Սփիւռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչեւ Արգենտինա և ԱՄՆ Կալիֆորնիա՝ ի պաշտպանութիւն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
Աշխարհասփիւռ հայութիւնը վերջին օրերին համախմբուած ձայնով հանդէս է գալիս ի պաշտպանութիւն Հայ Առաքելական Եկեղեցու՝ կազմակերպելով ակցիաներ, տարածելով յայտարարութիւններ եւ կոչ անելով դադարեցնել եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դէմ իրականացուող քայլերը։ Սփիւռքեան կառոյցները պնդում են, որ ստեղծուած իրավիճակը վտանգում է ազգային միասնութիւնն ու Հայաստան–Սփիւռք յարաբերութիւնների հիմքերը։
Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը խիստ յայտարարութեամբ դատապարտել է Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնների գործողութիւնները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Կազմակերպութիւնը «ափսոսանքով եւ ամենախիստ ձեւով» արձագանքել է եկեղեցու դէմ իրականացուող ճնշումներին՝ ընդգծելով, որ իրավիճակը հատել է նոր սահմանագիծ, յատկապէս Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի նկատմամբ նախաձեռնուած դատական գործընթացների ֆոնին։ Յայտարարութիւնում շեշտւում է, որ նման հարցերը պատկանում են բացառապէս հոգեւորականութեան իրաւասութեանը, իսկ եկեղեցու առաջնորդի եւ հոգեւոր հիերարխիայի դէմ արշաւը անթոյլատրելի հարուած է հայկական ազգային ինքնութեան առանցքային յենասիւներից մէկին։
Ֆրանսահայ կառոյցը նախազգուշացրել է ներքին պառակտումների խորացման վտանգի մասին այն ժամանակահատուածում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին մարտահրաւէրների առաջ։ Ըստ յայտարարութեան՝ նման զարգացումները կարող են թուլացնել թէ՛ հայրենիքը, թէ՛ սփիւռքը եւ ձեռնտու են միայն հայ ժողովրդի հակառակորդներին։ Կազմակերպութիւնը տեղի ունեցողը որակել է քաղաքականապէս դրդուած եւ ազգային միասնութեանը վնաս հասցնող գործընթաց։ Միաժամանակ կոչ է արուել իշխանութիւններին փոխել ընթացքը եւ անյապաղ դադարեցնել այն, ինչ կազմակերպութիւնը գնահատում է որպէս չարաշահումներ։ Պահանջ է ներկայացուել նաեւ վերանայել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագոյն հոգեւոր խորհրդի վեց անդամ եպիսկոպոսների եւ նրա քարտուղարի նկատմամբ ընդունուած որոշումները։ Յայտարարութեան աւարտին վերահաստատուել է յարգանքն ու լիակատար աջակցութիւնը Գարեգին Երկրորդին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն։
Նմանատիպ կոշտ արձագանք է հնչել նաեւ Արգենտինայի Հանրապետութեան հայկական կազմակերպութիւններից։
Նրանք խիստ մտահոգութեամբ դատապարտել են Հայաստանի կառավարութեան որոշումը, որով արգելուել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը երկրից՝ նրան թոյլ չտալով մասնակցել Աւստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։ Արգենտինահայ կառոյցները նշում են, որ այս քայլը մեկուսացուած դէպք չէ, այլ մաս է կազմում աւելի լայն գործընթացի, որը, նրանց գնահատմամբ, բնութագրւում է պետական ինստիտուտների թուլացմամբ եւ իշխանութեան կողմից վերահսկողութեան ուժեղացմամբ։
Յայտարարութիւնում ընդգծւում է, որ վերջին տարիներին նկատւում են համակարգուած ճնշումներ քաղաքական ընդդիմութեան նկատմամբ, դատական գործընթացներ եւ կալանաւորումներ, որոնք հիմնաւոր կասկածներ են առաջացնում քաղաքական դրդապատճառների առկայութեան վերաբերեալ։ Նշւում են նաեւ քննադատողների նկատմամբ հալածանքները, որոնք սահմանափակում են բազմակարծութիւնն ու խօսքի ազատութիւնը։ Առանձին անդրադարձ է կատարուել սփիւռքի հասցէին հնչեցուող մեղադրանքներին, որոնց միջոցով, ըստ յայտարարութեան, փորձ է արւում արհեստական պառակտում մտցնել Հայաստանի եւ աշխարհասփիւռ հայութեան միջեւ։
Արգենտինայի հայկական կազմակերպութիւնները յատուկ ընդգծել են, որ Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական կառոյց չէ եւ չի կարող դիտարկուել որպէս իշխանութեանը ենթակայ մարմին։ Այն, նրանց ձեւակերպմամբ, հազարամեայ ինքնութեան հոգեւոր յենասիւնն է եւ հաւատքի պահապանը։ Եկեղեցու եւ պետութեան բաժանումը պէտք է երաշխաւորի անկախութիւն եւ փոխադարձ յարգանք, ոչ թէ դառնայ ճնշման գործիք։ Կաթողիկոսի նկատմամբ կիրառուած արգելքը, ըստ նրանց, տագնապալի նախադէպ է, քանի որ խոչընդոտում է ազատ տեղաշարժի իրաւունքը եւ ընկալւում է որպէս պետական միջամտութիւն ազգային եկեղեցու ներքին կեանքին։
Ֆրանսիայից մինչեւ Արգենտինա հնչող յայտարարութիւնները վկայում են, որ եկեղեցու շուրջ ձեւաւորուած լարուածութիւնը վաղուց դուրս է եկել ներքաղաքական օրակարգի սահմաններից։ Սփիւռքի տարբեր համայնքներ դա ընկալում են ոչ միայն որպէս կրօնական հարց, այլ որպէս ազգային ինքնութեան, համազգային համերաշխութեան եւ Հայաստան–Սփիւռք յարաբերութիւնների փորձութիւն։ Ստեղծուած իրավիճակում աշխարհասփիւռ հայութիւնը յստակ ազդակ է ուղարկում, որ եկեղեցու եւ նրա առաջնորդի նկատմամբ ցանկացած քայլ դիտարկուելու է համազգային չափանիշներով եւ արձագանք ստանալու է աշխարհի տարբեր անկիւններից։

Կալիֆորնիայի Հայսաստանեաց եկեղեցու առաջնորդարանում ուր Յովնան սրբազանն է առաջնոդը, արդեն երկու շաբաթ է, որ Կիրակնօրեայ պատարագին զոէգահեռ ցոյցեր են տեղի ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ի պաշտպանութիւն: Փետրուարի 15ին եկեղեցու անվտանգութեան պաշտօնեաները փորձել են բախումներ հրահրել ցուցարախրների հետ:




