ Արցախի ութ նախկին ղեկավարների, որոնք միջազգային չափանիշներից խիստ հեռու դատավարութիւններից յետոյ դատապարտուել են ցմահ կամ 20 տարուայ ազատազրկման, եւ նրանց զրկել է անկախ այցելութիւնների հնարաւորութիւնից։

■ Ժառանգութեան ջնջում։ 2026 թ. աւերուել են Ստեփանակերտի Սուրբ Աստուածամօր մայր տաճարը, այլ եկեղեցիներ ու յուշահամալիրներ՝ Արդարադատութեան միջազգային դատարանի պարտադիր որոշումների խախտմամբ։ Աւելին՝ Ադրբեջանը հայկական վանքերն օտարերկրեայ դիւանագէտներին ներկայացնում է որպէս «աղուանական»։

■ Բռնի տեղահանութիւն։ 2020 թուականից ի վեր Արցախից բռնի տեղահանուել է շուրջ 150 000 հայ։ Ադրբեջանը տարածաշրջանը վերաբնակեցնում է իր քաղաքացիներով՝ հայերին զրկելով վերադարձի իրաւունքից, իսկ տեղահանուածները Հայաստանում բախւում են աճող դժուարութիւնների։

«Արցախի հայերի արտաքսումը չաւարտեց հակամարտութիւնը, այլ խորացրեց անարդարութիւնը,– ասել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։– Ոչ մի համաձայնագիր, որը Բաքւում թողնում է 20 պատանդի, փակում է տուն վերադառնալու ճանապարհը եւ ջնջում է մի ժողովրդի ժառանգութիւնը, չի կարող խաղաղութիւն կոչուել։ Կոչ ենք անում կառավարութիւններին Արցախին վերաբերուել որպէս իրապէս չլուծուած խնդրի եւ նրա ժողովրդի իրաւունքները վերադարձնել միջազգային օրակարգ»։

ԻՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Փաստաթուղթն աւարտւում է Ադրբեջանին, միջազգային հանրութեանը եւ Հայաստանի կառավարութեանն ուղղուած տասներեք պահանջով։ Դրանց թւում են՝

■ Բոլոր 20 հայ պատանդների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը, իսկ մինչ այդ՝ նրանց մօտ անկախ մարդասիրական մուտքը, ինչպէս նաեւ բռնի անհետացուածների եւ անհետ կորածների ճակատագրի լիարժէք պարզաբանումը։

■ Արցախի հայերի հաւաքական, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը միջազգային երաշխիքներով՝ նրանց սեփականութեան, ինքնութեան եւ ժառանգութեան պաշտպանութեամբ, ինչպէս կարգադրել է Արդարադատութեան միջազգային դատարանը։

■ Միջազգային մանդատով նոր ձեւաչափ՝ ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքոյ, որին մասնակցեն Արցախի ընտրուած ներկայացուցիչները, եւ Շուեյցարիայի խորհրդարանի կողմից լիազօրուած խաղաղութեան համաժողովի գումարումը։

■ Հաշուետուողականութիւն՝ անպատժելիութեան փոխարէն, եւ ոչ մի կարգաւորում, որը կը վերացնի տեղահանուածների ու կալանաւորուածների պահանջները։

■ Հայկական ժառանգութեան պաշտպանութիւնը, այդ թւում՝ ԻՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելութեան միջոցով, եւ դրա վերագրման օրինականացման մերժումը։

■ Ադրբեջանական զինուած ուժերի դուրսբերումը Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից եւ Ադրբեջանի նախապայմանների վերացումը։

■ Հայաստանի կառավարութիւնից՝ այս իրաւունքների պաշտպանութիւնը, Արցախի հաստատութիւնների վրայ ճնշումների դադարեցումը եւ տեղահանուած բնակչութեան համար երկարաժամկէտ քաղաքականութեան մշակումը։

ԿԱՐԴԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Թարմացուած փաստաթուղթը ներկայացնում է հակամարտութիւնը՝ սկզբից մինչեւ մեր օրերը, եւ դրանում իւրաքանչիւր փաստ յղում է կատարում համապատասխան համարակալուած աղբիւրին։

Փաստաթուղթը հասանելի է անգլերէնով՝ «UNRESOLVED: The Conflict Over Artsakh»։

Մամուլի հետ կապ՝ office@anc-international.net

Հայ դատի կենտրոնական խորհրդի հրատարակութիւնները՝ այստեղ։

Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Երեւան, 17 նոյեմբերի, 2026 թ.

Share