Գլենդելի առաջին հայ ոստիկանապետը

Գլենդելի առաջին հայ ոստիկանապետը

Գլենդելի պատմութեան մէջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակուել

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի պատմութեան մէջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտօնը կը զբաղեցնի հայազգի պաշտօնեայ։ Այս մասին հաղորդում է US Armenia հեռուստաընկերութիւնը՝ նշելով, որ Ռոբերտ Ուիլեամը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանութեան համակարգում՝ անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։

Նա ստանձնել է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտօնը։

Ուիլեամը նշել է, որ իր գլխաւոր առաջնահերթութիւններն են քաղաքի անվտանգութեան ապահովումն ու տարբեր համայնքների հետ սերտ համագործակցութիւնը։

«Հպարտ եմ, որ դարձել եմ Գլենդելի առաջին հայազգի ոստիկանապետը։ Սակայն իմ նպատակը երբեք առաջին հայ ոստիկանապետ դառնալը չի եղել։ Իմ նպատակը եղել է դառնալ այնպիսի ոստիկանապետ, որը կարող է քաղաքն անվտանգ պահել»,– ասել է նա։

Նրա խօսքով՝ հայկական ինքնութիւնը մշտապէս կարեւոր դեր է ունեցել իր կեանքում։

«Հայկական ազգանուն չունեմ։ Հայրս ասորի եւ հայ է, մայրս՝ հայ։ Մեր տանը մենք միայն հայերէն ենք խօսել»,– նշել է նորանշանակ ոստիկանապետը։

Գլենդելի ոստիկանութիւնը Լոս Անջելեսի շրջանի խոշորագոյն իրաւապահ կառոյցներից է։ Այն ունի աւելի քան 500 աշխատակից, որոնցից շուրջ 270-ը ոստիկաններ են, իսկ տարեկան պիւտճէն գերազանցում է 150 միլիոն տոլարը։

Ռոբերտ Ուիլեամը համոզմունք է յայտնել, որ իր նշանակումը կարող է օրինակ ծառայել երիտասարդների, մասնաւորապէս՝ հայ երիտասարդների համար։

«Եթէ երիտասարդները տեսնեն, որ այս ճանապարհը բաց է եղել ինձ համար, ապա կը հասկանան, որ այն բաց է նաեւ իրենց համար»,– ասել է նա։

Նորանշանակ ոստիկանապետը նաեւ բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանութեան հետ համագործակցութիւնը եւ յոյս յայտնել, որ այն ապագայում աւելի կընդլայնուի։

Նրա պաշտօնավարման առաջին օրն անցել է բազմաթիւ շնորհաւորանքների եւ բարեմաղթանքների մթնոլորտում, սակայն առջեւում նրան սպասւում է պատասխանատու աշխատանք՝ ուղղուած քաղաքի անվտանգութեան պահպանմանն ու ոստիկանութեան համակարգի հետագայ զարգացմանը։

Share