Ընդդիմութիւնը բոյկոտել է Ազգային ժողովի նիստը

Ընդդիմութիւնը բոյկոտել է Ազգային ժողովի նիստը

Խորհրդարանական ընդդիմութիւնը՝ «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքների խմբակցութիւնների ներկայացուցիչներով, օգոստոսի 25-ին բոյկոտել է Ազգային ժողովի նիստը։

Նախօրէին «Ուժեղ Հայաստան»-ից պատգամաւորները լքել էին նիստերի դահլիճը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան պատգամաւորների սադրիչ վարքագծի պատճառով։

Yerkir.am-ը տեղեկացնելով այս մասին յաւելել է, որ վարչապետը, ԱԺ ամբիոնից ներկայացնելով Կառավարութեան ծրագրի նախագիծը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին յիշատակելիս միտումնաւոր մի քանի անգամ նրան կոչել է աշխարհիկ անունով, ինչը եկեղեցական աւանդոյթի տեսանկիւնից կոպիտ վիրաւորանք եւ անյարգալից վերաբերմունքի դրսեւորում է։ Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամաւորները սկսել էին հարւածել սեղաններին։ Սակայն դա միայն աւելի էր ոգեւորել Փաշինեանին, որը մի քանի անգամ կրկնել էր իր խօսքերը։ Կառավարութեան ղեկավարի «ֆլեշմոբ»-ին միացել էին իշխող կուսակցութեան պատգամաւորները։ Նրանք սկսել էին ծափահարել եւ կատակներ անել ընդդիմութեան հասցէին։ Արդիւնքում «Ուժեղ Հայաստան»-ից պատգամաւորները լքել էին խորհրդարանի նիստերի դահլիճը։

Բացի այդ, այսօր առաւօտեան Հակակոռուպցիոն կոմիտէն յայտնել է, որ քրէական վարոյթի շրջանակում մի քանի տասնեակ հասցէներում անցկացւել են խուզարկութիւններ եւ այլ դատավարական գործողութիւններ։ Մասնաւորապէս, խուզարկութիւններ անցկացւել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ նրա որդու՝ խորհրդարանի պատգամաւոր Լեւոն Քոչարեանի տներում։ Ինքը՝ նախագահը, եւ նրա աւագ որդին ձերբակալւել են։

Օգոստոսի 24-ին Լեւոն Քոչարեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ խորհրդարանում տեղի է ունեցել վէճ։ Վերջինս ԱԺ ամբիոնից ուղիղ խոստացել է խլել պատգամաւորի ամբողջ ունեցւածքը՝ միաժամանակ յայտարարելով, որ նա չի կարողանայ այն ժառանգաբար փոխանցել երեխաներին եւ թոռներին։

Share