Լորիս Ճգնաւորեանը ՀՀ քաղաքացիութիւն է ստացել

Լորիս Ճգնաւորեանը ՀՀ քաղաքացիութիւն է ստացել

Մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնաւորեանը ՀՀ քաղաքացիութիւն է ստացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Հաղորդագրութեան մէջ ասւում է. «Տասնամեակներ շարունակ նա Հայաստանինն էր, ու Հայաստանն իրենն էր համարում։ Այստեղ էր ծաւալում իր գործունէութիւնը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Բայց կար մի հակասութիւն․ չնայած այդքան սերտ էր կապուած Հայաստանի հետ, սակայն նրա իրաւական կարգավիճակը երկար տարիներ չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի չէր։

Այս հակասութիւնն էլ Լորիս Ճգնաւորեանի՝ մեծանուն կոմպոզիտորի ու դիրիժորի կեանքի ուշագրաւ դրուագներից մէկն է։

Իրանի Բորուջերդ քաղաքում ծնուած, Վիեննայում, Զալցբուրգում եւ Միչիգանում կրթութիւն ստացած, Լոնդոնում ու Նիւ Եորքում ստեղծագործած երաժիշտը կարող էր իր կարիերան կառուցել աշխարհի ամենահեղինակաւոր բեմերում, սակայն 1989 թուականից ճանապարհը նրան նորից Հայաստան է բերում։

«Իմ հայրը ինձ հայրենասիրական ոգով է մեծացրել, եւ իմ երազանքն էր Հայաստան գալը։ Չնայած մեծ կարիերա ունէի արտասահմանում, բայց երբ երկրաշարժը եղաւ, ամէն ինչ մոռացայ, եկայ հայրենիք։ Սկսեցի գործունէութիւնս «Այո՛ անկախութեանը» ճանապարհին։ Մեր հանրապետութեան հիմնը, եռագոյնը, զինանշանն ինձ համար սուրբ էին»,- յիշում է Ճգնաւորեանը։

Մաեստրոյի համար քաղաքացիութիւնն ու ինքնութիւնը երկու տարբեր հարթութիւններ էին։ Քաղաքացիութիւնը՝ պետութեան հետ կայուն իրաւական կապի, իսկ հայ լինելը՝ ինքնութեան հարց էր։

«Չնայած ժողովուրդն ինձ ընդունում է, բայց լաւ կը լինէր՝ ես էլ հայրենիքիս անձնագիրն ունենայի, դիմեցի եւ փառք Տիրոջը, որ կատարուեց երազանքս։

Շատ յուզիչ էր ինձ համար, որովհետեւ երբ հնչեց օրհներգը, տեսայ դրօշն ու զինանշանը, յիշեցի, որ ժամանակին հէնց այդ խորհրդանիշների համար եմ պայքարել Ազգային ժողովում՝ դրանք ժողովրդին ներկայացնելով ու պաշտպանելով։ Եւ այսօր, հէնց այդ խորհրդանիշների ներքոյ, ինքս երդում տուեցի հայրենիքիս՝ մնալ նրան հաւատարիմ»,- նշում է նա։

Տարիներ անց մաեստրոն Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի է։

Այն կապը, որը տարիներ շարունակ գոյութիւն ունէր նրա ստեղծագործութեան, գործունէութեան ու ինքնութեան մէջ, այժմ ամրագրուած է նաեւ իրաւական մակարդակում։ Եւ եթէ տարիներ շարունակ նա Հայաստանն իրենն էր համարում, ապա այսօր այդ պատկանելութիւնը հաստատուած է նաեւ իրաւականօրէն։

«Ես որբ եմ մեծացել։ Զարմանալի է՝ երբեք երկիր չեմ ունեցել․ Պարսկաստանում հայ էի, Հայաստանում՝ պարսիկ, օտար երկրներում՝ օտար։ Երբեւիցէ չեմ հասկացել՝ երկիր ունենալն ինչ է նշանակում։ Երկիր չեմ ունեցել։ Ես ինձ հայաստանցի եմ զգացել, եւ երբ հեռացայ այստեղից, ինձ համար մեծ կորուստ էր։ Իսկապէս որբութիւն զգացի։

Մէկ շաբաթ է, ինչ զգում եմ, որ երկիր ունեմ։ Եւ շնորհակալութիւն»։

Share