Վերջին միջադէպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկուել. ՀՖՖ-ի եւ «Փիւնիկ»-ի համատեղ յայտարարութիւնը

Վերջին միջադէպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկուել. ՀՖՖ-ի եւ «Փիւնիկ»-ի համատեղ յայտարարութիւնը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ «Փիւնիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ յայտարարութիւն են տարածել, որում անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ժամանակ գրանցուած միջադէպերին, երբ երկրպագուներ են ներխուժել խաղադաշտ, տրիբունաներում տեղի են ունեցել ծեծկռտուքի դէպքեր: Յայտարարութեան մէջ նշւում է, որ նման երեւոյթները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է յայտարարութիւնը.

«Յարգելի՛ ֆուտբոլասէրներ,

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցուել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապէս, սպորտի հետ անհամատեղելի իրադարձութիւններ, որոնք յղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետեւանքներով:

Հանդիպումներին ներկայ տասնեակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրուել են ծեծկռտուքի դէպքեր, իրականացուել են նաեւ մի շարք քաղաքական ակցիաներ:

Իրենց պարտականութիւնները կատարելիս թերացել են նաեւ անվտանգութեան աշխատակիցները, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտութիւնը: ՀՖՖ-ի եւ «Փիւնիկ» ՖԱ ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում անվտանգութիւնն ապահովող կազմակերպութիւնների հետ՝ յետագայում նման իրավիճակները բացառելու համար:

Միեւնոյն ժամանակ անվտանգութեան աշխատակիցների՝ անգամ ամենամեծ քանակի դէպքում ուղղակի հնարաւոր չէ կանխել նման անցանկալի իրադարձութիւնները, եթէ չլինի բոլորի՝ ֆուտբոլային հանրութեան, երկրպագուների, յատկապէս լրատուամիջոցների աջակցութիւնը:

Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթէ բոլոր հանդիպումների ընթացքում եւ դրանցից յետոյ արձանագրուել են նման դէպքեր, ինչի համար մեծ տոյժեր են կրել ՀՖՖ-ն եւ հայկական ակումբները: Ցանկանում ենք ընդգծել, սակայն, որ տուգանքները կրում են ժամանակաւոր բնոյթ: Նմանատիպ դէպքերը չբացառելու դէպքում Հայաստանում առկայ եւրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկուել. ինչպէս Հայաստանի ազգային հաւաքականը, այնպէս էլ մեր ակումբները ստիպուած կը լինէն տնային հանդիպումներն անցկացնել չէզոք խաղադաշտէրում՝ այլ երկրներում:

Հաշուի առնելով, որ «Փիւնիկը» այս տարի մասնակցելու է եւրոպական մրցաշարերից մէկի խմբային փուլին եւ դեռ անցկացնելու է առնուազն 4 տնային հանդիպում, ինչպէս նաեւ սեպտեմբերի 24-ին Երեւանում կայանալու է Հայաստան-Ուկրաինայ ազգային հաւաքականների հանդիպումը, դիմում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչութիւն չունեցող ցանկացած դրսեւորում:

Այս համատեքստում կոչ ենք անում լրատուամիջոցներին չտարածել անկարգութիւնները ներկայացնող տեսանիւթերը եւ լուսանկարները:

Կոչ ենք անում յատկապէս ծնողներին թոյլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ. դա ինքնահաստատուելու լաւագոյն միջոցը չէ:

Դիմում ենք ֆուտբոլի իրական սիրահարներին, երկրպագուներին, ֆան ակումբներին՝ եկէ՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտէրում՝ յետագայում հայկական ֆուտբոլի համար անցանկալի հետեւանքներից խուսափելու նպատակով»:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Share