Մենք մեր մանդատների հետ կապուած, մանդատների հաւաքական ուժով օգտագործել ենք բոլոր հնարաւորութիւնները եւ միշտ համադրել ենք այդ հնարաւորութիւնները փողոցային պայքարի հետ։ Այս մասին, պատասխանելով News.am-ի հարցին, յիշեցրել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը։
Քաղաքական գործչի խօսքով՝ իրենց քաղաքական ուժն այդ պայքարի առնուազն երկու մեծ փուլ է անցկացրել։
«Հասե՞լ ենք նպատակին։ Ո՛չ։ Բայց, այդուհանդերձ, ես չեմ տեսնում որեւէ պահ, որ կարողանամ ասել, թէ մենք ի վիճակի էինք աւելին անել եւ չարեցինք։ Դա փաստ է։ Հիմա հնարաւորութիւններն իրականում աւելի շատ են՝ եւ՛ մանդատների քանակի տեսանկիւնից, եւ՛ կայ նաեւ այլ քաղաքական ուժ, որն աւելի շատ մանդատներ է ստացել՝ հանդէս գալով աւելի թարմ, նոր դէմքերով։ Ես կարծում եմ, որ այստեղ նոր, հետաքրքիր հնարաւորութիւն է բացւում պայքարի տեսանկիւնից։
Սրան աւելացնենք հետեւեալ հանգամանքը. այն, որ իշխանութիւնների լեգիտիմութիւնն անշուշտ հարցականի տակ է լինելու ամբողջ այս ժամանակահատուածում, ինչը նախկինում չի եղել։ Եւ, հաւանաբար, ես նկատեցի, որ ընդդիմադիր ձայները կտրուկ աւելացել են։ Ըստ էութեան, եթէ փորձենք գնահատել նոյնիսկ փոշիացուած ձայները, ապա այստեղ էլ մեծ մասը կազմել են ընդդիմադիր ձայները՝ աւելի քան 600 հազար։ Եթէ դրանցից 10%-ը դուրս գայ փողոց, դա բաւարար է մէկ տարում այս իշխանութիւնների հարցը լուծելու համար»,- ընդգծել է ընդդիմութեան առաջնորդը։
Քաղաքական գործչի համոզմամբ՝ ներուժը կայ, իսկ թէ ինչպէս նրանք կը կարողանան օգտագործել այդ ներուժը, կախուած է եւ՛ իրենցից, եւ՛ այն իրավիճակի որոշակի զարգացումներից, որն այսօր ստեղծուել է Հայաստանում։
«Ի դէպ, մի բան աւելացնեմ Ձեր հարցին։ Ես բերեցի տարբեր գործոնների 4 բլոկ, եւ ամենավճռորոշը, ըստ իս, արտաքին աջակցութիւնն էր։ Ինչո՞ւ։ Որովհետեւ արտաքին աջակցութիւնը ՔՊ-ին եւ Նիկոլ Փաշինեանին հնարաւորութիւն տուեց արհամարհել օրէնսդրութիւնը, արհամարհել, ասենք այսպէս, քաղաքաւարութեան բոլոր նորմերը։ Որովհետեւ այն աջակցութիւնը, որը ցուցաբերեցին, օրինակ, Միացեալ Նահանգները եւ եւրոպացիները, պարզ լեզուով կարելի է թարգմանել հետեւեալ կերպ. «Արայ՛, ինչ ուզում ես։ Մենք ճանաչում ենք քո իշխանութիւնը։ Ինչ ուզում ես, արայ»։ Դա պարզապէս նման յայտարարութիւն էր։ Եւ Նիկոլ Փաշինեանն արեց այն ամէնը, ինչ հնարաւոր էր, այն ամէնը, ինչ կարելի էր եւ չէր կարելի՝ թքած ունենալով օրէնսդրութեան վրայ, թքած ունենալով ամէն ինչի վրայ»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ինքը փայլուն յարաբերութիւններ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի, Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, բայց երբեք, ոչ մի ընտրութեան ժամանակ, ո՛չ Ժակ Շիրակը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ այլ նախագահներ ընտրութիւններից առաջ կոչ չէն արել քուէարկել իր օգտին։
«Եւ նման բան ընդունուած չէր։ Դա համարւում էր կոպիտ միջամտութիւն, եւ ես չեմ յիշում, որ Հայաստանի պատմութեան մէջ երբեւէ նման բան տեղի ունեցած լինի։ Նոյնիսկ 2021 թուականին նման բան չկար»,- նշել է քաղաքական գործիչը։
Նրա խօսքով՝ արտաքին ուժերի կողմից աջակցութիւնն այն ժամանակ իշխանութիւններին ցուցաբերւում էր, բայց որոշակիօրէն միջնորդաւորուած։
«Նման միջամտութիւնն ինքնին արդէն մեծ հարցականի տակ է դնում արդիւնքների լեգիտիմութիւնը։ Սա կոպիտ միջամտութիւն է։ Եւ դա, կրկնեմ այս միտքը, արձակեց Նիկոլ Փաշինեանի ձեռքերը՝ թոյլ տալով նրան անել հնարաւոր ամէն ինչ այս ընտրութիւնները կեղծելու համար։ Ըստ էութեան, արեւմտեան առաջնորդները դարձան նոր բռնապետի ձեւաւորման, կայացման մասնակիցներ։ Այլ բացատրութիւն ես չունեմ»,- նշել է ընդդիմութեան առաջնորդը։
Քաղաքական գործիչը յիշեցրել է իր նախկին մամուլի ասուլիսների ժամանակ հնչեցրած միտքն այն մասին, որ այնտեղ, ուր առաջ են մղւում աշխարհաքաղաքական շահերը, ժողովրդավարութիւնը նահանջում է։
«Սա պարզ ճշմարտութիւն է։ Այսօր ստեղծուել է նման իրավիճակ։ Միացեալ Նահանգները բռնապետէրին աջակցելու հսկայական փորձ ունի, երբ ելնելով հէնց աշխարհաքաղաքական շահերից՝ նրանք պաշտպանում էին Պինոչետին, աջակցում էին Սոմոսային։ Նոյնիսկ, եթէ չեմ սխալւում, Ռուզուելտն ունէր յայտնի արտայայտութիւն։ Նա ասում էր. «Նա շան որդի է, բայց մեր շան որդին է»։ Հիմա նման իրավիճակ է»,- նշել է ընդդիմութեան առաջնորդը։
Ռոբերտ Քոչարեանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինեանը մտածուած է ներքաշել Հայաստանին այս պատմութեան մէջ։
«Նա դա արել է մտածուած, որպէսզի ստանայ այդ աջակցութիւնը»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Ընդդիմութեան առաջնորդի խօսքով՝ տեղի ունեցածի գինը դարձաւ ստեղծուած իրավիճակը։
«Նա արեց ամէն ինչ։ Պարզապէս ես յիշեցնեմ։ Նրանք մեկնեցին Բրիւսել՝ խնդրելով պաշտպանուել Ռուսաստանից, հիբրիդային միջամտութիւններից, հիբրիդային պատերազմից։ Եւ նա ներքաշեց Հայաստանը դրա մէջ մէկ պատճառով՝ ստանալ այդ աջակցութիւնը Արեւմուտքից եւ օգտագործել այդ աջակցութիւնը ամբողջ ծաւալով՝ թաղուելով ընտրական խախտումների մէջ»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։
Ինչպէս ընդգծել է Ռոբերտ Քոչարեանը, հէնց դրանում էր կայանում նպատակը, եւ այդ նպատակին Նիկոլ Փաշինեանը հասաւ, բայց դրա գինը վճարելու է հայ ժողովուրդը։
«Որովհետեւ նա մէզ ներքաշեց շատ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ անցանկալի դիմակայութեան մէջ։ Հիմա ստացւում է այնպէս, որ Փաշինեանի յաղթանակը Արեւմուտքը ընկալում է որպէս իր յաղթանակ։ Համապատասխանաբար, Ռուսաստանն աւտօմատ կերպով պէտք է ընկալի այն որպէս իր պարտութիւն։ Եւ հակառակը՝ Փաշինեանի հնարաւոր ձախողումը Արեւմուտքը սկսում է ընկալել որպէս իր պարտութիւն, իսկ Ռուսաստանը՝ որպէս իր յաղթանակ։ Երկրի համար սա ընդհանրապէս ոչ մի լաւ բանի չի յանգեցնում։ Եւ իմ բոլոր հրապարակային ելոյթների ժամանակ ես միշտ զգուշացրել եմ, որ սա վատ ուղղութիւն է, մի՛ տարեք երկիրը այնտեղ, մի՛ տարեք այնտեղ։ Բայց Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն տարաւ Հայաստանը հէնց այդ ուղղութեամբ»,- նշել է նա։
Քաղաքական գործիչը մեկնաբանել է նաեւ այն փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այժմ չի շնորհաւորել Հայաստանի վարչապետին ընտրութիւններում նրա կուսակցութեան յաղթանակի կապակցութեամբ։
«Այն պայմաններում, երբ Եւրոպական միութեան եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնները կրում են թշնամական բնոյթ, երբ Եւրոպական միութիւնը փաստացիօրէն քաղաքական միաւորումից վերածւում է ռազմաքաղաքականի, իսկ նրա յարաբերութիւնները Ռուսաստանի հետ դառնում են բացայայտ առճակատումային, Հայաստանին այս համատեքստում ներքաշելը անպատասխանատուութիւն է։ Ընտրութիւններում նա յաղթեց, բայց Հայաստանը դրանից պարտուեց։ Եւ դրա հետեւանքները ծանր են լինելու։ Ամենից առաջ հէնց իր՝ Նիկոլ Փաշինեանի համար։ Բայց նաեւ՝ հայ ժողովրդի համար»,- նշել է Ռոբերտ Քոչարեանը։
news.am
