Արեւմտեան մամումլը արձանագրում է, որ Փաշինեանը բռնապետութիւն է հաստատում Հայաստանում

Արեւմտեան մամումլը արձանագրում է, որ Փաշինեանը բռնապետութիւն է հաստատում Հայաստանում

Արեւմուտքում վերջապէս ձայներ են բարձրանում, որոնք արձանագրում են, որ Փաշինեանը բռնապետութիւն է հաստատում Հայաստանում եւ ապօրինաբար հալածում Եկեղեցուն ու ընդդիմութեանը

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբեանը գրել է․

«Արեւմուտքում վերջապէս ձայներ են բարձրանում, որոնք արձանագրում են՝

1. Որ Նիկոլ Փաշինեանը բռնապետութիւն է հաստատում Հայաստանում եւ ապօրինաբար հալածում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու ընդդիմութեանը։

2. Որ Փաշինեանը հաշուարկել է, թէ իր բռնաճնշումներին կեղծ հակառուսական երանգ հաղորդելով՝ կը ստանայ Արեւմուտքի անվերապահ աջակցութիւնը։

3. Որ Արեւմուտքը եւ յատկապէս Եւրոպան՝ ի դէմս Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Կայա Կալլասի, ուղղակիօրէն աջակցում են Հայաստանում արեւմտամէտ բռնապետութեան հաստատմանը։

Ստորեւ ներկայացնում եմ բրիտանական «The Critic» ամսագրում հրապարակուած յօդուածը։

Խնդրին անդրադարձել է նաեւ Human Rights Watch-ի նախկին ղեկավար Քենեթ Ռոթը՝ X սոցիալական ցանցում կատարելով հետեւեալ գրառումը.

«Արդեօք եւրոպական երկրներին բաւարարո՞ւմ է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը երկրի ժողովրդավարութիւնը վերածի բռնապետութեան, միայն թէ այն լինի արեւմտամէտ։ Ըստ ամենայնի՝ հէնց այդպէս է»։ (Յղումը՝ մեկնաբանութիւնում)։

ԹՈՂՆԵ՞ՆՔ, ՈՐ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՃԱՇՆ ՈՒՏԵՆ

Հայաստանի կառավարութիւնը յարձակւում է իր Եկեղեցու վրայ, մինչ Արեւմուտքը լռում է

«ARTILLERY ROW» բաժին

Հեղինակ՝ Փիթեր Ֆլիւ

1 նոյեմբերի, 2026 թ.

1953 թուականին նախագահ Էյզենհաուերը միաւորուեց Կոնգրեսի դեմոկրատների եւ հանրապետականների հետ՝ մի կողմ դնելու քաղաքական տարաձայնութիւնները եւ միասին աղօթելու համար։ Ընկերակցութեան եւ հաշտութեան ոգին, որով նշանաւորուեց այդ առաջին Ազգային աղօթքի նախաճաշը, մինչ օրս ուղղորդում է ամենամեայ այս միջոցառումը, որքան էլ այդ ոգին գործնականում անկատար մարմնաւորուի։

Այդ ժամանակից ի վեր բազմաթիւ երկրներ հետեւել են այս օրինակին եւ կազմակերպել սեփական միջոցառումները։ Այս ամսուայ սկզբին էլ Երեւանում անցկացուեց Հայաստանի Հանրապետութեան երկրորդ աղօթքի նախաճաշը։

Այն ներկայացւում էր որպէս հնարաւորութիւն՝ «վերանորոգելու երկրի հոգեւոր հիմքերը եւ վերահաստատելու նրա աւանդական քրիստոնէական արժէքները»։ Միջոցառմանը մասնակցում էին մի շարք օտարերկրեայ պատուիրակներ, այդ թւում՝ Սպիտակ տան հաւատքի հարցերով գրասենեակից Փոլա Ուայթ-Քէյնը եւ ԱՄՆ Միջազգային կրօնական ազատութեան յանձնաժողովի անդամներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդէս եկաւ հիմնական ելոյթով։

Սակայն մինչ աւանդական աղօթքի նախաճաշերը նպատակ ունեն խթանելու փոխըմբռնումը, ամենեւին պարզ չէ՝ արդեօք հայկական միջոցառումը հաւատարիմ մնաց ամերիկեան սկզբնօրինակի երկկուսակցական աւանդոյթին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներից քչերն էին ներկայ։ Աւելին՝ այն անցկացուեց երկրի համար լարուած ժամանակահատուածում, երբ լուրջ մտահոգութիւններ կան կրօնական ազատութեանը, ժողովրդավարութեանը եւ իրաւունքի գերակայութեանը Հայաստանի հաւատարմութեան վերաբերեալ։

Այդ մտահոգութիւնների շարքում առաջնայինը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճակատագիրն է՝ աւելի քան 1700 տարի հայ ժողովրդի ազգային Եկեղեցու։ Այսօր այն շարունակական յարձակումների է ենթարկւում հէնց այն կառավարութեան կողմից, որն աղօթքի նախաճաշի գլխաւոր դերակատարն էր։

Փաշինեանը ձգտում է հեռացնել եւ փոխարինել Եկեղեցու հոգեւոր առաջնորդին՝ Նորին Սրբութիւն Գարեգին Բ-ին։ Այդ նպատակով վարչապետը սատարում է Եկեղեցու ներսում պառակտումներին։ Յայտնի հոգեւորականներ եւ աշխարհականներ ձերբակալուել ու բանտարկուել են, իսկ Կաթողիկոսին եւ վեց բարձրաստիճան եպիսկոպոսների քրէական մեղադրանքներ են առաջադրուել եւ արգելուել է երկրից դուրս գալը՝ Եկեղեցու կողմից կանոնական իրաւունքով կարգալոյծ արուած մի եպիսկոպոսի վերականգնելուց հրաժարուելու համար։ Մինչդեռ սա բացառապէս Եկեղեցու իրաւասութեանը պատկանող հարց է։

Փաշինեանն իր ելոյթում ակնարկեց այս արշաւի մասին։ Նա կոչ արեց, որ Հայաստանի «հոգեւոր կեանքը դուրս գայ եկեղեցուց եւ մտնի փողոցներ, տներ, շուկայ», ինչպէս նաեւ՝ «տեղական ինքնակառավարման մարմիններ, կառավարութիւն եւ օրէնսդիր, գործադիր ու դատական իշխանութեան ճիւղեր»։ Իրականում սա Եկեղեցին պետութեանը ենթարկեցնելու հռչակագիր էր։

Ինչպէս վերջերս Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում յայտարարեց բրիտանացի պատգամաւոր սըր Էդուարդ Լին, Փաշինեանի արշաւը «մարդու իրաւունքների եւ կրօնական ազատութեան կոպտագոյն խախտում է»։ Սրանք իրաւունքներ են, որոնք երաշխաւորուած են Հայաստանի Սահմանադրութեամբ եւ միջազգային իրաւունքով։ Տեղի ունեցողն առնչւում է ոչ միայն Հայաստանի հաւատացեալներին, այլեւ համաշխարհային Սփիւռքին՝ Եւրոպայում եւ Միացեալ Նահանգներում նրա մեծաթիւ համայնքներով։

Վարչապետը գրեթէ ոչինչ չի ներկայացրել իր գործողութիւններն արդարացնելու համար։ 2026 թուականի ընտրութիւններից առաջ նա անորոշ պնդումներ է արել, թէ Եկեղեցին արտաքին ազդեցութեան խողովակ է՝ ակնյայտօրէն ակնարկելով Ռուսաստանին։ Այս պնդումները յստակօրէն հաշուարկուած են Փաշինեանի վերընտրութեան համար Արեւմուտքի աջակցութիւնը շահելու նպատակով, սակայն նա առայժմ որեւէ համոզիչ ապացոյց չի ներկայացրել։ Կրօնական ազատութեան հարցերով հայաստանեան առաջատար փորձագէտ Իզաբելլա Սարգսեանն իրաւացիօրէն զգուշացնում է, որ թէեւ նման պնդումները քննութեան արժանի են, դրանք «չպէտք է անվերապահօրէն ընդունուեն որպէս ճշմարտութիւն»։

Առաւել հաւանական բացատրութիւնն այն է, որ Փաշինեանի արշաւը պատասխան է Եկեղեցու քննադատութեանը՝ նրա վարչապետութեան եւ, շատերի գնահատմամբ, Հայաստանի շահերը պաշտպանելու նրա անկարողութեան վերաբերեալ, յատկապէս՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ 2023 թուականին Ադրբեջանի իրականացրած՝ այդ տարածքի էթնիկ զտումը շարունակում է խոր վէրք մնալ։ Հայերը լուրջ մտահոգութիւններ ունեն Ադրբեջանի հետ արդար խաղաղութիւն կնքելու վարչապետի կարողութեան վերաբերեալ։

Լեռնային Ղարաբաղը կորցնելուց յետոյ Փաշինեանը վճռել է գրեթէ ցանկացած գնով կարգաւորել յարաբերութիւնները Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանութիւնն իրականացրած պետութեան հետ։ Թուրքիան եւ Ադրբեջանը բազմիցս Կաթողիկոսին ներկայացրել են որպէս «խաղաղութեան խոչընդոտ»՝ Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների իրաւունքները պաշտպանելու համար։ Մինչդեռ այս մտահոգութիւնները բարձրաձայնելն ուղղակիօրէն բխում է հայ ժողովրդի «ազգային ինքնութեան պահպանման» գործում Եկեղեցու՝ Սահմանադրութեամբ ամրագրուած «բացառիկ առաքելութիւնից»։ Եկեղեցու ենթարկեցումը կը լռեցնէր Փաշինեանի ռազմավարական մօտեցման ամենաազդեցիկ անկախ քննադատին՝ մի արդիւնք, որը ձեռնտու է Բաքուին ու Անկարային։

Ընդ որում՝ Եկեղեցին միակը չէ։ Նրա նկատմամբ վերաբերմունքը ժողովրդավարական նորմերի աւելի լայն քայքայման ախտանիշ է։ Լարուած աշխարհաքաղաքական պայմաններում յունիսեան խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւը, ըստ Եւրոպայի խորհրդի զեկոյցի, «խիստ առճակատային էր՝ պառակտող հռետորաբանութեամբ, եւ ուղեկցւում էր ընտրակաշառքի ու այլ ընտրախախտումների մասին մեղադրանքներով»։ Խորհուրդը նաեւ ընդգծել է «անհամաչափ նախնական կալանքը, բողոքի ակցիաների առաջնորդների ահաբեկումը եւ հաւաքների ու արտայայտուելու ազատութիւնների վրայ «կաշկանդող ազդեցութիւնը»»։

Այդ ժամանակից ի վեր իրավիճակն աւելի է վատթարացել։ Հայաստանի երեք խոշորագոյն ընդդիմադիր կուսակցութիւնների ղեկավարներն էլ կալանքի տակ են եւ, հետեւաբար, չէին կարող մասնակցել աղօթքի նախաճաշին։

Բացառութեամբ առանձին արձագանգների՝ արեւմտեան քաղաքական կառոյցները լռել են Եկեղեցու ծանր վիճակի եւ ժողովրդավարութեան աւելի լայն յետընթացի մասին՝ միաժամանակ ողջունելով Հայաստանի հռչակած «արեւմտեան» շրջադարձը։

ԵՄ-ի լռութիւնն առանձնապէս աչքի է զարնում։ Մայիսին՝ ընտրութիւններից ընդամէնը մի քանի շաբաթ առաջ, Երեւանում անցկացուեց ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Դրա առանցքային մասնակիցներից ոչ մէկը, այդ թւում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Կայա Կալլասը, չբարձրաձայնեց այս երկու խնդիրներից որեւէ մէկը։ Փոխարէնը՝ նրանք, կարծես, բաւարարուեցին Հայաստանին որպէս աշխարհաքաղաքական աւար դիտարկելով, այլ ոչ թէ որպէս պաշտպանութեան կարիք ունեցող ժողովրդավարութիւն։ Հայաստանի եւրոպական ձգտումներին աջակցելն արժանի նպատակ է։ Սակայն, ինչպէս հարցնում է Human Rights Watch-ի նախկին ղեկավար Քենեթ Ռոթը. «ԵՄ-ն ուզո՞ւմ է, որ Հայաստանը պարզապէս դառնայ արեւմտամէտ բռնապետութիւն, թէ՞ ուզում է ժողովրդավարութիւն»։

Աղօթքի նախաճաշը կարող է օգնել լոյս սփռելու Հայաստանում առկայ ճգնաժամի վրայ։ Թէեւ այն զուրկ էր իր նախորդներին բնորոշ երկկուսակցական ոգուց, պատուիրակները կարողացան հանդիպել Եկեղեցու ղեկավարութեան հետ եւ անմիջականօրէն տեղեկանալ կառավարութեան գործողութիւնների հետեւանքների մասին։ Նրանք պէտք է շարունակեն այդ շփումները եւ ապահովեն, որ այդ ուղերձը լսելի դառնայ Վաշինգտոնում, Լոնդոնում եւ Բրիւսելում։ Տասնեօթ դար շարունակ Հայոց Եկեղեցին իր ժողովրդին նեցուկ է եղել՝ արշաւանքների, տարագրութեան եւ ցեղասպանութեան միջով։ Արեւմուտքը չպէտք է նրան միայնակ թողնի սեփական կառավարութեան դէմ»,– գրել է նա։

Share