«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սէյրանեանի հիւրն է Հայ դատի Ամերիկայի Արեւմտեան ափի գրասենեակի հանրային կապերի պատասխանատու Կարէն Ջինբաշեանը։
Կարէն Ջինբաշեանի հետ հարցազրոյցի հիմնական թեզերը՝ ստորեւ.
- Մեր ազգը միասնական պահող Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնն են ուզում թուրքերը պառակտել, որ ազգը տկարանայ։ Փորձում են Սփիւռք ներթափանցել, հեղինակազրկել, բայց ամէն բան անում ենք, որ դա տեղի չունենայ։
- Փաշինեանի վարչակազմն ամէն ինչ արել էր, որ Նիւ Եորքում հայ ուսանողների հետ հանդիպումն անցնի փակ ֆորմատով եւ բոլորի համար։
Ովքեր կարող էին անհարմար հարցեր տալ Փաշինեանին, չէին հրաւիրուել։ Հրաւիրուել էին միայն Փաշինեանի համակիրները։ Կրթական հաստատութիւնը վերածել էին քաղաքականի։ Իրենց քիչ էր թուացել Հայաստանում պառակտում մտցնելը, հիմա անցել են Սփիւռքին։
- Սա միակ դէպքը չէ։ Ամիսներ առաջ ԱՄՆ-ում ՀՀ նախորդ դեսպան Լիլիթ Մակունցն ու Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեանը եկան Կալիֆորնիա, կրկին փակ հանդիպում ունեցան, լուսանկարներ արեցին, հրապարակեցին ու գնացին։ Անիւմաստ բեմականացում է, թատրոնի պէս խաղում ու գնում են։ Մենք՝ իբրեւ Հայաստանի Հանրապետութեան սահմանային անվտանգութեամբ մտահոգ սփիւռքահայեր, Հայաստանի իշխանութիւնների այս խաղերի մէջ չենք մտնելու, աւելի գործնական քայլեր պէտք է անենք եւ անում ենք, դրա համար են մեզ թիրախաւորում։
- Սփիւռքահայութիւնը դէմ չէ Հայաստանի՝ երկարատեւ խաղաղութեան ձգտմանը, բայց դա չպէտք է լինի հայկական շահի շարունակական զիջմամբ։ Հայաստանի Հանրապետութիւնը չպէտք է զիջի տարածքներ, որ ադրբեջանցիները ռազմական բազաներ տեղակայեն մեր տարածքում, չպէտք է զիջենք մեր ինքնիշխանութիւնը եւ պէտք է առաջ մղենք Բաքուի բանտում գտնուող հայ գերիների ազատ արձակման պահանջը։ Հայ դատի յանձնախումբը հէնց այս հարցերն է առաջ մղում իր պայքարում։ Սփիւռքահայ երիտասարդներն ուսեալ, բարձրագոյն համալսարաններ աւարտած տղաներ ու աղջիկներ են եւ հասկանում են, որ սա արժանապատիւ խաղաղութիւն չէ։
- Քանի որ օտարութեան մէջ ենք ապրում, մեր ազգային պատկանելութիւնն աւելի ցցուն պէտք է արտայայտուի, որ պայքարենք ձուլման դէմ։
- Մենք ակնթարթօրէն ենք զգում, երբ մեր ինքնութեան դէմ քայլեր են կատարւում։ Հիմա էլ ունենք գիտակցութիւնը, որ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ պայքարն ու մնացած բոլոր արկածախնդրութիւնները համաթուրքական պահանջ են։
- Փոքր-ինչ յուսահատուած ենք, որովհետեւ մեր դասական մեթոդներն ու քայլերն այլեւս այդքան ազդեցիկ չեն, բայց փոխարէնը՝ մենք նոր եղանակներ ենք գտնում երիտասարդութեանն ազգապահպանութեան գործին ներգրաւելու համար։ Շատերը, երբ առաջին անգամ են մասնակցում հայապահպանական միջոցառումներին, զօրաշարժերին, յետոյ խոստովանում են, որ հայի արիւնն այլ կերպ են զգում այդ պահից ի վեր, աւելի շատ են ազգայինը գնահատում։
- Երիտասարդական ներուժը սոցիալական ցանցերում անսահման է, եւ մենք պէտք է կարողանանք այդ ներուժը ճիշտ ուղղորդել։ Պատրաստում ենք կադրեր, որ գալիք սերունդը կարողանայ Հայ դատն առաջ տանել, հայկական ազգային շահերն առաջ մղել։ Նաեւ մեծ միջոցներ ենք ներդնում, որ հայ երիտասարդները Կոնգրեսում աշխատանք ունենան ու կարողանան մեր առաջնահերթութիւններն առաջ տանել։
- Թուրքական ու ադրբեջանական լոբբիները մշտական աշխատանք են տանում մեր աշխատանքները կազմաքանդելու համար։ Փափուկ ուժ են գործադրում, աշխատում են կոնգրեսականների ու մեդիայի հետ, փորձում են հակահայ ու պրոադրբեջանական աջակցութիւն ստանալ նրանցից։ Մենք սովոր ենք, որ մեր ցանկացած գործ հակազդեցութեան է արժանանալու, բայց հաւատում ենք, որ մեր ճանապարհը շիտակ է։
- Հայ Առաքելական Եկեղեցին Ցեղասպանութիւնից յետոյ եղել է այն կառոյցը, որի շնորհիւ աշխարհասփիւռ հայութիւնը կարողացել է մնալ հայ։ Եւ հէնց այդ պատճառով է, որ թէ՛ թուրքական իշխանութիւնները, թէ՛ մեր իշխանութիւնը յարձակում են սկսել Եկեղեցու դէմ, փորձում են նրա այդ առաքելութիւնը վերցնել Եկեղեցու ձեռքից։ Մենք հասկանում ենք, որ սա միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարցը չէ, մենք փորձում ենք օտարներին բացատրել, որ սա աւելի հեռուն գնացող ու վտանգաւոր նպատակներ է հետապնդում, քան առաջին հայեացքից կարող է թուալ։
- Մեր խնդիրը զուտ Սփիւռքի կամ համահայկական խնդիրներ չեն. գերիների, Արցախի հարցերը մարդու իրաւունքների հարցեր են, որոնք համամարդկային են։
- Մենք թշնամական կեցուածք չունենք ոչ մէկի եւ ոչ մի կառոյցի նկատմամբ, միշտ պատրաստ ենք համագործակցել, եթէ նրանք հայկական շահին դէմ չեն աշխատում։ Մենք թշնամիներ չենք փնտրում, բայց ով մեզ հետ է, թող լինի, ով մեր դէմ է, թող մեր դէմ լինի։ Մենք մեր առաքելութիւնից չենք նահանջելու։
Մանրամասները՝ տեսանիւթում։
