Սպասուող զարգացումների մասին

Սպասուող զարգացումների մասին

Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հայաստանը, իրականում, մի մեծ Արագածաւան է։ Մասշտաբների տարբերութիւն է, եւ ոչ՝ բովանդակութեան։ Ողջ երկրով այլ «սուրոներ», կապել են «գալստուկները» ու փչան Սուրոյից դարձել պարոններ, մեծարգոներ։
Գիւղի Սուրոն մի գիւղում մի տղայի հանդէպ իրեն պահում է անասունի պէս։ Մասշտաբային այլ «Սուրոներ»՝ երկրի մակարդակով 5000, 10 000 տղերքի հանդէպ նոյնը չե՞ն արել. պատերազմ հրահրելով, պատերազմը շուտ չկանգնեցնելով։

Մեր կեանքի ամէն քայլին մի ՔՊ-ական «Սուրո» է՝ անգրագէտ, անպիտան, մատնիչ ու անհայրենիք։ Արդէն ունեն գալստուկ, ստանում են պրեմիայ, անգիր արած 4-5 նախադասութիւն՝ տանք պրծնենք, Նիկոլը ի՞նչ անի, Ղարաբաղը միշտ էլ մերը չի եղել, նորմալ առեւտուր կանենք թուրքերի հետ եւ այլն։
Շատ յստակ ձեւաւորուել է «Սուրոների կաստան», որը վատ դերձակի նման մկրատն առած ձեւում է մեր հայրենիքը, ու կտոր-կտոր դէն շպրտում։

Կայ ենթասուրոների մեծ զանգուած, որը յօրինած ինքնաարդարացմամբ սպասարկում է «Սուրոների կաստային»՝ հիմնականում քաղաքական եւ հայեցողական պաշտօններ զբաղեցնողների մէջ։ Սրանք սուրոներին ուժ են տալիս, թոյլ են տալիս մարդ զգալ։ Եւ «սուրոները», շրջապատուած ոստիկան, քննիչ, դատախազ, դատաւոր շքախմբով, իրենց զգում են անվտանգ ու յարատեւ։
Բայց Արագածաւանի ժողովուրդը ցոյց տուեց այն ընթացքը, որը սպասում է Հայաստանին։ Իսկ հրապարակայնօրէն խօսող արագածաւանցիները ցոյց տուեցին, թէ ինչպիսի պիտի լինի Հայաստանում սպասուող փոփոխութիւնների առաջնորդութիւնը՝ պարզ, շիտակ, տրամաբանուած, մարդկային դէմքով, մարդկային ցաւով։ Այս արագածաւանցի լիդերները շատ աւելի արժէքաւոր են, քան՝ երեւաններում, դուբայներում, լոսերում, միկոնոսներում եւ այլուր իրենց գոյքերին գերի լիդերները։
Չի կարելի քաղաքացու վրայ թքօղ «սուրոյին» յետոյ դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատուիրակութեան մէջ գնալ գործուղման։ Ու ժամանակն է նաեւ, որ ենթասուրոները անյատական որոշումներ կայացնեն՝ «լիարժէք սուրո՞» են, թե՞ մարդ։ Կարեւոր է նաեւ, որ բուն «սուրոների կաստայում» ճիշտ հասկանան պրոցեսները։ Լինէն մարդիկ, ովքեր գոնէ իրենց անձնական շահերից ելնելով կը հասկանան, որ ընթացքը տանում է պայթիւնի։

Հայաստանում անկասկած լինելու են լուրջ փոփոխութիւններ, ու կարեւոր է թէ´ ժամանակը, թէ´ սահունութիւնը, խաղաղ ընթացքը։ Այս մի պրոցեսը նախորդ բոլորից պէտք է տարբերուի. այն պէտք է լինի վստահութեան վրայ հիմնուած, իրար աչքերի մէջ նայելով, այն պէտք է լինի նոր մարդկանցով, նոր գաղափարներով, նոր անկեղծ խօսքով, նոր շարժումներով ու իրար լսելու, իրար յարգելու նոր մշակոյթով։

Share