Ոչ թէ խոստանալ, այլ բացատրել

Ոչ թէ խոստանալ, այլ բացատրել

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Առաջիկայ շաբաթներին լիդերութեան հիմնական առաքելութիւնը բացատրելն է, ոչ թէ խոստանալը։ Սրանք սովորական ընտրութիւններ չէն՝ իրենց կարեւորութեամբ ու նաեւ անոմալիաներով։
Կարելի է խոստանալ ամենահաճելի բաները, բայց դա այլեւս չի աշխատելու։ Բոլոր պրոֆէսիոնալ սոցհարցումները գրեթէ նոյն պատասխաններն են տալիս, եւ գրեթէ բոլորում մնում են լուրջ բացեր։
Հաւաքական հանրային միտքը գտնւում է ռիսկերի ենթագիտակցական ընկալման, մեղքի զգացման եւ քայլ անելու տիրոյթում։

Սխալ քայլերի հետեւանքները

Խոսենք օրինակներով. ռուսամէտ-արեւմտամէտ՝ միտումնաւոր սարքած տօքսիկ բաժանման ֆոնին ուժգնանում են անհանգստութիւնները՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Ռուսաստանի հետ տնտեսական առճակատման թեմայով։

Լիդերութեան խնդիրն է՝ համբերատար եւ գրագէտ բացատրել, թէ ո´ր դէպքում կը լինէն տնտեսական սանկցիաներ, դրանց պատճառահետեւանքային կապը, ինչ դրսեւորումներ են դրանք ունենալու, ինչ հետեւանքներ են դրանք ունենալու պետութեան տնտեսութեան եւ իւրաքանչիւր ընտանիքի վրայ։ Ինչպէս խուսափել դրանից։ Այս պարզ հարցերի պարզ պատասխանը հէնց սեփական ժողովրդի հետ բաց երկխօսութիւնն է։ Սա է ազնիւը։

Պետք է բացատրեք սեփական ժողովրդին՝ միրգ-բանջարեղէն աճեցնող գիւղացուն, գիւղմթերք արտահանողին, վաճառողին, մեր դժուար ապրող գիւղացուն, որ Երեւանի կաբինետներում տեղաւորուածների սխալների պատճառով նրանց եկամտի աղբիւրը մի օրում կարող է փակուել։ Մարդիկ համատարած սա չէն հասկանում, չէն պատկերացնում, չէն հաւատում։
Մեր գիւղացին որեւէ պատկերացում չունի, որ եթէ անպատրաստ լինենք հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա թուրքական գիւղմթերքը լաւայի պէս հոսելու է երկիր՝ կէս գնով, ու դրա հետեւանքները մեր գիւղատնտեսութեան համար կարող են շատ ծանր լինել։
Սահմանների բացմանը երկրի բոլոր ոլորտները նախապատրաստելը տնտեսական անվտանգութեան լուրջ խնդիր է, ու դա ապահովելը Երեւանի կաբինետներում նստածների պարտականութիւնն է, ինչին նրանք կայ´մ մատների արանքով են նայում, կայ´մ այլ խնդիր են լուծում։ Այս հարցերի մասին պէտք է բաց խօսել։

Որպէսզի փակուի պատերազմի դուռը

Յաջորդ օրինակը. իշխանութիւնների հիմնական թեզն է՝ Խաղաղութիւն (մենք) եւ պատերազմ (միւս բոլորը)։

Այս այլանդակ սուտ թեզի դիմաց անսպասելիօրէն յայտնուեց «Երաշխաւորուած խաղաղութիւն» ձեւակերպումը։ Սա դարձաւ ընդդիմութեանը միաւորող ձեւակերպում, որն ասում են բոլորը՝ անկախ իրենց մրցակցային տրամադրութիւններից։

Հիմա պէտք է համբերատար-ինտենսիւ բացատրել «երաշխաւորուած խաղաղութեան» էութիւնը։ Մեր հին ու նոր լիդերութիւնը վաղուց չի խօսել սեփական ժողովրդի հետ եւ լաւ չի պատկերացնում մարդկանց իրական մտահոգութիւնները եւ մտածողութիւնը։
Մարդիկ մտածում են, իրար հետ քննարկում, լսում մեդիադաշտում յայտնուող բոլոր խելօք-յիմար մտքերը, մարդիկ մտահոգ են երկրի եւ իրենց ընտանիքների ճակատագրով։
Մարդիկ համատարած ունեն խօսքի կարիք։ Մի փորձեք խաբել կամ աշխարհի բարիքները խոստանալ։

Ճիշտը մարդկանց ազնուօրէն ու համբերատարութեամբ բացատրելն է, որ առաջիկայում Ալիեւը նոր պահանջներ է դնելու՝ սահմանադրութեան փոփոխութիւն, ադրբեջանցիների «վերադարձ», Սեւանի զաւթում՝ «գեօյչայացում» եւ այլն։ Այսօրուայ համեմատաբար հանդարտ վիճակը երկար չի տեւելու. Ալիեւը սրելու է եւ դնի իր պահանջները։ «Երաշխաւորուած խաղաղութիւնը» դա թոյլ չտալու համար է, այսօրուայ «չպատերազմ» վիճակը ճիշտ կառավարելու համար, որ սրացում չլինի, նոր պահանջներ չդրուեն, որ փակուի պատերազմի դուռը։

Այսպէս՝ հանդարտօրէն, յարգալից ու ազնուօրէն պէտք է խօսել սեփական ժողովրդի հետ։ Խոսակցութիւնը հեշտ չի ստացուելու. կը լինէն թէ´ նեարդային, թէ´ յուսահատութեան, թէ´ վիրաւորուածութեան փուլեր, բայց միակ ճիշտ ճանապարհը սա է։

Share