Վրացական աւիաընկերութիւնը մայիսի 20-ից ուղիղ չուերթներ կը սկսի Մոսկուա

Վրացական աւիաընկերութիւնը մայիսի 20-ից ուղիղ չուերթներ կը սկսի Մոսկուա

Վրաստանի քաղաքացիական աւիացիայի գործակալութիւնը հաղորդել է, որ «Georgian Airways»-ին թոյլատրել է Թբիլիսիից Մոսկուայ ուղիղ աւիաչուերթներ իրականացնել մայիսի 20-ից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալութիւնից:

««Georgian Airways» աւիաընկերութիւնն սկսում է կանոնաւոր չուերթները Թբիլիսի-Մոսկուայ-Թբիլիսի ուղղութեամբ: Քաղաքացիական աւիացիայի գործակալութեանը աւիաընկերութեան ուղարկած հայցի համաձայն՝ մայիսի 20-ից թռիչքները կ’իրականացուէն շաբաթական եօթ անգամ», — ասւում է գործակալութեան տարածած յայտարարութեան մէջ:

Աւիաընկերութիւնը համապատասխան թոյլտուութիւնն ստացել է մայիսի 16-ին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպէս նաեւ վերացրել է ռուսական աւիաընկերութիւնների համար դէպի Վրաստան ուղիղ չուերթների արգելքը։ Իր հերթին, ՌԴ տրանսպորտի նախարարութիւնը յայտարարել է, որ ռուսական աւիաընկերութիւնները պատրաստւում են վերսկսել թռիչքները դէպի Վրաստան. պլանաւորւում է ամէն շաբաթ Մոսկուայից Թբիլիսի եւ հակառակ ուղղութեամբ եօթ ուղիղ չուերթ իրականացնել հայրենական ինքնաթիռներով։

Share