Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Իրանի խորհրդարանի նախկին պատգամաւոր Կարէն Խանլարեանը՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ համաձայնագրին։
«Իսրայէլը կարծում եմ՝ բաւականին մեծ ռազմավարական նկրտումներ ունի Լիբանանի հետ կապւած։ Ռազմավարական նշանակութիւն ունի Իսրայէլի այս քաղաքականութիւնը՝ ջրային հարցերից մինչեւ աշխարհագրական ընդլայնում։
Հիմա մի քիչ փխրուն է երեւում այս համաձայնագիրը, որը աւելի շուտ փոխըմբռնման ակտ է միմեանց հետ բանակցելու վերաբերեալ։ Ամէն դէպքում, ողջունելի է երեւոյթը, եթէ, իհարկէ, պահպանւի այս համաձայնութեան ոգին»,-ասաց նա։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ներկայացւող պահանջին, որ Իրանը պէտք է հրաժարւի իր միջուկային ծրագրից, Խանլարեանը նկատեց. «Այստեղ մի պարզ ճշմարտութիւն կայ, որը դիտաւորեալ կամ ոչ դիտաւորեալ հաշւի չի առնւում։ Դա այն է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ ծրագիր է՝ էներգետիկ նպատակներով։ Այս ծրագիրը շահի ժամանակներից սկսած Իրանում մշակւել է։ Իսկ միջուկային զէնքի խնդիրը մի նարատիւ է, որը յատկապէս Նեթանիահուն է արծարծում դեռ 20 տարի առաջւանից։
Հիմա ինչքան աւելի են ընդարձակւում Իրան-ԱՄՆ բանակցութիւնները, ԱՄՆ-ն աւելի է համոզւում, որ Իրանը ատոմային զէնք տիրանալու նպատակ չի հետապնդում։ Իրանում ուրանի հարստացման չափերը շատ հեռու են դեռ ատոմային զէնք արտադրելուց։
Իրանի խորհրդարանի նախկին պատգամաւորի խօսքով, այժմ էլ Իսրայէլը փորձում է խանգարել բանակցութիւնները, մինչդեռ ԱՄՆ-ն՝ լինելով աւելի պրագմատիկ պետութիւն, փորձում է գետնի վրայ տեսնել, թէ ինչ սպառնալիքներ կան որպէս այդպիսին. «Ու ինչքան բանակցութիւնները խորանում են, այնքան աւելի է պարզւում, որ Իրանի ատոմային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում եւ ԱՄՆ-ը մտածում է, որ կարելի է ճանաչել խաղաղ ատոմի Իրանի իրաւունքը։
Այլ բան է, որ այդ իրաւունքը ճանաչելուց յետոյ Իրանը որքան ժամանակից յետոյ կը սկսի շարունակել իր խաղաղ ատոմային ծրագիրը, կամ հիմա պաուզա կը տայ, թէ չի տայ։
Այստեղ մնում են բալիստիկ հրթիռների եւ պրոքսի ուժերի խնդիրները, եւ առաջիկայ 60 օրից յետոյ սկսւող բանակցութիւնների մէջ այս հարցերում էլ, կարծում եմ՝ պարզաբանումներ կը մտնեն։ Ընդհանրապէս տրամադրւածութիւնը դրական է, եթէ առաւելապաշտական նկրտումները մէջտեղ չհանւեն եւ Իսրայէլի խանգարիչ դերը չակտիւանայ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է տեսակէտին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից յետոյ TRIPP նախագծի հեռանկարը մշուշոտ է դառնում, Խանլարեանն ասաց. «Կարծում եմ մշուշոտ կը դառնայ։ Հիմա էլ է մշուշոտ, անորոշ վիճակում է TRIPP-ը։ Ապագայում էլ եթէ այս բանակցային գործընթացները աւելի խորանան եւ աւելի զարգանան, ես կարծում եմ՝ TRIPP-ի հարցը ամէն դէպքում կազդւի այս բանակցութիւններից։
Ես TRIPP-ի ծրագիրը համարում եմ լուրջ խոչընդոտ Իրան-Հայաստան փոխյարաբերութիւնների հարցում՝ անկախ ԱՄՆ-Իրան բանակցութիւնների ելքից։ TRIPP-ի գոյութիւնն ինքը կարող է հարցականի տակ դնել կամ ինչ-որ վնասներ հասցնել Իրան-Հայաստան յարաբերութիւններին։ Յուսամ այդտեղ չի հասնի, եւ երկու հարեւան երկրները փորձեն ռազմավարական դաշնակցային գործընկերութեան որոշ հիմքեր ստեղծել»։
