Յակոբ Բադալեան
Հայաստանի անկախութեան հռչակագրի տեքստը հակապետական է եւ թոյլ չի տալիս ունենալ անկախ պետութիւն։ Այս միտքը պատկանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին, որը մինչեւ 2023 թուականը բոլորովին այլ մտքեր էր արտայայտում Հայաստանի Անկախութեան հռչակագրի մասին։ Բայց, 2023 թուականից նա ասում էր, որ հռչակագրի նախապատերազմական եւ յետպատերազմական ընթերցումներից արուող իր եզրակացութիւնները էապէս տարբեր են։
Շատերը կը մտածեն, թէ տարբեր են Հայաստանի շուրջ իրողութիւնները, դրա համար էլ Փաշինեանը փոխել է իր գնահատականը։ Բայց, երբ 1990 թուականին ընդունուել է Անկախութեան հռչակագիրը, Հայաստանի Հանրապետութիւնը չի եղել յաղթած պետութիւն։ Աւելին, Հայաստանն արդէն իսկ կանգնած էր թէ արցախեան հակամարտութեան, պատերազմի ձնագնդի, թէ երկրաշարժի հետեւանքների, թէ ԽՍՀՄ փլուզման սոցիալ–տնտեսական եւ սոցիալ–հոգեբանական հետեւանքների առաջ։
Անկախութեան այդ հռչակագրի առկայութեամբ Հայաստանը կարողացել է ծանր, բարդ, վայրիվերումներով լի, բայց հետեւողական ընթացքով կայանալ՝ որպէս պետութիւն, ու նաեւ յաղթանակ տանել պարտադրուած, ու դարձեալ անհաւասար պատերազմում։ Այդ ժամանակ եղել է Անկախութեան հէնց այն հռչակագիրը, որ Նիկոլ Փաշինեանն այսօր որակում է «հակապետական». ասելով, թէ այն թոյլ չի տալիս ունենալ «անկախ» պետութիւն։
Հայաստանն այդ հռչակագրով է անդամակցել Միացեալ ազգերի կազմակերպութեանը, միջազգային ամենատարբեր կառոյցների, առանց որեւէ վերապահման կամ նախատինքի, իսկ Ադրբեջանը անգամ կէս բառ իսկ չի ասել այդ հռչակագրին դէմ, աւելին՝ Մինսկի խմբի համանախագահութեամբ բանակցել է նաեւ Արցախի ինքնորոշման իրաւունքի սկզբունքի շրջանակում։
Հետեւաբար, հակապետականը Անկախութեան հռչակագիրը չէ, այլ ինքնին հռչակագրին տրուող այդ բնորոշումն է հակապետական, յատկապէս, որ դա տեղի է ունենում ոչ թէ պատերազմից յետոյ պարզապէս, այլ այն բանից յետոյ, երբ Ադրբեջանը սկսել է դնել այդ հարցը որպէս Հայաստանի հետ, այսպէս կոչուած, խաղաղութեան պայմանագրի պայման։
Որովհետեւ դա արդէն սկսել է ուղիղ առնչուել Նիկոլ Փաշինեանի իշխանութեան կոնստրուկցիային, որը նա պէտք է պահպանէր 2026 թուականի խորհրդարանի ընտրութեանն ընդառաջ։ Անկախութեան հռչակագիրը ոչ թէ պետութեանն է խանգարում կամ հակապետական է, այլ Նիկոլ Փաշինեանի ներկայիս իշխանական կոնստրուկցիային։
Պարզապէս, քանի որ նա ըստ էութեան գործում է «պետութիւնը ես եմ» լիւդովիկոսեան տրամաբանութեամբ, Անկախութեան հռչակագիրը տեսնում է հակապետական։
«Առաւօտ»
«Լիւդովիկոսեան» եզրոյթը հայերէնում ամենից յաճախ օգտագործւում է որպէս քաղաքագիտական կամ պատմական փոխաբերութիւն՝ նկարագրելու համար ծայրայեղ բացարձակ միապետական, կենտրոնացուած եւ անձնակենտրոն իշխանութիւնը։
Այն ծագում է Ֆրանսիայի Բուրբոն արքայատոհմի թագաւորների, յատկապէս Լիւդովիկոս XIV-ի (Լուի XIV, «Արեւ-արքայ») անունից, որը յայտնի է իրեն վերագրուող «Պետութիւնը ես եմ» (L’État, c’est moi) հանրայայտ արտայայտութեամբ։
