
Քաղաքագէտ Դերենիկ Մալխասեան
Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 դիւանագէտի։ Վերջիններիս նշանակել էր Ջոյ Բայդենի վարչակազմը։ Հետ կանչուող դեսպանների թւում նշւում է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինայ Քուինը, որը պաշտօնը ստանձնել էր 2023թ․-ին։ Իսկ մինչ այդ՝ 2020-2022 թուականներին Քուինը եղել է ԱՄՆ գործերի ժամանակաւոր հաւատարմատարն Ուկրաինայում։
Ակնյայտ է, որ Քրիստինայ Քուինը նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում սպասարկում էր գլոբալիստական կենտրոնների շահերը։ Դեսպանը Հայաստանում աչքի ընկաւ ոչ միայն Նիկոլ Փաշինեանի վարչակազմի հակաժողովրդավարական, մարդու իրաւունքները ոտնահարող քաղաքականութեան վրայ աչքերը պինդ փակելով, այլ աւելին՝ նա խրախուսում էր այդ քաղաքականութիւնը։
Գովաբանում էր Նիկոլ Փաշինեանի «ժողովրդավարական» բաստիոնը, արդարացնում էր 2024թ․-ին ԱԺ-ի դիմաց ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառուող բիրտ ու անհամաչափ գործողութիւնները։ Քրիստինայ Քուինը ստանձնել է Նիկոլի Փաշինեանի միջազգային դատապաշտպանի դերակատարութիւնը։
Ակնյայտ է, որ Թրամփի վարչակազմի քաղաքականութիւնն էականօրէն տարբերւում է Ջոյ Բայդենի վարչակազմի վարած գլոբալիստական քաղաքականութիւնից, որի արդիւնքում նրանք կարողացան դէմոկրատիայի անուան տակ բուծել մանր ու միջին կարգի այլանդակ բռնապետական համակարգեր պոստսովետական տարածաշրջանում՝ Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում․․․ Այս երկրներին ներքաշելով Ռուսաստանի դէմ թշնամական քաղաքականութեան օրբիտայի մէջ՝ ըստ էութեան կրախի առաջ կանգնեցրին։
Հիմա, հետ կանչելով գործող դեսպանին, արդեօ՞ք Թրամփի վարչակազմը սրանով չի ազդարարում Նիկոլ Փաշինեանի վարչակազմի նկատմամբ քաղաքականութեան փոփոխութեան մասին։ Այս քայլով, ըստ էութեան, Նիկոլ Փաշինեանը զրկւում է իր քաղաքական այլանդակութիւններն արդարացնող կարեւոր միջազգային գործոնից։ Իհարկէ դեռ վաղ է միանշնակ եզրահանգումներ անել, բայց միտումը կարծես տանում է հէնց այդ ուղղութեամբ։
