ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգեւոր ժառանգութիւնը ոչնչացնելու մէջ

ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգեւոր ժառանգութիւնը ոչնչացնելու մէջ

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատութեան յանձնաժողովի (USCIRF) 2022 թւականի կրօնական ազատութեան վերաբերեալ զեկոյցը։ Ադրբեջանը ներառւել է յատուկ հսկողութեան տակ գտնւող երկրների ցանկում: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

Զեկոյցի համաձայն՝ 2022 թւականին Ադրբեջանում կրօնական ազատութեան վիճակը բացասական դինամիկա է ունեցել։

Զեկոյցում յիշատակւում է Լեռնային Ղարաբաղում Բաքւի վերահսկողութեան տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հոգեւոր ժառանգութեան ոչնչացման մասին:

«Միջազգային մարմինները եւ այլ կազմակերպութիւններ շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարութեան պատրաստակամութիւնը՝ պաշտպանելու եւ պահպանելու կրօնական եւ մշակութային ժառանգութիւնը Լեռնային Ղարաբաղում եւ յարակից տարածքներում, որոնք գտնւում են Ադրբեջանի վերահսկողութեան տակ։

Փետրւարին նախկին մշակոյթի նախարար Անար Քերիմովը յայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակն էր եկեղեցիներից հեռացնել Հայ Առաքելական արձանագրութիւնները, որոնք նա անւանել էր «անիրական»: Ըստ ամենայնի, կառավարութիւնը հրաժարւել է այդ ծրագրից միջազգային հանրութեան վրդովմունքից յետոյ, իսկ մարտին Եւրոխորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հայկական մշակութային ժառանգութիւնը ջնջելու եւ ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականութիւնը»,- ասւած է փաստաթղթում:

USCIRF-ը խորհուրդ է տալիս ԱՄՆ կառավարութեանը «ֆինանսաւորում տրամադրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեանը եւ Բաքւում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում եւ յարակից շրջաններում պաշտամունքի վայրերի եւ այլ կրօնական կամ մշակութային վայրերի վերականգնման, պահպանման եւ պաշտպանութեան համար»:

Share