Բրիւսելում բացուել է ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նոր գրասենեակը

Բրիւսելում բացուել է ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նոր գրասենեակը

Մարտի 24-ին Բրիւսելում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նոր գրասենեակի բացման արարողութիւնը․ նշանակալի իրադարձութիւն նրա հիմնադրութիւնից՝ 2002 թուականից ի վեր:

Ի խորհրդանշում Հայ դատի առաքելութեան օժանդակման՝ կարմիր ժապաւէնը կտրել են Մայք եւ Էվելինա Սարեանները, որոնց ընտանիքի առատաձեռն նուիրատուութեան շնորհիւ էլ ձեռք է բերուել նոր գրասենեակը։ Բացման արարողութեանը ներկայ են գտնուել տասնեակ հիւրեր, այդ թւում՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի երկարամեայ բարերարներ Րաֆֆի Արսլանեանը եւ Ատոմ Թենջուկեանը, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ դատի յանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տեր-Խաչատուրեանը, Եւրոպական միութիւնում ՀՀ առաքելութեան ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսեանը, բելգիացի պատգամաւորներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, ինչպէս նաեւ Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի եւ Միացեալ Թագաւորութեան հայ համայնքների ներկայացուցիչներ։

Բացման արաողութեանը յաջորդած ընդունելութեան ընթացքում հնչած ելոյթներում երախտագիտութեան խօսքեր են ձօնուել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել եւ ունենում ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքներին։ Ներկաները, կարեւորելով Հայ դատի Եւրոպայի գրասենեակի դերը առհասարակ Հայ դատի պաշտպանութեան գործում, իրենց բարեմաղթանքներն են յղել գրասենեակի ամենօրեայ տքնաջան աշխատանքին։

Մայք Սարեանը, անդրադառնալով օրուայ խորհրդին, նշել է. «Իսկապէս մեծ պատիւ է Բրիւսելում նուիրաբերութիւն կատարել ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակին՝ ի յիշատակ մեր հոր՝ Երջանիկ Սարեանի։ Երջանիկը, որը հայերէն նշանակում է «երջանիկ», մարմնաւորում է մեր իղձը, այն է՝ այս գրասենեակը երջանկութեան աղբիւր դառնայ բոլոր այն հայերի համար, ովքեր հաւատարիմ են Հայ դատի առաջխաղացմանն ամբողջ աշխարհում եւ յատկապէս Եւրոպայում: Մեծ յաջողութիւններ ենք մաղթում գրասենեակի անձնակազմին եւ մեր համայնքի անդամներին՝ յուսալով, որ աւելի շատ ձեռքբերումներ կ’ունենանք այս մռայլ օրերում»։

ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանն իր խորին երախտագիտութիւնը յայտնելով Մայք Սարեանին եւ նրա ընտանիքին՝ նշել է. «Խորապէս շնորհակալ ենք պարոն Սարեանին եւ նրա ընտանիքին իրենց առատաձեռնութեան համար: Իսկապէս պատիւ է, որ մեր գրասենեակը կրում է հանգուցեալ Երջանիկ Սարեանի անունը: Այս գրասենեակը խորհրդանշում է բոլորիս տունը՝ նուիրուած հայ ժողովրդին եւ հայ ժողովրդին ծառայելուն, առաջ մղելով հայ դատի պայքարը։ Մենք հաւատարիմ ենք այդ նպատակին»:

Նոր գրասենեակի բացումը նշանակալից առաջընթաց է Հայ դատի գրասենեակի համար եւ վերջինս վերահաստատում է իր յանձնառութիւնը հայկական պետականութեան առաջխաղացման եւ Եւրոպայում Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան գործում:

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
25.03.2024

Share