Արգելուել է Կաթողիկոսի ելքը Հայաստանից՝ ՀՀ դատախազութիւնը քրէական հետապնդում է յարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ

Արգելուել է Կաթողիկոսի ելքը Հայաստանից՝ ՀՀ դատախազութիւնը քրէական հետապնդում է յարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ

Քրեական հետապնդում է յարուցուել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ․ արգելուել է նրա ելքը Հայաստանից:

Այսօր աննախադէպ իրադարձութիւն է եղել: Այս մասին յայտնել է փաստաբան Արայ Զոհրաբեանը։

«ՀՀ դատախազութիւնը քրէական հետապնդում է յարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյեանի հետ կապուած դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Արգելուել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արւում ձախողել Աւստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

Սա պատմական ամօթալի գործողութիւն է իշխանութեան կողմից»,-յայտնել է նա։

Մայր Աթոռ. Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողութիւններն անհիմն են ու անօրինական, կրում են ընդգծուած քաղաքական բնոյթ

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստօրէն դատապարտում է եւ խորը վրդովմունք յայտնում ՀՀ դատախազութեան կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելու եւ Նորին Սրբութեան ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչութեամբ»,-նման յայտարարութեամբ է հանդէս եկել Մայր Աթոռը։

Յայտարարութեան մէջ ասուած է.

«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողութիւններն անհիմն են ու անօրինական եւ կրում են ընդգծուած քաղաքական բնոյթ։ Եկեղեցու ներքին կեանքին միջամտելու ակնյայտ հակասահմանադրական եւ հակաօրինական այս կեցուածքով իշխանութիւնը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հւուապետական գործունէութիւնը։ Այս ամէնը նաեւ անյարգալից վերաբերմունք է միլիոնաւոր հաւատացեալների եւ դարաւոր այն կառոյցի հանդէպ, որը եղել եւ մնում է հայոց պետականութեան անսասան յենասիւնը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անյապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների եւ քարտուղարի նկատմամբ կայացուած ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակութիւնը, նսեմացնում հայրենի պետութեան վարկն ու հեղինակութիւնը»։

«Ապատեղեկատուութիւն է տարածում»

Հոգեւորականներից Բիւրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիւն ապատեղեկատուութիւն է որակում վարչապետի պնդումը. «Ինքը ապատեղեկատուութիւն է տարածում, մարդկանց վարկաբեկում է ամենաստոր ձեւով»:

Վրթանես քահանայ Բաղալեանն «Ազատութեան» հետ զրոյցում հէնց Փաշինեանին է մեղադրում ամիսներ շարունակ եկեղեցու շուրջ ստեղծուած իրավիճակի համար, որով էլ պայմանաւորուած ընտրել են եկեղեցական հարցերը Էջմիածնից դուրս, օտար երկրում քննարկելու ուղին:

«Ինքն ամէն ինչ անելու է, որ Էջմիածնում խոչընդոտուի կաթողիկոսի ու եկեղեցու գործունէութիւնը: Իր յայտարարութիւնը դրա մասին է: Իր անլուրջ կեցուածքը, ստախօս վիճակը տեսնելով հասկանում ենք, որ իր յայտարարութիւնը դրա մասին է», — նշեց Վրթանես քահանան:

Մինչ Փաշինեանի իշխանութիւնը պնդում է, թէ իրենց արշաւի նպատակը Առաքելական Սուրբ եկեղեցու բարեփոխումն է, տէր Վրթանեսը հակադարձում է. «Ժողովն Էջմիածնից դուրս գումարելը նորմալ երեւոյթ է, մենք ժողովներ ենք գումարել Արտիշատում, Դուինում, Մանասկերտում, տարբեր տեղէր, նոյնիսկ 2016 թուականին էր, եթէ չեմ սխալւում, Եպիսկոպոսաց ժողովը Ստեփանակերտում է գումարուել: Այսինքն ժողովի տեղն էական չի, Եպիսկոպոսաց ժողով կարող է ամէն տեղ գումարուել: Այս պարագայում Աւստրիայում գումարելու պատճառը Փաշինեանի կողմից ժողովը խոչընդոտելն է»:

Ըստ հոգեւորականի՝ հէնց Փաշինեանի ու նրա համախոհների պատճառով են կաթուածահար եղել թեմերի աշխատանքները, նրանց որոշումներով են եկեղեցուց բանտ տեղափոխուել ու մեղադրեալի աթոռին յայտնուել բարձրաստիճան հոգեւորականները. «Այսօր ցաւալիօրէն ունենք նոյն այդ վիճակը Արագածոտնի, Գուգարաց, Տաւուշի, Շիրակի թեմերում, որտեղ առաջնորդներին չբացակայելու պարտադրանք կայ»:

Տեր Վրթանեսը մտահոգ է՝ իշխանութիւնները անվտանգային ու սոցիալական հարցերը լուծելու փոխարէն, խախտելով Սահմանադրութիւնը, ընկել են եկեղեցու հետեւից, իրենցով են արել որոշ հոգեւորականների, եւ նրանց միջոցով էլ փորձում են իբր բարեփոխել եկեղեցին: Տիրադաւներին դա չի յաջողուի, ասում է Բիւրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիւը:

Մինչդեռ Փաշինեանը երէկ դիմեց ընդհուպ սփիւռքի որոշ ներկայացուցիչներին՝ կոշտ հակազդեցութիւն է սպասւում նրանց. «Վերջերս բարերարների դիմակի ներքոյ թաքնուած Էջմիածնի գանձերի հետեւից ընկածները…. Էջմիածնի գանձերի վրայ աչք դրածների հայեացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ»:

Նախօրեին հայազգի մի խումբ հեղինակաւոր գործիչներ յայտարարեցին, թէ եկեղեցու ղեկավարութեան վրայ հետեւողական յարձակումները եւ նրա առաջնորդի հարկադրական հեռացման պահանջները սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար: Փաշինեանի յայտարարած եկեղեցու բարեփոխմանը դէմ են ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյեանը, շուեյցարահայ Վահէ Գաբրաշը, Լոնդոնի Կայսէրական քոլեջի վիրաբուժութեան ամբիոնի ղեկավար Լորդ Արայ Դարզին, գործարար, բարերար Վաչէ Մանուկեանն ու այլ երեւելի հայեր սփիւռքից:

Համազգային ողբերգութիւն եւ խարան բոլորի ճակատին եւ հոգուն

Համաշխարհային կարգի խայտառակութիւն եւ համազգային ողբերգութիւն եւ խարան բոլորի ճակատին եւ հոգուն։ Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիւի եւ Թանգարանների տնօրէն Ասողիկ աբեղայ Կարապետեանը:

«Այս նողկալի եւ ստորակարգ ոտնձգութիւնը Հաեօց Հայրապետի Սուրբ Օծութեան եւ աստուածարեալ վեհապետութեան հանդէպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլեւ՝ աստուածային սոսկալի պատիժը»,-գրել է Հայր Ասողիկը։

Share