Հայ ժողովուրդը բաժանուել է երկու հակամարտող բանակների
2008 թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինեանի «հոգին փառաւորւում էր», երբ ժողովուրդը ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ էր խլում, հիմա՝ ճիշտ հակառակը հոգին փառաւորւում է, երբ ոստիկաններն են ժողովրդին մահակներով քշում, բերման ենթարկում:
«Հոգին փառաւորւում» է նաեւ նրանից, որ իր կամքով հայ ժողովուրդը բաժանուել է երկու հակամարտող բանակների: Իսկ ազգը բաժանուել է Եկեղեցին ոչնչացնել ցանկացողների եւ Եկեղեցին պահպանել ցանկացողների ճամբարների:
Առաջին բանակին ինքն է կառավարում, երկրորդին` ողջամտութիւնն ու հայրենասիրութիւնը:
«Հոգին փառաւորւում» է, թերեւս, նաեւ նրանից, երբ հոգեւորականներն են բաժանուել երկու բանակի` իր կողմնակիցների եւ կաթողիկոսի կողմնակիցների:
Առաջինները վախենում են ժողովրդի ցասումից, երկրորդներին ժողովուրդն է պաշտպանում:
«Հոգին փառաւորւում» է, հաւանաբար, նաեւ նրանից, երբ պետական պաշտօնեաներին, պետական բիւջեից սնուող, իրենից կախուած մարդկանց հանում է իր չսիրած մարդկանց դէմ եւ կառավարութեան կաբինետից օնլայն հետեւում այդ կոնֆլիկտին: «Հոգին փառաւորւում» էր նաեւ այն ժամանակ, երբ Ազգային ժողւում իր ուսապարկերը յարձակւում էին ընդդիմադիր պատգամաւորների վրայ: Կամերբ անգրագէտ ու չար մարդկանց մի խումբ հերթական շրջիկ պատարագի ժամանակ իրեն դիմաւորում է ծափերով, իսկ մէկ այլ խումբ` իր հրահանգով գնում է Էջմիածին եւ բղաւում. «Վեհափառ, հեռացիր»:
Իհարկէ, ոչ մի նորմալ մարդու, երկրի ղեկավարի, պետութեան մասին հոգ տանող պետական գործչի հոգին չէր փառաւորուի այս տեսարաններից, եւ պարզ չէ, թէ այս խժդժութիւններից, խառնակչութիւնից, ազգի մի մասին միւսի դէմ հանելուց ինչու է նրա հոգին փառաւորւում, բայց սա մի ողբերգական իրավիճակ է, որն այլեւս իրողութիւն է եւ որը մենք մեր ձեռքով ենք ստեղծել։
«Հրապարակ»
