Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցութիւն

Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցութիւն

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Մեկ հոգին իր շքախմբի մի քանի անդամներով ճակատագրական որոշումներ է կայացնում ողջ պետութեան ու ժողովրդի համար եւ անունից։
Թեեւ դա կոչւում է պաշտօնական Երեւանի տեսակէտ, սակայն նրա լեգիտիմ հիմքերը խոցելի են մէկ պարզ պատճառով. թիմը եկել է իշխանութեան այլ ծրագրով, եւ իրականացնում է լրիւ հակառակը։
Հայաստանի հանդէպ հարեւանների եւ խոշոր տէրութիւնների վերջնական որոշումներին քիչ ժամանակ է մնացել (թուրքերը հիմա համբերատար սպասում են այդ որոշմանը), եւ հիմնական ճշտուելիք հարցը հետեւեալն է. արդեօ՞ք կատարուողը իշխող խմբակի կարծիքն է, թե՞ ողջ հայ ժողովրդի, նրա ինստիտուտների եւ վերնախաւերի։
Հետեւաբար այս կարեւոր ջրբաժանի պահին բոլոր ոչ իշխանական համակարգերի՝ ընդդիմադիր խմբակցութիւններ, գոյութիւն ունեցող կուսակցութիւններ, հասարակական-փորձագիտական կազմակերպութիւններ, հանրային միաւորներ, իհարկէ՝ եկեղեցին,  եւ այլն, պարտաւոր են ձեւակերպել ինստուտուցիոնալ այլընտրանքային տեսակէտ մի շարք կարեւորագոյն հարցերի շուրջ։ Անյատական կարծիքը եւ գնահատականները բաւարար չէն, իրավիճակը պահաջնում է ինստիտուցիոնալ դիմադրութիւն եւ յստակութիւն։ Մենք իրաւունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամիսների մեղմ ասած անողնաշար եւ առանց անելիքի իմացութեան պահուածքը։ Աւելի ուշ դրա գնահատականները կտրուէն, թէ ո´վ իրեն ինչպէս պահեց։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա ուղղակի ճիշտ աշխատելու ժամանակն է։
Տեխնիկապէս ինչպե՞ս դա կարուի, էական չէ՝ առանձին յայտարարութիւններ, թէ ի սկզբանէ միասնական փաստաթուղթ։ Կարեւորը փաստաթղթի կամ փաստաթղթերի որակն է՝ գրագէտ, ռացիոնալ, պետական մտածողութեան գերիշխմամբ, առանց գաւառական հայրենասիրութեան տարրերի։
 
Ոչնիկոլական հանրութիւնը պէտք է յստակ դիրքաւորուի մի քանի կարեւորագոյն հարցերի շուրջ.
 
1.     Հայ-ռուսական յարաբերութիւններ
2.     ՀԱՊԿ շրջանակներում աշխատանք
3.     Արեւմուտքի հետ ճիշտ օրակարգային յարաբերութիւններ
4.     Ադրբեջանի հետ աւելի լուրջ եւ երկարաժամկէտ խաղաղութեան պայմանագրի կնքման վերաբերեալ հաստատակամութիւն
5.     Տարածաշրջանում կայուն, արդար խաղաղութեան եւ համագործակցութեան շուրջ յստակ պատրաստակամութիւն
 
Սա նուազագոյնն է, որ մենք պէտք է անենք՝ իրավիճակը փրկելու համար։ Սա ստեղծելու է կամ սկիզբ է դնելու նոր ներհասարակական տրամադրութիւնների եւ պրոցեսների։ Սա ճիշտ պահն է՝ արձանագրելու, որ Հայաստանը միայն ՄԵԿ հոգին չէ, եւ սա ճիշտ պահն է՝ ներհանրային հաշտութեան գնալու։ Թուրքական ռումբերը չէն նայելու մեր քաղաքական, անյատական կամ գեոպոլիտիկ նախասիրութիւններին։ Մեր խնդիրն է՝ այդ ռումբերը թոյլ չտալ։
Եթէ այս հանգուցային պահին մենք ոչինչ չանենք, ապա ինչի՞ համար են ուրեմն այդ բոլոր ինստիտուտները, էլ ո՞ր իրավիճակի, ո՞ր պահի համար։
 

Share