Եպիսկոպոսաց ժողովն Աւստրիայում կայանալու է. Մայր Աթոռ

Եպիսկոպոսաց ժողովն Աւստրիայում կայանալու է. Մայր Աթոռ

Եկող շաբաթուայ սկզբին Հայ Առաքելական եկեղեցու միաբանները հարցերը կարգաւորելու փորձ կանէն Աւստրիայի հնագոյն քաղաքներից մէկում՝ Սանկտ Փեոլթընում։ Եպիսկոպոսական ժողովն այս պահի դրութեամբ կը կայանայ։

«Ինչպէս որ արդէն յայտարարուել է, այս ժողովը տեղի կ’ունենայ, կ’իրականացուի։ Պարզապէս այս պահին իրականացւում են կազմակերպչական աշխատանքներ։ Բոլոր եպիսկոպոսները հրաւիրուած են», — Լրատուականներին ասել է Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի տնօրէն Տեր եսայի քահանայ Արթենեանը:

Բոլորը հրաւիրուած են, բայց բոլորը չէ, որ կը գնան։ Բացի այն, որ երկու բարձրաստիճան հոգեւորականներ բանտախցում են, երկուսը՝ տնային կալանքի տակ, երկու շաբաթ առաջ էլ միանգամից վեց եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ մեղադրեալներ դարձան՝ երկրից բացակայելու արգելքով, Աւստրիայի ժողովի քարտուղար քահանան՝ նրանց հետ։ Առայժմ չգիտէն՝ հեռաւար մասնակցելու որոշում կը լինի՞, թե՞ ոչ:

Մեղադրեալ դարձած Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարեանն այս ժողովը ոսկեայ հնարաւորութիւն է համարում խնդիրները քննարկելու համար, միայն թէ չգիտի՝ որքանով է հնարաւոր հեռաւար մասնակցութիւնը։

Հակակաթողիկոսական արշաւին միացած տասը եպիսկոպոսներից մէկը, սակայն, չնայած թիմակիցների յորդորներին, որ բոլորը պիտի բոյկոտէն ու Աւստրիայ չգնան, կմասնակցի ժողովին։ Նա Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտէրեանն է։

«Կանոնականօրէն Եպիսկոպոսաց ժողովը Հայ Առաքելական եկեղեցու այն մարմինն է, որն իրաւասու է քննարկելու իր առջեւ ծառացած խնդիրները եւ համապատասխանօրէն լուծումներ առաջարկելու», — յայտարարել է Հովնան սրբազանը; Նա յայտնել է, որ արդէն Վեհափառին է ուղարկել այն հարցերը, որ իր կարծիքով պիտի օրակարգում լինէն։

«Ինչո՞ւ համար Հովնան սրբազանը քաշութիւն ունի գալու եւ ներկայանալու։ Հովնան սրբազանը գալիս է Կալիֆորնիայից եւ մասնակցում է։ Հետեւաբար, եթէ Հովնան սրբազանը կարող է մասնակցել, իրենք էլ թող մասնակցէն», — ընդգծեց Հայկազուն սրբազանը:

Արքեպիսկոպոսն ափսոսում է, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող միւս հոգեւորականները ժողովը բոյկոտում են։ Շեշտում է՝ ամէն օր է պառակտումը խորանում։ Սրբազանն, այնուամենայնիւ, յոյս ունի, որ բոյկոտողներին ու մեղադրեալ դարձածներին հանած՝ միւս սրբազանները կը կարողանան մեկնել Աւստրիայ. — «Կարծէս թէ եթէ բոլորը մասնակցէն, քուորում կը լինի»:

Մայր Աթոռի հոգեւորականներին պաշտպանող փաստաբանները չէն բացառում, որ հոգեւորական մեղադրեալների շրջանակը Եպիսկոպոսական ժողովին ընդառաջ կարող է ընդլայնուել ու ընդհուպ հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Վեհափառը վերջին օրերին եկեղեցական ծէսէրին նաեւ եկեղեցու ինքնավարութիւնը չարամիտ քայլերից պաշտպանելու յորդորներ է յղում։

«Վարչապետի գլխաւորութեամբ ձեռնարկուած հակաեկեղեցական արշաւն արդէն բացայայտ է։ Խոչընդոտւում է եկեղեցու առաքելութիւնը եւ լրջագոյն վնաս հասցւում մեր ժողովրդի հոգեւոր եկեղեցական կեանքին։ Դատական ատեաններում Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան եւ օրէնքների բացայայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանութիւնները պետական լծակների չարաշահմամբ միջամտում են եկեղեցական կեանքին», — յայտարարել է Գարեգին Երկրորդը:

Եկեղեցու վերնախաւի ու իշխանականների սրուած յարաբերութիւնների հարցը Աւստրիայում քննարկելու որոշումը Մայր Աթոռը հիմնաւորել էր միաբաններին իշխանական ճնշումներից զերծ պահելու ցանկութեամբ:

Աւստրիայում գտնուող Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եւրոպայի ու Սկանդինաւիայի Հայրապետական պատուիրակութիւնից արդէն յայտնել են՝ Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում աւստրիական պետական անվտանգութեան ծառայութիւնը ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգութիւնը։

Փաշինեանը այսօր երեկոյեան յայտարարեց, թէ թոյլ չի տալու «կաթողիկոսութիւնը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին»: Նիկոլ Փաշինեանը պնդեց, թէ տեղեկութիւն ունի, որ կաթողիկոսութիւնը ուզում են տեղափոխել, եւ նախօրէին հրապարակուած նամակը ստորագրողներն էլ փորձում են դա կազմակերպել:

Share