Այսօր՝ Յունիսի 26-ին, Սահմանադրական դատարանը քննում էր Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններն անվաւեր ճանաչելու վերաբերեալ եօթ քաղաքական ուժերի դիմումները։ Այդ կապակցութեամբ ՍԴ շէնքի առջեւ տեղի ունեցաւ «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան բողոքի ցոյցը՝ ի պաշտպանութիւն քաղաքացիների քուէների։
Քաղաքական ուժերը պահանջում են անվաւեր ճանաչել ընտրութիւնների արդիւնքները, նշանակել նոր ընտրութիւններ կամ երեք ընտրատեղամասերում անցկացնել վերաքուէարկութիւն։
«Առաջիկայ օրերին կը պարզուի՝ Սահմանադրական բարձր դատարանը կը մնա՞յ օրէնքի շրջանակում, իր դերի մէջ, թէ՞ ոչ»,– լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։ Նա նաեւ նշել է. «Այնպէս չէ, որ դատարանն արդէն հեղինակութիւն ունի կամ մինչեւ հիմա շարժուել է օրէնքի շրջանակներում, բայց ամէն դէպքում դիմում կայ, հնարաւորութիւն տրուած է, տեսնենք, թէ ինչ արդիւնք կը լինի»։




Իշխան Սաղաթելեանը անդրադարձել է նաեւ առաջիկայ քայլերին. «Սահմանադրական դատարանի որոշումից յետոյ կը ներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնո՞ւմ ենք մանդատները, թէ՞ ոչ։ Եթէ վերցնում ենք, ապա՝ ինչ օրակարգով։ Եթէ գնում ենք խորհրդարան, առնուազն ինչ ճանապարհային քարտէզ ենք պատկերացնում, ինչ օրակարգով, ինչ քայլերով եւ ինչ գործելակերպով ենք աշխատելու, իսկ եթէ չենք գնում, ապա ինչ ենք անելու»։
«ԿԸՀ-ի կողմից երեք ընտրատեղամասերի ընտրութիւնների արդիւնքներն անվաւեր ճանաչելու գործընթացն ունի բազմաթիւ հակաօրինական եւ հակասահմանադրական դրսեւորումներ, եւ եթէ Սահմանադրական դատարանը չվերականգնի օրէնականութիւնը, դա երկրի ապագայի համար չափազանց վտանգաւոր նախադէպ կը ստեղծի»,– յայտարարել է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան մամուլի քարտուղար Իւետա Տօնոյեանը։
«Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը, հայ ժողովրդի պատմութեան մէջ 2026 թուականի խորհրդարանական ընտրութիւնները մնալու են ոչ լեգիտիմ, մնալու են կեղծուած»,– իր ելոյթում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։
Նրա խօսքով՝ գործող իշխանութիւնների ընտրական մեքենայութիւնները չեն աւարտուել քուէարկութեան օրը, այլ շարունակւում են մինչ օրս։
«Այսօր այս շէնքում չի վճռւում միայն այս ընտրութիւնների հարցը։ Չի վճռւում այն հարցը, թէ որ քաղաքական ուժը քանի մանդատ կը ստանայ, խորհրդարանում քանի ձայն կը ունենայ Նիկոլ Փաշինեանը եւ ինչ օրէնքներ կը կարողանայ ընդունել։ Այսօր այս շէնքում վճռւում է Հայաստանի ճակատագիրը, հայերիս ճակատագիրը»,– յայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
Դիմելով ներկաներին՝ Արթուր Խաչատրեանը նաեւ հարց է ուղղել. «Մենք ի՞նչ երկիր ենք ուզում ունենալ՝ երկի՞ր, որտեղ վերջապէս կը կարողանանք իրականացնել մեր ազգային նպատակները եւ ունենալ ազգային պետութիւն, թէ՞ երկիր, որի Սահմանադրութիւնը գրուելու է Բաքուում»։
Իր ելոյթում «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան մամուլի խօսնակ Մարիաննա Ղահրամանեանը մասնաւորապէս նշել է, որ Սահմանադրական դատարանը պարտաւոր է կանգնել ճշմարտութեան կողքին եւ չեղարկել կեղծուած ընտրութիւնների արդիւնքները։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը առաջիկայ օրերին կը քննի ընդդիմադիր եօթ ուժերի դիմում-բողոքները, իսկ վերջնական վճիռը կը յայտնի Յուլիսի 4-ին։
