Ֆրանսիայի ԱԺ պատգամաւոր, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութեան ղեկավար Օլիվիէ Ֆորը նշել է, որ ՀՀ իշխանութիւնները Սահմանադրութիւնը փոփոխում են Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով։
Իր X միկրոբլոգում կատարած գրառման մէջ պատգամաւորը մասնաւորապէս նշել է.
«Դաշնակցութիւն կուսակցութեան (Հայաստանի ընկերվար կուսակցութիւն) իմ գործընկեր Իշխան Սաղաթելեանի եւ այդ կուսակցութեան Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի հետ միասին քննարկեցինք ադրբեջանական բանտերում պահուող հայ պատանդների ողբերգական ճակատագիրը, Արցախի հայերի վերադարձի իրաւունքը, ինչպէս նաեւ Հայաստանի քաղաքական իրավիճակը, որտեղ գործող իշխանութիւնները թուրքական եւ ադրբեջանական ճնշումների ներքոյ հակուած են զիջումների գնալ նոյնիսկ սեփական Սահմանադրութեան հարցում»։


Աշխատանքային այցով Փարիզում գտնուող ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի ընկերակցութեամբ, Ֆրանսիայի Հանրապետութեան Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութեան ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամաւոր Օլիվիէ Ֆորի հետ, որը պատրաստւում է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրութիւններին։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՅԴ կուսակցական գործիչներ Ֆրանսիայից եւ Հայաստանից։
Իշխան Սաղաթելեանը շնորհակալութիւն է յայտնել Օլիվիէ Ֆորին՝ երկարամեայ հայանպաստ աշխատանքի համար, եւ արժեւորել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցութեան եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան՝ տասնամեակների պատմութիւն ունեցող ջերմ ու եղբայրական յարաբերութիւնները։
Օլիվիէ Ֆորը վերահաստատել է իր պատրաստակամութիւնը՝ շարունակելու աշխատանքները հայութեան համար կենսական հարցերը ֆրանսիական քաղաքական օրակարգում պահելու ուղղութեամբ։
Զրուցակիցները տեղեկութիւններ են փոխանակել իրենց կուսակցութիւնների դիմագրաւած մարտահրաւէրների վերաբերեալ։ Պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել տարբեր ոլորտներում քաղաքական երկխօսութիւնն ու համագործակցութիւնն առաւել խորացնելու ուղղութեամբ։
Հանդիպման ընթացքում քննարկուել են արցախահայութեան վերադարձի իրաւունքի, գերիների ազատ արձակման եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութեան խնդիրների միջազգայնացմանն ուղղուած քայլերը, որոնցում Օլիվիէ Ֆորը մշտապէս մեծ ներդրում է ունեցել։
