Բացարձակ իրականութիւն է, որ եթէ Փաշինեանն ընտրուի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ աւելի ծանր է լինելու
«Մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հրապարակային Նիկոլ Փաշինեանին փաստի առաջ դրեց ԵԱՏՄ-ԵՄ երկընտրութեամբ»,- ֆեյսբուքեան եթերում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը։
Նա յայտնեց, որ Փաշինեանը շատ կոպիտ դիւանագիտական սխալ պատասխան է տուել, ասելով՝ քանի դեռ հակասութիւն չկայ կը շարունակէնք, յետոյ կը նայենք։
«Անկեղծ ասած, 7-րդ դասարանի աշակերտը երեւի նման պատասխան չտար»,-նշեց Օսկանեանը եւ, պատկերաւոր բացատրելով, օրինակ բերեց, երբ մէկին ասում են, որ կինը սիրեկան ունի, նա պատասխանում է՝ քանի դեռ կինը չի որոշել ամուսնանալ սիրեկանի հետ հակասութիւն չկայ, կարելի է շարունակել ապրել միասին, յետոյ, երբ կինը որոշում կայացնի, ինքն էլ կ’որոշի։
Օսկանեանի խօսքով՝ ինքը մտածել է, որ Մոսկուայում Պուտինի հոսքը անսպասելի է եղել եւ Փաշինեանը համպատրաստից է այդ սխալ պատասխանը տուել, բայց նախորդ օրը լրագրողի հարցին ի պատասխան նոյն պատասխանն է տուել։
«Առաջին օրուանից այն առհաւիրքները, որը Փաշինեանը մեր գլխին բերել է, նրանից է, որ Փաշինեանը կիլօմետրերով դիւանագիտութիւնից հեռու է, այսօր էլ չգիտի, թէ ինչ է դիւանագիտութիւնը եւ այս 8 տարիների ընթացքում բացարձակապէս չի սովորել»-ասաց Օսկանեանը։
Նա նշեց, որ ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը նոյնպէս դիւանագիտական մեծ սխալ է եւ սրել է յարաբերութիւնները ՌԴ-ի հետ։
«Փաշինեանը սխալ ճանապարհի վրայ է, մենք երբեք նման ընտրութեան առաջ մէզ դնելու պատճառ չենք ունեցել։ Այսօր Հայաստան-ԵՄ յարաբերութիւնները 30 տարուայ ընթացքում ամենացածր մակարդակի վրայ է գտնւում»,-նա նշեց, որ նախկինում ԵՄ առաքելութիւնն աւելի բովանդակային է եղել՝ նաեւ ՆԱՏՕ-ի հետ յարաբերութիւնները։
Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարները նախկինում այցելել են Հայաստան։
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, ըստ Օսկանեանի, կանգնեցրել է Նիկոլ Փաշինեանը կենսաձափական անձնագրերի պատճառով, նախկինում ՍԵՊԱ-ով աւելի իրատեսական գործընթաց է եղել։
«Փաշինեանը մտել է տարբեր գործարքների մէջ, որոնցից հնարաւորութիւն չունի դուրս գալու եւ դրա միակ լուծումը Փաշինեանի հեռացումն է, որի հնարաւորութիւնը մենք ունենք»,-ասաց Օսկանեանը եւ բացարձակ սուտ անուանեց Փաշինեանի յայտարարութիւնը, որ եթէ ինքը չլինի՝ պատերազմ կը լինի, քանի որ ընդդիմադիր ոչ մի թեկնածուի ծրագրում պատերազմի նախադրեալ չկայ. «Միւս կողմից բացարձակ իրականութիւն է, որ եթէ Փաշինեանն ընտրուի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ աւելի ծանր է լինելու, դրա հիմնաւոր ապացոյցը Պուտինի վերջի յայտարարութիւնն է»։
