Պաշտօնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշայ Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր:
ԱՄՆ փոխնախագահին դիմաւորել են Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Էդիտա Գզոյեանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննայ Անդրէասեանը եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակաւոր հաւատարմատար Դեյուիդ Ալենը:
Էդիտա Գզոյեանը Ջեյ Դի Վենսին եւ նրա տիկնոջը ուղեկցել է Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր՝ ներկայացնելով կառուցման պատմութիւնը:
Ջեյ Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող յուշակոթողին, այնուհետեւ հիւրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մօտ եւ մէկ րոպէ լռութեամբ յարգել Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը:
Էդիտա Գզոյեանը պատմել է նաեւ Յուշապատի մասին, որի յետնամասում յատուկ խորշերի մէջ ամփոփուած են 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին թուրքական կառավարութեան իրագործած հայերի զանգուածային կոտորածների եւ ցեղասպանութեան դէմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտաւորականների եւ միսիոներների գերեզմաններից վերցուած հողով լի փոքր սափորները: Յենրի Մորգենթաուի եւ Կլարայ Բարտօնի հայանպաստ գործունէութեան մասին պատմելով՝ նա շեշտել է, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիւ ամերիկեան հասարակութիւնը քաջածանօթ էր Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցող հայերի կոտորածներին, եւ որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը նաեւ յարգանքի տուրք էր այդ մարդկանց յիշատակին:
Նա անդրադարձ է կատարել նաեւ Ծիծեռնակաբերդի տարածքում անցեալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարութեան կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի յիշատակին տեղադրուած երեք խաչքարերի եւ Արցախեան գոյամարտի տարիներին Յուշապատի դիմացի հատուածում յուղարկաւորուած հինգ ազատամարտիկների պատմութիւններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի եւ Հայոց ցեղասպանութեան միջեւ:
Այցի աւարտին ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանութեան թանգարանի Պատուաւոր հիւրերի յուշամատեանում, նշելով՝ «Կորցրած կեանքերի հանդէպ խորին յարգանքի յիշատակով մենք պատւում ենք հայ ժողովրդի տոկունութիւնն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտէն խաղաղութեան եւ փոխըմբռնման ապագայի»:
Շնորհակալութիւն յայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրէն Էդիտա Գզոյեանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանութեան եւ Արցախի հիմնախնդրի մասին գրքեր:
