Իշխանական մեր աղբիւրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինեանի յանձնարարութեամբ այս օրերին նոր կեղծ ընդդիմադիր ուժեր են ձեւաւորում, որոնք պէտք է մօտ ապագայում՝ սահմանադրական փոփոխութիւններից առաջ, ակտիւ գործունէութիւն ծաւալեն՝ «թեթեւի մէջ» քննադատեն իշխանութիւններին, իսկ վերջում էլ համաձայնութիւն ցուցադրեն նոր Սահմանադրութեան հարցում՝ դրանով լեգիտիմութիւն հաղորդելով իշխանութեան նախաձեռնած գործընթացին։
Դեռեւս հոկտեմբերի 26-ին՝ ՏԻՄ ընտրութիւնների առիթով, Փաշինեանը ֆէյսբուքեան իր էջի ուղիղ եթերում, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Հայաստանի 19 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների արդիւնքներին, ասել էր, որ Հայաստանին նոր պետականամէտ, առարկայական, ազնիւ եւ այլ որակներով ընդդիմութիւն է պէտք։ Իհարկէ, նա դա ներկայացրել էր այլ ձեւով՝ այլ քողի ներքոյ, սակայն իրական նպատակը բոլորովին այլ է։
«Երէկ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրութիւններ, որոնց արդիւնքում ՔՊ-ն կամ, այսպէս ասենք, պրոքպական թեկնածուները եւ թիմերը տարան ջախջախիչ յաղթանակ։ Եւ այս իրավիճակը պէտք է մի քանի դիտանկիւնից արժանանայ քաղաքական գնահատականի։ Դա պարզ իրավիճակ չէ, եւ ես ուզում եմ իմ գնահատականներն ու ընկալումները ներկայացնել։
Առաջինը՝ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ես խոստացել էի, եւ դա իմ յանձնառութիւնն էր, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական ուժերը կամ, մէկ բառով ասած, լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ-քառագլուխ կուսակցութիւնը պէտք է ոչնչացուեն, եւ ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիների օգնութեամբ եւ աջակցութեամբ։
Բայց, միւս կողմից, ես ուզում եմ անկեղծ եւ ուղիղ ասել՝ որպէս 2018 թուականի ոչ բռնի, թաւշեայ յեղափոխութեան արդիւնքում Հայաստանի վարչապետի պաշտօնը ստանձնած մարդ, ամենեւին էլ երջանիկ չեմ, որ մենք մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+ կամ 70+ ձայներ, որովհետեւ, որքան էլ առաջին հայեացքից հաճելի է թւում, այս տոկոսները որոշակի զուգորդութիւններ են առաջացնում։
Բայց դրանք առաջ են բերում նաեւ ընդդիմութեան հարցը Հայաստանում։ Մենք պէտք է այս իրավիճակը ճիշտ գնահատենք. մի կողմից պէտք է իսկապէս Հայաստանից արմատախիլ անենք լրտեսական ընդդիմութիւնը, որը կառավարւում է դրսից, բայց, միւս կողմից, Հայաստանը պէտք է ունենայ պետականակենտրոն ընդդիմութիւն»,– ասել էր Փաշինեանը՝ մոռանալով, որ հէնց ինքն է ՏԻՄ ընտրութիւններին ընդդիմադիրների դէմ գործի դրել վարչական ողջ ապարատն ու ուժային կառոյցները։ Եւ այն, որ իրականում ընտրութիւններ տեղի չեն ունեցել, եւ ՔՊ-ականները մնացել են առանց մրցակիցների, իր ջանքերի շնորհիւ է։
Իսկ իրականութիւնն այն է, որ յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններին հաւաքական ընդդիմութիւնն իր ստացած ձայներով շատ քիչ էր զիջում իշխանութեանը, ինչը որոշակի վտանգներ է պարունակում, մանաւանդ եթէ նոր ընտրութիւններ կարող են կայանալ։
Ճիշտ է՝ Փաշինեանն ընդգծել էր, որ իրենք քննարկել են նոր ընդդիմութեան ձեւաւորման հարցը, թէ ինչ կարելի է անել, ինչ պէտք է անի կառավարութիւնը նոր ընդդիմութեան ձեւաւորման համար, բայց՝
«Մեր եզրակացութիւնն այն է, որ մենք ոչ մի բան պէտք է չանենք, նկատի ունեմ՝ գործնական եւ ակտիւ չլինենք այս առումով, հակառակ դէպքում մենք կարող ենք ընկնել աւելի վատ վիճակի մէջ եւ վատագոյն գործելակերպը Հայաստանում վերականգնելու փորձ անել։
Յիշում էք՝ Հայաստանում կար, այսպէս կոչուած, յաճախորդ եւ կառավարելի ընդդիմութիւն։ Դա նոյնքան աղէտ է Հայաստանի համար։
Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում պէտք է ձեւաւորուի նոր, պետականակենտրոն եւ իրական ընդդիմութիւն, որն իրական քաղաքական գործունէութեամբ, այլ ոչ թէ լրտեսական գործունէութեամբ կը զբաղուի։
Այն, որ սա անհրաժեշտ է, ակնյայտ է, բայց, միւս կողմից, կառավարութիւնը չի կարող եւ չպէտք է ընդդիմութիւն ստեղծի, որովհետեւ դա կը լինի կառավարուող, կեղծ ընդդիմութիւն»։
Իրականում իշխանութիւնը ոչ միայն ընդդիմութիւն ստեղծելու գործընթացն է սկսել, այլեւ ներկայում տարբեր ձեւաչափերով փորձում է «իր վրայ վերցնել» ընդդիմութեան գործառոյթները, որպէսզի հանրութեանը զբաղեցնի իր նախընտրած օրակարգով եւ թոյլ չտայ խորանալ Հայաստանի ազգային անվտանգութեանը սպառնացող վտանգների մէջ, որոնց մասին խօսում են իրական՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրները։ Խօսքն Ալիեւի պահանջով նոր Սահմանադրութեան ընդունման, նոր զիջումների մասին է, որոնք փակուղու առաջ են կանգնեցրել Փաշինեանին։
Դիցուք, Փաշինեանի կինը՝ Աննա Յակոբեանը, վերջին շրջանում ստանձնել է թիւ մէկ ընդդիմադիրի դերը եւ խստօրէն քննադատում է քաղաքապետ Տիգրան Աւինեանին, խօսում քաղաքային խնդիրների, յատկապէս խցանումների մասին։
Կա՛մ Նիկոլ Փաշինեանն է իր բանանով մօտ մէկ շաբաթ օրակարգ թելադրում, կա՛մ Հանրային հեռուստատեսութեան եթերում ծեծկռտուքի ցուցադրութիւնն է զբաղեցնում հանրութեանը։
Այս ամէնի նպատակը մարդկանց ուշադրութիւնն իրական մարտահրաւէրներից շեղելն է, Սահմանադրութեան փոփոխութեան, ԹՐԻՓՓ-ի, Տիգրանաշէնի եւ այլ հարցերի շուրջ բարձրացուած աղմուկը կանխելը։
«Ժողովուրդ»
