Խաղաղութիւն չկայ, կայ որոշում՝ ընդունել Բաքուի թելադրած պայմանները եւ Հայաստանը դարձնել ադրբեջանական մոդելի պետութիւն.

Խաղաղութիւն չկայ, կայ որոշում՝ ընդունել Բաքուի թելադրած պայմանները եւ Հայաստանը դարձնել ադրբեջանական մոդելի պետութիւն.

Պատմական գիտութիւնների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագէտ Տաթեւիկ Հայրապետեանի գրառումը.

Խաղաղութիւնը շատ կարեւոր, շատ թանկ ու երանելի երեւոյթ է։ Պատերազմների մէջ թաղուած այս խելայեղ աշխարհում չի կարելի չհասկանալ խաղաղութեան արժէքը։ Այդուհանդերձ, «խաղաղութիւն» բառը ու դրա իմաստը խեղուած են մերօրեայ իրականութեան մէջ։

Մեզ հասած «խաղաղութեան» մէջ պարբերաբար կրկնւում է պատերազմի սպառնալիքը․ այ, որ Արցախ բառն ասէք, պատերազմ կը լինի, այ, որ էթնիկ զտումից խօսէք, պատերազմ կը լինի, այ, որ Տիգրանաշէնը չյանձնենք, պատերազմ կը լինի, այ, որ Ալիեւի ուզած Սահմանադրութեանը ոչ ասէք, պատերազմ կը լինի եւ այսպէս շարունակ։

Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղութիւն չկայ, կայ որոշում՝ ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները եւ Հայաստանը դարձնել ադրբեջանական մոդելի պետութիւն, որտեղ Եկեղեցին, բանակը, մշակոյթը, ազգային ինքնութիւնը, Անկախութեան հռչակագիրը, Սփիւռքը, պատմական յիշողութիւնը թիրախաւորուած են, իսկ առհասարակ հայ լինելը խնդրայարոյց է։ Եթէ սա ոմանց չափազանցութիւն է թւում, ուրեմն իրենք դեռ վարդագոյն ակնոցներով են նայում մեզ հետ տեղի ունեցողին։

Երկրի ներսում «կզցնելով» (ներեցէք տգեղ տերմինը կիրառելու համար) սպառնացող Ալիեւի կամակատարը միակ ու գլխաւոր կզածն է Բաքուի բռնապետի առաջ։ Նա կզել է, քանի որ դրանում է տեսել իշխանութիւն պահելու ձեւը, կզել է, քանի որ պարտուած է հոգով, սրտով ու մտքով, կզել է՝ քիչ է, որոշել է մի ողջ ժողովրդի էլ կզացնի, դրա համար եկել ՀՀ ԱԺ ամբիոնից կրկնում է ադրբեջանական խօսոյթներ, սպառնում է պատերազմով, ասում է՝ հօ մենակ չեմ կզելու, եկէք նոր Սահմանադրութիւն ընդունէք Ալիեւի ուզածով, որ բոլորով կզենք, ասենք՝ մենք պարտուած, ձախողած ժողովուրդ ենք, մենք որոշեցինք կզել։ Սա է նրա ուզածը, ու էս ճանապարհին նախկինների թեման ընդամէնը յայտնի երգացանկի կրկնութիւնն է, ոնց որ կինոթատրոնում այլ կինօ էլ չլինի։

Այս ամէնը լուրջ մարտահրաւէր է հանրութեան թէ՛ քաղաքական, թէ՛ հասարակական եւ թէ՛ մտաւորական շերտերի համար։ Ես որքան նայում եմ, իր կեանքով ապրող ՀՀ շարքային քաղաքացին էսօր հազարապատիկ աւելի գիտակից է, համարձակ, ուղղախօս, քան բազմաթիւ կարկառուն թուացող դէմքեր։ Մենք մեծ հաշուով քաղաքական ու հանրային առաջնորդութեան կարիք ունենք՝ Ալիեւի առաջ կզածին իշխանութիւնից հեռացնելու ու իր հակապետական քաղաքականութեանը վերջ տալու համար․․

Share