«Դադարեցնել երեսպաշտութիւնը եւ պաշտպանել ժողովրդավարութիւնը». Հայաստանեան 6 կուսակցութիւններ նամակ են յղել ԵՄ-ին

«Դադարեցնել երեսպաշտութիւնը եւ պաշտպանել ժողովրդավարութիւնը». Հայաստանեան 6 կուսակցութիւններ նամակ են յղել ԵՄ-ին

«Դադարեցնել երեսպաշտութիւնը եւ պաշտպանել ժողովրդավարութիւնը». հայաստանեան 6 կուսակցութիւններ նամակ են յղել ԵՄ-ին

Մայիսի 4-ից 5-ը Երեւանում տեղի է ունենալու Եւրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովը։ Այսօր, Եւրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցութիւններ համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարութեանը եւ մասնակիցներին՝ բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպէս նաեւ Ադրբեջանում պահուող մեր հայրենակիցների եւ արցախահայութեան խնդիրների մասին։

Նամակը ստորագրել են՝

ՀՀԿ-ն, «Ժառանգութիւն»-ը, ՀՅԴ-ն, «Բարգաւաճ Հայաստան»-ը, կուսակցութիւնը, ՀԱԿ-ը, Եւրոպական ազատ ալեանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցութիւնը։

Եւրոպական խորհրդի նախագահ Անտօնիոյ Կոստային,
Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլայ ֆոն դեր Լեյենին,
Եւրոպական քաղաքական ընտանիքների ղեկավարներին,

Երեւանում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պետութիւնների եւ կառավարութիւնների ղեկավարներին

Ձերդ գերազանցութիւններ,

Յարգելի գործընկերներ,

Որպէս հայկական քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներ, որոնք անդամակցում կամ դիտորդ են ձեր համապատասխան եւրոպական քաղաքական ընտանիքներում եւ կապուած են ժողովրդաւարութեան, օրէնքի գերակայութեան եւ հիմնարար ազատութիւնների նկատմամբ համատեղ նուիրուածութեամբ, մենք դիմում ենք ձեզ՝ Երեւանում կայանալիք Եւրոպական Քաղաքական Համաժողովի գագաթնաժողովից առաջ՝ հրատապութեամբ եւ պատասխանատուութեամբ։

ՀՀ կառավարութիւնը ակտիւօրէն «խնամում» է ժողովրդավարական առաջընթացի միջազգային կերպար։ Սակայն այդ ուղերձը մոլորեցնող է։ Իրականում Նիկոլ Փաշինեանի վարչակազմը ամրապնդում է իշխանութիւնը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռներն ու զսպումները եւ համակարգուած կերպով օգտագործում է իրաւապահ եւ դատական համակարգերը քաղաքական հակառակորդների եւ հոգեւորականների դէմ։

Այս պայմաններում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Երեւանում յղի է վտանգաւոր քաղաքական ուղերձի յղումով. որ ժողովրդավարական նահանջը կարող է անտեսուել, երբ դա քաղաքականապէս յարմար է։
Մենք կոչ ենք անում ձեզ չանտեսել հետեւեալ իրողութիւնները.

  1. Ժողովրդավարական նահանջ եւ քաղաքական ճնշումներ։ Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշները վատթարացել են, ինչպէս արտացոլւում է Freedom House-ի, Transparency International-ի եւ V-Dem Institute-ի գնահատականներում։ Դատական եւ իրաւապահ մեխանիզմները աւելի ու աւելի են օգտագործւում որպէս քաղաքական գործիքներ։ Խաղաղ բողոքի ցոյցերը սահմանափակւում են, իսկ քաղաքական ակտիւիզմը բախւում է սպառնալիքների եւ կալանքի։
  2. Քաղաքական բանտարկեալներ։ Քաղաքական դրդապատճառներով տարաբնոյթ մեղադրանքներով կալանաւորուած է աւելի քան 50 անձ, եւ նրանց թիւը աճում է։ Այս գործերի վերաբերեալ շարունակական լռութիւնը սպառնում է «նորմալացնել» քաղաքական դրդապատճառներով բանտարկութիւնը։
  3. Պետական ճնշումը Հայ Առաքելական Եկեղեցու վրայ։ Կառավարութիւնը օգտագործում է հետապնդումներ, դատական հայցեր, ճանապարհորդութեան արգելքներ եւ շարունակական քաղաքական արշաւ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պետական վերահսկողութեանը ենթարկելու համար։ Հոգեւորականները կալանաւորուել են կեղծ մեղադրանքներով, եպիսկոպոսներին սահմանափակուել է ճանապարհորդութիւնը, իսկ դատարանները օգտագործուել են եկեղեցական իշխանութիւնը յաղթահարելու համար։ Ամենաակնառուն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը իր քաղաքական ծրագրում յստակօրէն ներառել է կաթողիկոսի հեռացման հարցը։ Սա քաղաքականութեան վէճ չէ, այլ սահմանադրօրէն պաշտպանուած հաստատութեան վրայ հակասահմանադրական յարձակում։
  4. Մեդիայի ճնշումը եւ ազատ խօսքի քայքայումը։ Անկախ լրատուամիջոցները գնալով աւելի են սահմանափակւում։ Լրագրողները բախւում են ֆիզիկական յարձակումների, սպառնալիքների եւ պետական ռեսուրսներից զրկուելու հետ։ Արդիւնքում կրճատւում է ազատ խօսքի տարածքը եւ աճում է գրաքննութիւնը։

Մենք նաեւ օգտագործում ենք այս առիթը՝ կոչ անելու ձեզ անդրադառնալ Ադրբեջանի կառավարութեան գործողութիւնների հետեւանքով ստեղծուած իրականութեանը վերաբերող հարցերին, որոնք լրջօրէն խաթարում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հաստատման հեռանկարները։

  1. Հայ ռազմագերիներ Ադրբեջանում։ Պաշտօնական տուեալներով՝ 19 հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք մնում են ադրբեջանական կալանքի տակ, չնայած պաշտօնական հակառակ պնդումներին։ Շարունակւում են կտտանքների եւ բեմադրուած դատավարութիւնների մասին հաղորդագրութիւնները։ Միեւնոյն ժամանակ, անյայտ կորած անձանց հարցը մնում է չլուծուած։ Այս հարցում թափանցիկութեան եւ շօշափելի առաջընթացի բացակայութիւնը աւելի է խաթարում հանրային վստահութիւնը եւ առաջացնում լուրջ մարդասիրական մտահոգութիւններ։
  2. Արցախի էթնիկ զտումները եւ վերադարձի հրամայականը։ Լեռնային Ղարաբաղի/Արցախի էթնիկ զտումները, որոնք բռնի կերպով տեղահանեցին իր ողջ բնիկ հայ բնակչութիւնը, չպէտք է լռութեան մատնուէն։ Տարածաշրջանում հայկական քրիստոնեական հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան շարունակական եւ համակարգուած ոչնչացումը քաղաքակիրթ արժէքների նկատմամբ շարունակական վիրաւորանք է։ Միջազգային իրաւունքը միանշանակ պարտաւորեցնում է Ադրբեջանին երաշխաւորել բոլոր տեղահանուած անձանց անվտանգ, կամաւոր եւ արժանապատիւ վերադարձը հայրենիք՝ պարտաւորութիւն, որը եւրոպացի առաջնորդները պէտք է ակտիւօրէն պաշտպանէն։

Մեր ուղերձը եւրոպացի առաջնորդներին յստակ է։

Սա քաղաքական յստակութեան պահ է։ Ներգրաւումը չպէտք է լինի սկզբունքների հաշուին։

Մենք կոչ ենք անում ձեզ՝

  • Հրապարակաւ եւ միանշանակ պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկեալների եւ Ադրբեջանում գտնուող հայ ռազմագերիների ազատ արձակումը։
  • Հստակօրէն խօսել Հայ Առաքելական եկեղեցու վրայ ճնշումների եւ լրատուամիջոցների ազատութեան սահմանափակումների դէմ։
  • Ապահովել հաւասարակշռուած ներգրաւուածութիւն՝ հանդիպելով ընդդիմադիր ուժերի, անկախ քաղաքացիական հասարակութեան եւ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Եւրոպայի ժողովրդավարական արժէքների նկատմամբ հաւատարմութեան հաւաստիութիւնը վտանգուած է։ Մենք կոչ ենք անում ձեզ գործել համարժէք՝ դադարեցնել երեսպաշտութիւնը եւ պաշտպանել ժողովրդավարութիւնը։

Share