Հայոց պետականութեան հիմունքները

Հայոց պետականութեան հիմունքները

Թաթուլ Օհանեան

Հայոց նորանկախ պետականութիւնը, ի սկզբանէ մինչ այսօր խարսխւել է հինգ յենասիւների վրայ՝ Արցախ, Բանակ, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցի, սահմանադրութիւն եւ Սփիւռք, ցաւօք սրտի, այսօր այդ յենասիւները, Հայաստանի իշխանաւորների ապաշնորհ քաղաքականութեան հետեւանքով, խարխլւած են.-

Արցախ

Մեր պատմական Հայաստանի տասներորդ նահանգ՝ Արցախը իր աւելի քան 11000 քմ. տարածքով, որն ըստ «Հայաստանի Անկախութեան հռչակագր»-ի պիտի վերամիաւորւէր Հայաստանին, այսօր ոչ միայն վերամիաւորւած չի Հայաստանին, այլ ցեղասպանութեան ենթարկւելով՝ հայաթափւած է։

Բանակ

ՀՀ-ի զինւած ոյժերը, ըստ, ՀՀ-ի Սահմանադրութեան յօդւած 14-ի, ապահովում են Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութիւնը, անվտանգութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ սահմանների անձեռնմխելիութիւնը, սակայն հակառակ նոյեմբերի 9-ի, եռակողմ համաձայնագրի, Ադրբեջանի զօրքերը դեռ իրենց տիրապետութեան տակ են պահում Հայապատկան, 31 ռազմավարական նշանակութեամբ շուրջ 250 քմ, տարածքներ եւ մեր իշխանաւորները ոչ միայն հանդուրժում են այդ ապօրինի բռնագրաւումները, այլ զերծ պահելով մեր քաջարի բանակին որեւէ պատերազմական գործողութիւնից, կոտրում են զինւած ոյժերի պայքարունակ ոգին, դիմադրողականութիւնը եւ ռազմական խիզախութիւնը։

 Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցի

Հայոց պետականութեան անկումից յետոյ, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին, եղել է առանց զէնքի հայոց թագաւորութիւն եւ որպէս ազգային ինքնավար կառոյց՝ իր բացառիկ կազմակերպութեամբ իր հոգեւոր երկնային առաքելութեանը զուգընթաց կատարել է նաեւ հայ ժողովրդի երկրային կեանքին վերաբերող աշխատանքները եւ հային հայ պահելով, ազգային մշակոյթն ու գրականութիւնը, զարգացնելով ստեղծել հայ ժողովրդի «Ոսկէ» դարը եւ առ ի հաստատում վերոնշեալների, ՀՀ-ի սահմանադրութեան յօդւած 18-ի, առաջին կէտում կարդում ենք, «ՀՀ-ը ճանաչում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում» եւ ըստ յօդւած 17-ի երկրորդ կէտի, «կրօնական կազմակերպութիւններն անջատ են պետութիւնից»։

Դժբախտաբար այսօր, հակառակ վերոնշեալ սկզբունքների եւ կանոնակարգերի, մեր հայրենի իշխանաւորները քմահաճօրէն հալածանք եւ նոյնիսկ քրէական վարոյթ ու հետապնդում են յարուցել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա գահակալ Հայրապետի եւ վեց եպիսկոպոսների դէմ։ Եկեղեցական եւ կանոնական իրաւունքներին պատկանող հարցերը, քրէական վարոյթ դարձնելը, անթոյլատրելի միջամտութիւն է հայ եկեղեցու ինքնավարութեանը։

Սահմանադրական հիմունքներ

ՀՀ-ը, ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական, իրաւական պետութիւն է որտեղ իշխանութիւնը պատկանում է ժողովրդին եւ մարդը բարձրագոյն արժէք է, որի հիմնական իրաւունքների եւ ազատութիւնների յարգումն ու պաշտպանութիւնը իշխանութեան պարտականութիւններն են իսկ պետական իշխանութիւնը իրականացւում է օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների բաժանման ու հաւասարակշռման հիման վրայ։

Ցաւօք սրտի, Ն. Փաշինեանը որպէս ՀՀ-ի վարչապետ, հակառակ իր ստանձնած պարտաւորութեանց չի պաշտպանել սահմանադրական սկզբունքներն ու կանոնները եւ նոյնիսկ խախտողներին էլ պատասխանատւութեան չի ենթարկել այլ ինքը հազիւ իշխանութեան հասած հրահանգել է փակել գործադիր իշխանութեան համազօր՝դատական իշխանութեան պատկանող դատարանի ելքի եւ մուտքի դռները որով հիմք է դրել իր հետագայ բոլոր իրաւախախտումներին որոնցով կարելի է հատորներ գրել։

Հայկական Սփիւռք

Ըստ ՀՀ-ի Սահմանադրութեան յօդւած 19-ի, առաջին կէտի, ՀՀ-ը հայկական Սփիւռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը եւ հայապահպանմանն ուղղւած քաղաքականութիւն, նպաստում է հայրենադարձութեանը։

Նկատի ունենալով Սփիւռքի համար նախատեսւած ծրագիրը եւ Սփիւռքի հետ համակողմանի կապերի զարգացման կարեւորութիւնը, ժամանակի իշխանութիւնները, նպատակայարմար են գտնում նման մի համազգային բնոյթ կրող նպատակների իրագործումը յանձնել նախարարական մակարդակի մի կառոյցի, առ այդ կեանքի են կոչում Սփիւռքի նախարարութիւնը որն անհրաժեշտ համարելով Սփիւռքի մասնակցութիւնը, նման աշխատանքներին, կազմակերպում է Սփիւռքի զանազան թեմերի եւ կազմակերպութեանց ընտրեալ ներկայացացիչների եւ իւրաքնչիւր բնագաւառի մասնագէտների մասնակցութեամբ, մի քանի Հայաստան-Սփիւռք խորհրդակցական ժողովներ որտեղ մասնակիցները, վճռահատելով ժողովի օրակարգի բոլոր կէտերը, հանում են համապատասխան որոշումներ առ ի գործադրում։

ՔՊ-ականները իրենց շէֆի գլխաւորութեամբ, արհամարելով Սփիւռքը եւ նրա դերկատարութիւնը Սփիւռքի աշխատանքներում, կազմալուծում են Սփիւռքի Նախարարութիւնը եւ տեղը նշանակում Սփիւռքի Գործերի Գլխաւոր յանձնակատար անւամբ մի ինչ որ տեսչութիւն որն 2022 թւականի հոկտեմբերի 28-31-ին, առ ի պարտականութիւն կազմակերպում է Համաշխարային Համազգային Գագաթնաժողով աւելի քան 40 երկրներից 600 մասնակիցների, որոնք ներկայացրել են համայնքային կառոյցներ, կազմակերպութիւններ, գիտական, գործարար, ուսանողական եւ երիտասարդական շրջանակներ։

Եթէ իսկապէս, յանձնակատարի կազմակերպածը, Համաշխարհային Համազգային գագաթնաժողով էր, ինչու այդ ժողովին ներկայ չէին Ամենայն Հայոց եւ Կիլիկիոյ զոյգ Կաթողիկոսները, ներկայ չէին նաեւ աշխարհասփիւռ ազգային եկեղեցական մեր թեմերի ընտրեալ պատգամաւորները, որոնք ցոյց են տալիս որ մեր հայրենի իշխանաւորները, ոչ թէ Սփիւռքի համայնքներին եւ նրանց ընտրեալ ղեկավարներին են յարգում ու արժեւորում, այլ Սփիւռքում իրենց հլու հպատակ անձանց։

Երեւան

12.08.2026

Share