ՔՊական անուանացանկը և Ցեղասպանութեան «իրական հիմքը»

ՔՊական անուանացանկը և Ցեղասպանութեան «իրական հիմքը»

Հիմա էլ լծուել են Հայոց ցեղասպանութիւնը ժխտելո՞ւն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդէն մի տեսակ սովորական է դարձել, որ Հայաստանի իշխանութիւն հանդէս եկողները խօսում են մեր ազգի ու պետութեան թշնամիների արտայայտութիւններով ու ձեւակերպումներով: Ըստ որում, օրումէջ ժամանակացոյցով, մի օր՝ ադրբեջանական խօսոյթով են աչքի ընկնում («տարածքները տուէք, որ պատերազմ չլինի»), միւս օրը՝ թուրքական: Չնայած, մեծ հաշուով՝ տարբերութիւն առանձնապէս չկայ՝ ադրբեջանակա՞ն, թե՞ թուրքական խօսոյթ: Նախօրեին էլ կարկառուն քպականներից մէկը (ընդ որում, նրանց որեւէ մէկի անունը կարեւոր չէ, բոլորն էլ, կարելի է ասել, նոյնն են) փաշինեանական «օվերտօնի պատուհան», իսկ այս դէպքում աւելի տեղին է ասել՝ «օվերտօնի շուշաբանդ» բացեց: Ասածն էլ այն է, թէ…

Չնայած, աւելի լաւ է բառացի ու տառացի մէջբերէնք քպականի խայտառակ ու աղմկահարոյց յայտարարութեան ամէնից կարեւոր հատուածը. «Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաեւ Ցեղասպանութեան հետ կապուած իրական հիմքեր կառուցել՝ հասկանալու համար Ցեղասպանութեան ոչ թէ, ը-ըը, այլ աւելի առարկայական դարձնել Ցեղասպանութեան ենթարկուած մեր հայրենակիցների ամբողջ, ը-ըը, ցա՛նկը: Որովհետեւ մինչեւ հիմա մենք անուանական էդ ցանկն էլ չենք կարողացել հաւաքել եւ պէտք ա կենտրոնանանք էդ ցանկը փաստարկուած հաւաքագրելու համար…»: Ամենից առաջ՝ ի՞նչ է նշանակում «Ցեղասպանութեան հետ կապուած իրական հիմքեր կառուցել…» ձեւակերպումը, որպիսի նպատակ, ըստ կարկառունի, ունի Նիկոլ Փաշինեանը:

«Շան գլուխը», նախեվառաջ, այդ արտայայտութեան տակ է թաղուած: Այսինքն, ըստ Փաշինեանի ու նրա հաւատաւոր զինակցի (զինակիցների), Հայոց ցեղասպանութեան հետ կապուած՝ մէկ դարից աւելի կուտակուած ապացուցողական, փաստաթղթային, պատմական, գիտահետազօտական ահռելի հէնքը հե՞չ, զոհերի անուանացա՞նկն է իբրեւ թէ «իրական հիմքեր կառուցելու»: Ինչպիսի անհեթեթութիւն: Առհասարակ, Փաշինեանի երդվեալ ներկայացուցչի յայտարարութիւնը արժէ դիտարկել մի քանի հարթութեան մէջ՝ քաղաքական, պատմական, տեխնիկական, մարդկային, բարոյական: Սկսենք քաղաքականից: Ով, որ իշխանութեան կարկառուն ներկայացուցիչը ինչի մասին է խօսում: Նա խօսում է Հայոց ցեղասպանութեան զոհերի անուանացանկ կազմելու մասին:

Իսկ այդ թեման համարձակւում է բարձրաձայնել ներկայացուցիչը մի իշխանութեան, որը այդպէս էլ չի հրապարակել իրենց իսկ հրահրած (լեգիտիմացրած) 44-օրեայ պատերազմում իրենց իսկ կառավարութեան որոշումների ու քայլերի հետեւանքով կոտորածի մատնուած հազարաւոր հայ տղաների, ՀՀ քաղաքացիների անուանացանկը: Մինչ օրս թաքցնում ու չէն հրապարակում այդ տուեալները: Ու մէկ էլ, հոյ՛պ, յանկարծ յիշել են Հայոց ցեղասպանութեան սրբադասուած նահատակների անուն-ազգանունների մասին: Ակնյայտից էլ ակնյայտ է, որ քպականի, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութիւնը թուրքական նարատիւ է, Անկարայի, մեղմ ասած, ուղղակի «ցանկութիւնն» է, որի անթաքոյց նպատակը «ՀՀ իշխանութիւն» համարուողի կողմից Հայոց ցեղասպանութեան անհերքելի փաստն ուրանալն է: Սա թշնամական խօսոյթով հանդէս գալու հերթական դրսեւորումն է:

Ի լրումն՝ ուղղակիօրէն սրբապղծութիւն է, քանզի, կրկնենք, խօսքը սրբադասուած նահատակների մասին է: Պատմականը: Նախ՝ կան բազմաթիւ գիտական հետազօտութիւններ, պատմական անհերքելի փաստէր, իրողութիւններ, ու ոչ ոք մեղաւոր չէ, որ քպականները կամ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինեանը անտեղեակ են այդ ամէնից կամ այդպիսին են ձեւանում: Փաստն այն է, որ, չնայած նախորդած ժամանակահատուածում, այդ թւում՝ 1895-96 թթ. զանգուածային ջարդերին, որոնց շուրջ 300 հազար հայ է զոհ գնացել, 1915 թուականի դրութեամբ Արեւմտեան Հայաստանում, Կիլիկիայում, իր բնօրրանում եւ օսմանեան կայսրութեան տարածքում ընդհանուր ապրում էր շուրջ 3,5 միլիոն հայութիւն: Փաստն այն է, որ երիտթուրքերի իշխանութեան՝ թուրքական պետութեան իրականացրած սիստեմաւորուած տեղահանութիւնների ու կոտորածների, մի խօսքով՝ ցեղասպանութեան հետեւանքով հայութիւնը համատարած հայրենազրկուել, իսկ զգալի մասը սպանուել կամ մատնուել է սովամահութեան՝ սիրիական անապատներում:

Հիմա ինչպե՞ս, ի՞նչ արխիւների հիման վրայ են քպականները փորձում անուանացանկ պարզել: Բնականաբար, մի շարք տուեալներ, անուններ, անուանացանկեր պահպանուել են տարբեր աղբիւրներում: Նման օրինակ եղաւ 21-րդ դարի սկզբներին, երբ հրապարակուեցին «Նյու Եօրք լայֆ ինշուրանսի» տուեալները՝ օսմանեան կայսրութեան տարածքում կեանքի ապահովագրում արած հայերի վերաբերեալ: Միւս կողմից՝ թուրքական իշխանութիւնները ոչ թէ պարզապէս բնաջնջել են հայերին, այլեւ ոչնչացրել են եկեղեցիները, ծխական մատեանները (որոնցով կարելի կը լինէր անուանական տուեալներ ճշտել), այլ փաստաթղթեր: Ըստ որում, թուրքական արխիւները ոչ մի պարագայում դիտարկելի չէն, քանի որ անցած 100 տարուայ ընթացքում դրանք իրարայաջորդ թուրքական իշխանութիւնները հնարաւորինս «մաքրել» են՝ ոչնչացնելով իրենց աններելի յանցանքի հետքերը: Առհասարակ, թշնամական սրբագրուած արխիւները չէն կարող որեւէ հիմք ծառայել:

Ճիշտ է, անուանապէս բոլոր զոհերի անունները հաւաքելու եւ հրապարակելու փորձեր եղել են: Ըստ վկայութիւնների, օրինակ՝ 15 տարի առաջ մի քանի հարիւր օրինակով անգամ նման գիրք է հրապարակուել: Այնուհանդերձ, ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ Հայոց ցեղասպանութեան զոհերի լիարժէք անուանացանկ կազմելը, այն էլ՝ աւելի քան 109 տարի անց, գրեթէ անհաւանական բան է: Մանաւանդ, ախր, այդ ո՞ր պետութեան մասին ենք խօսում՝ Թուրքիայի՞: Կամ՝ ենթադրենք՝ տուեալները հաւաքեցին ու կարողացան ստոյգ պարզել, օրինակ՝ 853446 զոհի անուն-ազգանուն: Դրանից ինչոր բա՞ն է փոխուելու: Ի դէպ, բոլոր ողջամիտ մարդիկ հասկանում են, որ 1,5 միլիոն զոհերի քանակը մօտաւոր թիւ է, ըստ որում՝ նուազեցուած մօտաւոր: Իրականում, մենք չենք կասկածում, որ Ցեղասպանութեան ընթացքում շատ աւելի շատ հայեր են զոհուել ու ոչ միայն Արեւմտեան Հայաստանում:

Այսինքն, ստացւում է՝ եթէ հնարաւոր լինի «նոյնականացնել», ասենք՝ 500 հազար կամ վերը նշուած պայմանական 853446 անձի տուեալ, ուրեմն՝ այդքա՞ն զոհ է եղել Ցեղասպանութեան արդիւնքում: Ամփոփելով՝ կրկնենք. իր քպականի միջոցով Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան հիմնական կամ ամէնից վտանգաւոր պահն այն է, որ զոհերի անուանացանկը ու նման անուանացանկ կազմելն է համարւում «Ցեղասպանութեան հետ կապուած իրական հիմք»: Այն, ինչ կատարուել է, անժխտելի փաստ է, ըստ որում՝ այդ ժամանակուայ դիւանագիտական ներկայացուցիչների վկայութիւններով հաստատուած, մի քանի տասնեակ պետութիւնների, միջազգային կառոյցների կողմից ճանաչուած ու դատապարտուած: Ու այդ ամենն, ըստ Նիկոլ Փաշինեանի, իբր թէ՝ իրակա՞ն չէ: Բայց, այ, որ Նիկոլ Փաշինեանն ու իր քպականները անուանացանկ կազմէն, դա՞ է լինելու «իրական հիմք»… Ահա, թէ նաեւ ինչու է Նիկոլ Փաշինեանն իրար հակադրում «պատմական» ու «իրական» Հայաստանները…

Share