«Փաստինֆոյ»-ն գրում է, որ դատախազաքննչական մարմինները լծուած են՝ ընդդիմադիր ուժերին ընտրութիւններին մասնակցութեանը խոչընդոտելուն կամ առնուազն անյարմարութիւններ ստեղծելուն, փոխարէնը՝ անհետեւանք են թողնում ընտրողներին վախեցնելու, կաշառելու իշխանութիւնների վարքագիծը։
Այն, որ Նիկոլ Փաշինեանի ակտիւ դերակատարութեամբ արդէն իսկ կասկածի տակ է 2026 թուականի խորհրդարանական ընտրութիւնների լեգիտիմութիւնը, աներկբայ է, քանզի անգամ նրա իսկ կողմից վերահսկուող քարոզչական հանդիպումների ժամանակ քաղաքացիները չէն թաքցնում իրենց տագնապը՝ նրա չընտրուելու դէպքում հնարաւոր պատերազմի համար։ Այդ թեզը, յիշեցնենք, շրջանառութեան մէջ է դրել հէնց Փաշինեանը, ինչը նշանակում է, որ մարդիկ վախի ազդեցութեան տակ են քուէարկելու։ Բացի այդ՝ հրապարակաւ յայտարարել է, որ ընդդիմութեան հիմնական առաջատար ուժի առաջնորդին ունեզրկելու է։ Սա էլ իշխանութիւնը ընտրութիւնների ժամանակ իր ընդդիմախօսների դէմ օգտագործելու բացայայտ դրսեւորում է, վարչական ռեսուրսի օգտագործում, ինչը եւս մէկ հիմք է ընտրական գործընթացի լեգիտիմութիւնը կասկածի տակ դնելու համար, բայց սրան զուգահեռ բազմաթիւ են նաեւ ՔՊ-ի կողմից ընտրողներին կաշառելու դրուագները, բարեգործութեան արգելքը խախտելու դրսեւորումները, որոնց եւս դատախազաքննչական մարմինները չէն արձագանքում։
Այսպէս, մինչ ընդդիմադիր ուժերի շրջանում ձերբակալութիւններ են իրականացւում՝ իբրեւ ընտրակաշառքի կամ բարեգործութեան արգելքի խախտման մեղադրանքներով՝ ՔՊ թեկնածուն ազատօրէն բարեգործութեան վերաբերեալ տեղեկութիւն է հրապարակում, Փաշինեանը՝ ուղիղ եթերում խոստումներ տալիս, թոշակներ բարձրացնուկ, իսկ դատախազութիւնն ու ՀԿԿ-ն ուղղակի լռում են։ Անգործութեան հերթական դրսեւորմանն ականատես եղանք այս օրերին։ Այն է՝ Հակակոռուպցիոն կոմիտէի բակում «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անդամ, սահմանադրագէտ Գոհար Մելոյեանը յայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ընտրացուցակի անդամ Լուսինէ Աւէտիսեանը բարեգործութեան վերաբերեալ տեղեկատուութիւն է հրապարակել ֆեյսբուքեան իր էջում։
Մելոյեանը դիմել էր գլխաւոր դատախազութեանը՝ յորդորելով իր յայտարութիւնն ընդունել որպէս յանցագործութեան մասին հաղորդում։ Հրապարակային տրուած հաղորդումը եւ ՔՊ-ականի վարքագիծն, իհարկէ, վրիպել է իրաւապահների աչքից, ընդ որում, այնաստիճան, որ անգամ մեր հարցապնդումներից յետոյ արդէն երկրորդ օրը շարունակում են չնկատել։ Արդէն երկրորդ օրն է «Փաստինֆոյ»-ն իրաւապահ բոլոր կառոյցներից՝ ՔԿ-ից, Դատախազութիւնից, Հակակոռուպցիոն կոմիտեից փորձում է պարզել, թէ ի վերջոյ՝ ինչ ճակատագիր ունեցաւ ՔՊ-ականի կողմից բարեգործութեան արգելքը խախտելու առերեւոյթ դէպքը եւ արդյօք նոյնքան ջանասիրութեամբ իրաւապահները հետապնդումներ կը յարուցէն, կձերբակալէն եւ մեղադրանք կը ներկայացնեն նրան, ի դէպ, վերջինս նոյնպէս կին է՝ ինչպէս նորածնի մայր Գոհար Ղումաշեանը, ում ձերբակալել, ապա մեղադրանք են ներկայացրել եւ նոյն կուսակցութեան Արտաշատի գրասենեակի ղեկավարը, ով չորս երեխայի մայր է։
Ի պատասխան «Փաստինֆոյ»-ի հարցին՝ Քննչական կոմիտեից յայտնել են, որ ՔՊ-ականի կողմից բարեգործութեան արգելքը խախտելու մասին հաղորդում չէն ստացել, դատախազութիւնը գրաւոր հարցում է ուզել, իսկ ՀԿԿ-ն դեռ լռում է եւ ընդհանրապէս ոչինչ չի պատասխանել։
Նկատենք, որ անգամ ձեւական քննութիւն չէն նախաձեռնել՝ ցոյց տալու, թէ ստուգել են ու չի հաստատուել, այլ ուղղակի հրապարակային դէպքը փորձում են ասել, թէ չէն տեսել։ Սա, փաստացի, արջի ծառայութիւն է Փաշինեանին ու ական՝ նրա հնարաւոր քուէների տակ։
