Մոսկուան եւ Անկարան այլեւս Նախիջեւանի երաշխաւորներ չէն լինի

Մոսկուան եւ Անկարան այլեւս Նախիջեւանի երաշխաւորներ չէն լինի

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում Moscow and Ankara to Lose Status as Guarantors of Azerbaijan’s Nakhchivan յօդուածի թարգմանութիւնը, որի հեղինակ Փոլ Գոբլը 1990-ականների կէսերին հանդէս էր գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման գաղափարով։

Փոլ Գոբլ

Նախիջեւանի՝ Ադրբեջանի ինքնաւար կազմաւորման եւ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի էթնիկ ինժեներիայի ամենաճակատագրական գործողութիւններից մէկի կարգավիճակը շուտով փոխուելու է։ Ինքնաւար հանրապետութեան խորհրդարանը փետրուարի 2-ին դիմել է Բաքուին՝ հաստատելու նոր սահմանադրական ձեւակերպումը, որը բացառում է որեւէ յղում 1921 թուականի Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերին, որոնց համաձայն Մոսկուան ու Անկարան դարձան Նախիջեւանի կարգավիճակի եւ սահմանների երաշխաւորները։

Այս որոշումը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» (TRIPP) նախագծի կարեւոր մաս կազմող տարածաշրջանի կարգավիճակն ու սահմանները փաստացիօրէն դնում է բացառապէս Բաքուի վերահսկողութեան տակ։

Քիչ հաւանական է, որ Թուրքիայի կառավարութիւնն անհանգստացած լինի այս քայլով, քանի որ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում նրա դիրքերն ամրագրուած են աւելի ուշ շրջանի երկկողմ պայմանագրերով։ Մոսկուան, սակայն, ամենան հաւանականութեամբ, փորձելու է հակազդել։

Նախիջեւանի պատմութիւնը վերջին հարիւրամեակում լի էր դրամատիկ իրադարձութիւններով։ Երբ Կարմիր բանակը 1920 թուականի յուլիսին վերականգնեց Մոսկուայի վերահսկողութիւնը տարածաշրջանի նկատմամբ, այն սկզբում տարածքը յանձնեց Հայաստանին, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջանին։ Հարաւային Կովկասի նկատմամբ խորհրդային վերահսկողութիւնն ապահովելու եւ դէպի Ադրբեջան ու Կենտրոնական Ասիայ Թուրքիայի անխոչընդոտ ցամաքային ուղին արգելափակելու համար Ստալինը, որն այն ժամանակ Խորհրդային Ռուսաստանի ազգութիւնների գործերով ժողովրդական կոմիսարն էր, տարածաշրջանի սահմանները գծեց այնպէս, որ Նախիջեւանը բուն Ադրբեջանից անջատեց հայկական Սիւնիքի մարզով։ 1921 թուականին Կրեմլը կազմակերպել էր Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երկու փաստաթղթերի՝ Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերի ստորագրումը, որոնք հռչակեցին, որ թեեւ Նախիջեւանը Ադրբեջանի մաս է հանդիսանում, Մոսկուան եւ Անկարան հանդիսանում են թէ՛ նրա կարգավիճակի, թէ՛ սահմանների երաշխաւորները։ 1922 թուականին Խորհրդային Միութեան կազմաւորումից յետոյ Նախիջեւանը ֆորմալ առումով դարձաւ Ադրբեջանի մաս։

Նոյնիսկ խորհրդային շրջանում բազմաթիւ ադրբեջանցիներ երազում էին բուն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Զանգեզուրի միջանցքի վերականգնման մասին, ճիշտ այնպէս, ինչպէս շատ հայեր յոյս ունէին Հայաստանին միացնել Ղարաբաղը, որտեղ էթնիկ հայերը մեծամասնութիւն էին կազմում։ Սակայն մինչեւ 1988 թուականին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտութեան սկիզբը, ադրբեջանցիները կարող էին Հայաստանի տարածքով մեկնել Նախիջեւան, իսկ Ադրբեջանի էթնիկ հայերը, ներառեալ Ղարաբաղը, կարող էին այցելել Հայաստան, քանի որ ամբողջ տարածաշրջանը գտնւում էր խորհրդային վերահսկողութեան ներքոյ։ Ղարաբաղեան առաջին պատերազմից յետոյ ամէն ինչ փոխուեց։ Պատէրազմի մեծ մասի ընթացքում՝ 1988-ից մինչեւ 1994 թուականը, Հայաստանը վերահսկում էր Ղարաբաղը եւ Ադրբեջանի հարակից տարածքները, մինչդեռ Ադրբեջանը զրկուած էր Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքն օգտագործելու հնարաւորութիւնից՝ Նախիջեւան դուրս գալու, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ առեւտուր իրականացնելու համար։

2020 թուականին, երբ ադրբեջանական զօրքերը Ղարաբաղեան երկրորդ պատերազմի ընթացքում հետ գրաւեցին Ղարաբաղի մեծ մասը, Զանգեզուրի հարցը (ինչպէս ադրբեջանցիներն անուանում են միջանցքը) կրկին սրուեց, յատկապէս այն պատճառով, որ դրանով իրականացուող առեւտուրն էլ աւելի մեծ կարեւորութիւն ձեռք բերեց բազմաթիւ կողմերի, այդ թւում՝ Չինաստանի եւ Եւրոպական միութեան համար։

Միջազգային համակարգը լիովին հասկանալի պատճառներով զգուշանում է պետական սահմանների ցանկացած փոփոխութիւնից, իսկ Ռուսաստանն ու Իրանը հանդէս են գալիս կոնկրէտ Հարաւային Կովկասում փոփոխութիւնների դէմ։ Չնայած դրան, շատ դիտորդներ համոզուած են, որ Բաքուն եւ Անկարան երբեք չէն հրաժարուի Զանգեզուրի միջանցքի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողութիւն հաստատելու յոյսէրից։

Այս թեմայով շահարկումներն աւելի ուժեղացան 2025 թուականի օգոստոսին Վաշինգտօնում կայացած եռակողմ գագաթնաժողովից յետոյ։ Մի կողմից, Արեւմուտքում շատերը Վաշինգտօնում ձեռք բերուած խաղաղութեան մասին պայմանաւորուածութիւնները եւ TRIPP-ի իրականացման ծրագրերը դիտարկում էին որպէս լուծում։ Միւս կողմից, Մոսկուայում եւ Թեհրանում դրա մէջ տեսնում էին ոչ միայն սպառնալիք «Հիւսիս-Հարաւ» առանցքով առեւտրին, այլեւ իրենց ազդեցութեանը տարածաշրջանում՝ հաշուի առնելով ԱՄՆ-ի դերի ընդլայնումը։ Ոմանք դա դիտարկում էին պարզապէս որպէս եւս մէկ քայլ դէպի այդ երթուղու նկատմամբ ադրբեջանական վերահսկողութեան հաստատում։ Տարածաշրջանի պատմութիւնը, յատկապէս վերջին տարուայ իրադարձութիւնները, ապահւում են համատեքստ այս քայլերը հասկանալու համար, ինչպէս նաեւ Նախիջեւանում սահմանադրական փոփոխութիւնները։

Այս փոփոխութիւնների հետեւանքները, անկասկած, առաւել զգալի կը լինէն Ադրբեջանի համար։ Բաքուն պաշտօնապէս չի չեղարկել 1921 թուականի համաձայնագրերը, սակայն ադրբեջանական կառավարութիւնը կարող է նահանջել իր վերջին քայլից, եթէ հանգամանքները պահանջէն։

Կարճաժամկէտ հեռանկարում, սակայն, այս գործողութիւնը, անկասկած, կընկալուի որպէս Բաքուի յայտարարութիւն այն մասին, որ նա շարունակելու է վարել աւելի անկախ միջազգային քաղաքականութիւն, որը մերժում է Ռուսաստանի՝ իրեն վերահսկելու փորձերը եւ ուրիշների գերիշխելու փորձերը։ Փաստացիօրէն դա Բաքուին վերադարձնում է այն դիրքորոշմանը, որն այն զբաղեցնում էր Ադրբեջանի Առաջին Հանրապետութեան ժամանակ՝ Ռուսաստանում յեղափոխութիւնից յետոյ՝ ձգտելով հանդէս գալ որպէս առաջին կարգի անկախ տարածաշրջանային խաղացող։

Ռուսաստանը, անկասկած, կուռճացնի այս սպառնալիքը ոչ միայն Բաքուին նահանջ հարկադրելու, այլեւ Հայաստանի կառավարութեան՝ Ադրբեջանի հետ աճող համագործակցութիւնը խաթարելու համար։ Մոսկուան կարող է նաեւ աւելի լայն քայլեր ձեռնարկել Երեւանում կառավարութիւնը փոխելու համար, որպէսզի Հայաստանը սերտօրէն չհամագործակցի Ադրբեջանի հետ։ Իրանի ներկայիս կառավարութիւնը նոյնպէս, հաւանաբար, կը շարունակի ամէն ինչ անել՝ ԱՄՆ մասնակցութիւնը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքի հարցում տապալելու համար։


Թարգմանութիւնը՝ Մարթա Սեմեօնովայի

Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Օրակարգի տեսակէտները:

Share