Իշխան Սաղաթելեանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան

Իշխան Սաղաթելեանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան

Իրաւապահները մտել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանի տուն։

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը ArmeniaSputnik-ին յայտնել է, որ իրաւապահները Իշխան Սաղաթելեանի տուն են մտել ժամը 8։30-ի սահմաններում։ Նա տեղեկացրել է, որ իրեն եւ փաստաբան Սերգէյ Յարութիւնեանին թոյլ չեն տալիս մտնել ներս։

Յայտնի չէ, թէ ինչ գործի շրջանակում են իրաւապահները գործողութիւններ իրականացնում։

«Փաստինֆօ»-ի հետ զրոյցում փաստաբան Սերգէյ Յարութիւնեանը յայտնել է, որ Իշխան Սաղաթելեանի բնակարանի խուզարկութիւնն աւարտուել է, եւ, բնականաբար, ոչինչ չի յայտնաբերուել։ Նա նշել է, որ այժմ փորձում են խուզարկել նրա ինքնաշարժները։


Իշխան Սաղաթելեան. «Ժամանակին աւելի լուրջ յօդուածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»

«Ժամանակին նորմալ յօդուածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի յօդուածներով են եկել։ Ինչ-որ վարոյթի շրջանակում խուզարկութիւն էին իրականացնում՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու ինչ-որ անհասկանալի բանով»,– այսօր՝ Յունիսի 23-ին, լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով առաւօտեան իր տան խուզարկութեանը։

«Բաւականին մեծ խմբով շէնքը շրջափակել էին։ Ծիծաղելի է այս ամբողջը։ Առգրաւեցին տան զարդերը, կանխիկ գումարը։

Սա վերջին տարիների հերթական ապօրինի հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացը։ ԴԱՀԿ-ին ներգրաւել են այս գործընթացի մէջ, ԴԱՀԿ-ն ինչ-որ ապօրինի պահանջներ է ներկայացրել, եւ այդ շրջանակում դիմել ենք վարչական դատարան՝ զուտ իմ տարրական իրաւունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազութիւնը գործ է յարուցել, ուղարկել է քննչական մարմին, որպէսզի վարոյթ նախաձեռնեն»,– ասաց նա՝ յաւելելով, որ գործը յարուցուել է վերջին մի քանի օրերի ընթացքում։

«Իրենք ապօրինի պահանջ են ներկայացրել։ Թէեւ մենք ասել ենք, որ այս ամէնը ապօրինի է, հերթական քաղաքական հետապնդումն է, սակայն նոյնիսկ այս պայմաններում չենք հրաժարուել, փորձել ենք նամակագրութիւն իրականացնել, պարզաբանումներ պահանջել։ Ամէն անգամ չեն կարողացել պատասխանել մեր բարձրացրած հարցերին»,– նշեց նա։

Հարցին՝ սպասելի՞ էր արդեօք այս ամէնը, Իշխան Սաղաթելեանը պատասխանեց.

«Ես սպասում էի, որ աւելի լուրջ գործերով կը գան։ Օրինակ, ժամանակին սահմանադրական կարգի տապալման, զանգուածային անկարգութիւնների յօդուածներ էին դնում։

Այս պահին դեռ որեւէ կարգավիճակ չունեմ, բայց կարծում եմ՝ կը ունենամ, գուցէ՝ մեղադրեալի։ Այս պահին գործ է յարուցուած, կանչել են հարցաքննութեան»։

Նշենք, որ իրաւապահներն այսօր առաւօտեան ժամը 8։00-ի սահմաններում խուզարկել են «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի բնակարանը։ Փաստաբան Սերգէյ Յարութիւնեանը յայտնել է, որ բնակարանի խուզարկութիւնն աւարտուել է, եւ ոչինչ չի յայտնաբերուել։ Այժմ փորձում են խուզարկել նաեւ նրա ինքնաշարժները։

Քննչական կոմիտէից յայտնել են, որ Իշխան Սաղաթելեանի տանը քրեական վարոյթի շրջանակում իրականացւում են քննչական եւ վարութային գործողութիւններ՝ չնշելով, թէ կոնկրետ ինչ վարոյթի մասին է խօսքը։

Մանրամասները՝ տեսանիւթում

Share