Բաղդադի ընտրութիւնը՝ ԱՄՆ-ում կրթութիւն ստացած հայ քրիստոնեայ խորհրդականին Ուաշինգտոնում դեսպան նշանակելու, վկայում է Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնները վերաձեւաւորելու եւ երկրի դիւանագիտական դերակատարութիւնն ընդլայնելու ձգտման մասին։
Իրաքը Գրիգոր Տէր-Յակոբեանին՝ վարչապետ Ալի ալ-Զայդիի հայ քրիստոնեայ խորհրդականին, առաջադրել է որպէս Ուաշինգտոնում դեսպան։ Տարածաշրջանային դիւանագէտները «Ալ-Մոնիթոր»-ին հաստատել են առաջադրումը՝ այն նկարագրելով որպէս Բաղդադի աւելի լայն ջանքի մաս՝ Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնները վերակարգաւորելու ուղղութեամբ։
Տէր-Յակոբեանը, ԱՄՆ-ում կրթութիւն ստացած իրաքցի պաշտօնեան, որը բազմաթիւ պաշտօններ է զբաղեցրել՝ այդ թւում որպէս նախկին նախագահ Բարհամ Սալեհի եւ նախորդ վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի խորհրդական, սպասում է Թրամփի վարչակազմի պաշտօնական համաձայնութեանը՝ իր պաշտօնը ստանձնելու համար։ Հաստատուելու դէպքում հայ քրիստոնեայ դիւանագէտը տասնամեակների ընթացքում կը դառնայ Իրաքի առաջին ոչ շիիթ դեսպանը Ուաշինգտոնում։
Յոյս կայ, որ նա կանաչ լոյս կը ստանայ ժամանակին՝ Զայդիի եւ նախագահ Դոնալդ Թրամփի Ուաշինգտոնում նախատեսուած հանդիպումից առաջ, որը պէտք է տեղի ունենայ յուլիսի երրորդ շաբաթում։
Երեք զաւակների 49-ամեայ հայրը, որը միջազգային յարաբերութիւնների մագիստրոսի աստիճան է ստացել Դենվերի համալսարանի Ժոզէֆ Քորբէլի միջազգային ուսումնասիրութիւնների դպրոցում, լայնօրէն դիտւում է որպէս գրեթէ անխուսափելի ընտրութիւն։ Տէր-Յակոբեանին մօտից ճանաչող իրազեկ աղբիւրները նշում են, որ նա հաստատուած փորձ ունի ԱՄՆ յաջորդական վարչակազմերի հետ հարթ յարաբերութիւններ պահպանելու հարցում։
«Ես նրա նշանակումը դիտարկում եմ որպէս չափազանց դրական ազդակ, որ վարչապետը որոշել է ուղարկել հաւանաբար իր իսկ թիմի ամենաորակեալ անդամին՝ այն մարդուն, որն ամենաշատ պատկերացումն ունի այն մասին, թէ ինչպէս է աշխատում Ուաշինգտոնը», — «Ալ-Մոնիթոր»-ին ասել է Իրաքի եւ Իրանի հարցերով ԱՄՆ պետական քարտուղարի նախկին փոխօգնական Վիքթորիա Թէյլորը, որը 2025 թուականի մայիսին հեռացել է պաշտօնից՝ միանալու Ատլանտեան խորհրդին։
«Նա գերազանց է եղել երկկողմ յարաբերութիւններում եւ աշխատել է միջազգային ընկերութիւնների հետ», — ասել է աղբիւրներից մէկը։ Սա համահունչ է Միացեալ Նահանգների եւ Իրաքի լարուած յարաբերութիւնները զուտ անվտանգային շեշտադրումից հեռացնելու եւ դրանք դէպի, այսպէս կոչուած, «բիզնեսը՝ առաջին հերթին» օրակարգ ուղղորդելու ջանքերին։
«Ես զարմացած չեմ լսելով, որ Գրիգորը դիտարկւում է այսպիսի հեղինակաւոր պաշտօնի համար», — յիշում է Դենվերում բնակուող քաղաքագէտ Սիմոն Մաղաքեանը՝ Օքսֆորդի համալսարանի յետդոկտորական գիտաշխատողը, որը Տէր-Յակոբեանին ճանաչել է վերջինիս Դենվերում ուսանելու տարիներին։ «Ես նրան յիշում եմ որպէս պայծառ, անկեղծ, ռազմավարական մտածող եւ կամուրջներ կառուցող անձ», — Մաղաքեանը ասել է «Ալ-Մոնիթոր»-ին։
Տէր-Յակոբեանը փոխարինելու է Իրաքի արտաքին գործերի նախկին փոխնախարար Նիզար ալ-Խայրալլահին, որը ներկայումս Իրաքի դեսպանն է Ուաշինգտոնում։ Նմանատիպ զարգացմամբ՝ ակնկալւում է, որ Պետդեպարտամենտի Մերձաւոր Արեւելքի փորձառու պաշտօնեայ Փիթըր Շէան կը փոխարինի Պետդեպարտամենտի մէկ այլ մասնագէտի՝ Ջոշուա Հարիսին, որպէս Բաղդադում առաքելութեան ժամանակաւոր ղեկավար, մինչեւ մշտական դեսպանի նշանակումը, եթէ այն կայանայ։
Իրաքա-ամերիկեան առեւտրային կապերի խթանումը մեծ առաջնահերթութիւն է եղել նախագահ Թրամփի նորանշանակ Իրաքի բանագնաց Թոմ Բարրաքի համար, որը անցեալ շաբաթ Բաղդադում էր՝ իր առաջին պաշտօնական այցով այդ կոչումը ստանձնելուց յետոյ։ Իրաքի վարչապետի հետ նրա հանդիպման ընթացքում էներգետիկ նախագծերը օրակարգի գլխաւոր կէտերից էին, ասել են բանակցութիւններին ծանօթ աղբիւրները։ Այդ նախագծերի մէջ են ԱՄՆ խոշոր «Chevron» ընկերութեան հետ միլիարդաւոր դոլարների բանակցութիւնները՝ հարաւային Իրաքի հանքավայրերում նաւթ մշակելու շուրջ, Իլոն Մասքի «Starlink»-ի արտօնագրումը՝ բարձր արագութեան համացանցային կապի համար, հեղուկացուած բնական գազի լողացող տերմինալները ԱՄՆ-ի մէկ այլ ընկերութեան՝ Թեքսասում հիմնուած «Excelerate Energy»-ի հետ, եւ Քիրքուքի նաւթահանքերը Սիրիայի Բանիասի արտահանման տերմինալներին կապող նաւթամուղի վերականգնումը, ասուած է Իրաքում ԱՄՆ դեսպանութեան հրապարակած հանդիպման ամփոփագրում։
Ամփոփագրում նշուած է, որ Զայդին եւ Բարրաքը «քննարկել են Իրաքի կառավարութեան ընդհանուր ձգտողական տեսլականը՝ իրականացնելու Իրաքի ծրագրերը Իրաքի պետութեան իշխանութիւնից եւ վերահսկողութիւնից դուրս գործող բոլոր զինուած խմբերի եւ կազմաւորումների ամբողջական զինաթափման եւ լուծարման ուղղութեամբ»։ Սա ակնյայտ յղում էր Իրանի աջակցութիւնը վայելող շիիթ աշխարհազօրայիններին, որոնք Իրաքում անհամաչափ մեծ ազդեցութիւն ունեն։ ԱՄՆ յաջորդական վարչակազմերը ճնշում են գործադրել Բաղդադի վրայ՝ զինաթափելու եւ լուծարելու այդ աշխարհազօրայիններին եւ կտրելու նրանց եկամուտների աղբիւրները, մինչ այժմ՝ աննշան արդիւնքով։
Լայնօրէն կարծւում է, որ Իրանը Իսրայէլի եւ Միացեալ Նահանգների հետ պատերազմից դուրս է եկել աւելի խրախուսուած։ Փորձագէտների կարծիքով՝ եթէ մի բան, ապա այն հաւանաբար աւելի կը խորացնի իր դաշինքը Իրաքի շիիթ աշխարհազօրայինների հետ, որոնք չորս ամիս տեւած հակամարտութեան ընթացքում թիրախաւորել են ԱՄՆ-ի ռազմակայանները եւ ԱՄՆ-ի կողմից շահագործուող նաւթահանքերը Իրաքում։
Իրաքի կառավարութիւնը սեպտեմբերեան վերջնաժամկէտ է սահմանել այն աշխարհազօրայինների զինաթափման համար, որոնք սկզբնապէս կազմաւորուել էին ԻՊ-ի դէմ կռուելու նպատակով։
Ակնկալւում է, որ Բարրաքի աջակցութիւնը Տէր-Յակոբեանին առանցքային կը լինի նրա Ուաշինգտոնում պաշտօնավարման ընթացքում, «որտեղ Իրաքի կարեւորութիւնը օրակարգում իսկապէս նուազել է», նշել է Թէյլորը։ «Հետեւաբար Իրաքի համար դրականն այն է, որ այդ գործին ուշադրութիւն դարձնող մէկը կայ, որն այնքան մօտ է նախագահին», — նկատել է Թէյլորը։ Բարրաքը Թրամփի վաղեմի ընկերն է։
Բարրաքը, որը միաժամանակ Սիրիայի բանագնացն է եւ Թուրքիայում դեսպանը, լաւ յարաբերութիւններ ունի Տէր-Յակոբեանի հետ, «Ալ-Մոնիթոր»-ին անանունութեան պայմանով ասել է տարածաշրջանային պաշտօնեաներից մէկը։
Այնուամենայնիւ, Տէր-Յակոբեանի աշխատանքը հեշտ չի լինելու։ Կոնգրեսում շարունակում է գոյութիւն ունենալ այն պատկերացումը, թէ Իրանը լիովին վերահսկում է Իրաքը։ Իրաքում շարունակուող զանգուածային կոռուպցիան եւս չի նպաստել նրա հեղինակութեանը ԱՄՆ օրէնսդիրների շրջանում։ «Տէր-Յակոբեանը գերազանց վաճառող է, բայց նա խրված է վնասուած ապրանքի հետ», — «Ալ-Մոնիթոր»-ին ասել է Իրաքում գտնուող աղբիւր մը, որը անձամբ ճանաչում է նոր բանագնացին։
Իրաքա-ամերիկեան յարաբերութիւնները հիմնականում խարսխուած են եղել անվտանգութեան վրայ այն ժամանակից ի վեր, երբ Միացեալ Նահանգները 2003 թուականին տապալեց Սադդամ Հուսէյնին եւ գրաւեց Իրաքը։ Սակայն այդ կապերը թուլացել են Իրաքի յաջորդական առաջնորդների մշտական կոչերի պայմաններում, որոնք, ըստ լայն տարածուած պնդումների, խրախուսուել են Թեհրանի կողմից՝ ԱՄՆ զօրքերը երկրից դուրս բերելու համար։ Զօրքերի մեծ մասը դուրս էր բերուել 2026 թուականի սկզբին, մի քանի հարիւրը վերատեղակայուել էր Իրաքի Քուրդիստանի շրջանի ռազմակայաններում, որտեղ նրանք շիիթ աշխարհազօրայինների անօդաչու թռչող սարքերի յարձակումների էին ենթարկուել դեռեւս նախքան 2026 թուականի փետրուարին Իրանի պատերազմի սկիզբը։
Պենտագոնի ֆինանսաւորումն իրաքեան ուժերի համար եւս նուազել է, քանի որ այն հեռանում է Իսլամական պետութեան դէմ պայքարի միջազգային կոալիցիայի՝ «Operation Inherent Resolve» գործողութեան առաջնորդի իր մենթորական դերից եւ անցնում է Իրաքի բանակի հետ երկկողմ ձեւաչափի։ Երկկողմ անվտանգային յարաբերութիւններում ԱՄՆ զինուորական ներգրաւուածութեան բնոյթն ու աստիճանը՝ կոալիցիայի դրօշի իջեցումից յետոյ, դեռ պէտք է քննարկուեն երկու կողմերի միջեւ, ինչպէս նաեւ երկրում ԱՄՆ զօրքերի ապագայ ներկայութիւնը, «Ալ-Մոնիթոր»-ին ասել է դիւանագիտական գործընթացի վիճակին ծանօթ իրազեկ աղբիւր մը։
«ԱՄՆ-Իրաք անվտանգային գործընկերութեան բնոյթը փոխուելու է «Operation Inherent Resolve»-ի աւարտով, եւ կարծում եմ, որ Իրաքի նոր դեսպանը կարող է իսկապէս առանցքային դեր խաղալ՝ օգնելու սահմանել, թէ ինչ տեսք կունենայ այդ գործընկերութեան ապագան», — եզրափակել է Թէյլորը։
Այս զեկոյցին նպաստել է «Ալ-Մոնիթոր»-ի պաշտպանութեան եւ անվտանգութեան թղթակից Ջարէդ Սզուբան։
