ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստեանը գրում է.
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ-նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։
Առաքելութիւնն ամբողջութեամբ համահունչ է խաղաղութեան համագործակցութիւնը խրախուսող, հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանն ուղղուած, ռազմագերիների եւ այլ պահուող անձանց վիճակի եւ իրաւունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին։
Հայերէն թարգմ․
30․09․2026
ՊՐՆ․ ՊԵՐԵ ԽՈԱՆ ՊՈՆՍ ՍԱՄՊԻԵՏՐՕ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊՐՆ․ ՌՈԲԵՐՏՕ ՄՈՆՏԵԼԼԱ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԳԼԽԱՒՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊՐՆ․ ԼՈՒԻՍ ՄԻԳԵԼ ԴԱ ԳՐԱՍԱ ՆՈՒՆԵՍ
ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՅԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՊՐՆ․ ՄՊԱՆԶՈՒ ԲԱՄԵՆԳԱ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂ
Յարգելի՛ պարոնայք,
Ձեզ եմ դիմում որպէս ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատուիրակութեան անդամ եւ ՀՀ ԱԺ Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական դիմումով։
Արդէն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում, փակ դռների ետեւում տեղի են ունենում հայ ռազմագերիների եւ այլ հայազգի կալանաւորուած անձանց դատավարութիւնները։ Նրանց ընտանիքները զրկուած են իրենց հարազատներին այցելելու հնարաւորութիւնից։ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի միջոցով ստացուած հատուածական տեղեկատուութիւնը, ինչպէս նաեւ ընտանիքների հետ սահմանափակ հեռախօսազրոյցները լուրջ մտահոգութիւններ են առաջացնում Ադրբեջանում պահուող հայ պատանդառուած անձանց ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի վերաբերեալ։
Այս ամբողջ ժամանակահատուածում որեւէ միջազգային մարդասիրական այց չի թոյլատրուել։ Արդէն մէկ տարի է՝ կալանաւորուած անձանց մօտ արգելուած է նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի այցը։ Ողջ ընթացքում հայ ռազմագերիներին եւ պատանդներին այցելելու հնարաւորութիւն չի ունեցել նաեւ միջազգային որեւէ դիտորդական մարմին կամ երրորդ չէզոք կողմ։
Այս իրավիճակն անմիջականօրէն առնչւում է ԵԱՀԿ խորհրդարանական կառոյցի՝ մարդու իրաւունքների, մարդկային արժանապատուութեան եւ մարդասիրական սկզբունքների պաշտպանութեանն ուղղուած կանոնադրական պարտաւորութիւններին։
Այս առնչութեամբ ցանկանում եմ առանձնայատուկ ուշադրութիւն հրաւիրել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2025 թ․ Պորտոյի հռչակագրի 208-րդ եւ 209-րդ կէտերի վրայ, որոնցով կոչ է արւում ԵԱՀԿ ԽՎ-ին մշակել ազատութիւնից զրկուած անձանց դէպքերի դիտարկման եւ դրանց վերաբերեալ բարձրաձայնման շրջանակ, այդ թւում՝ նրանց պաշտօնական այցելութիւնների եւ նրանց վիճակի ստուգման, ինչպէս նաեւ նրանց իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած ջանքերի միջոցով։
209-րդ կէտը մասնաւորապէս կոչ է անում ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնից տուժած բոլոր անձանց իրաւունքների պաշտպանութիւնը եւ ընդգծում է ռազմագերիների եւ այլ կալանաւորուած անձանց նկատմամբ արդար եւ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտութիւնը՝ միջազգային մարդու իրաւունքների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերին համապատասխան։
Կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամաւորներից կազմուած մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ այս յանձնառութիւնների կոնկրետ եւ նշանակալի դրսեւորումը։
Ըստ այդմ՝ խնդրում եմ աջակցել եւ նպաստել նման այցի կազմակերպմանը՝ հայ կալանաւորուած անձանց հետ հանդիպելու եւ նրանց հումանիտար ու մարդու իրաւունքների իրավիճակը գնահատելու նպատակով։
Այս առաքելութիւնն ամբողջութեամբ համահունչ է խաղաղութեան համագործակցութիւնը խրախուսող, ինչպէս նաեւ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանն ուղղուած ԵԱՀԿ սկզբունքներին։
ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆԱԵՒ ԱՆՁԱՄԲ ԵՒ ՄԵՆԱԿ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ։
Չափազանց կարեւոր է ընդգծել, որ սա քաղաքական նախաձեռնութիւն չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է վստահութեան ձեւաւորման եւ իրական խաղաղութեան գործընթացի ուղղութեամբ կարեւոր ու կոնկրետ քայլ դիտարկուել։
Հետեւաբար, խնդրում եմ, որ այցը կազմակերպուի որպէս Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների անվտանգութեան ապահովման հրատապ անհրաժեշտութիւն։
Միաժամանակ ակնկալում եմ Ձեր անձնական ներգրաւուածութիւնն ու աջակցութիւնը՝ առաքելութեան անդամների համար անվտանգ մուտքի, անվտանգութեան ապահովման եւ վերադարձի անհրաժեշտ երաշխիքների ձեռքբերման գործում։
Նախապէս շնորհակալութիւն Ձեր արագ արձագանգի եւ դրա իրականացմանն ուղղուած բոլոր ջանքերի համար։
Յարգանքով՝
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՀ ԱԺ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ
