Կաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգեւոր առաջնորդներ Հռոմի պապ Լեւոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահուող առնուազն 23 արցախահայ բանտարկեալներին ազատելու համար՝ մատնանշելով նրանց վատթարացող վիճակը եւ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգութեան ոչնչացումը։
The Christian Post-ը ծանօթացել է Հռոմի պապին ուղղուած դիմումին, որն ուղարկուել է Սուրբ Ծննդեան տօնին ընդառաջ։ Դիմումի մէջ ասւում է, որ բանտարկուածները 2023 թուականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեանը էթնիկ զտման ենթարկած Ադրեջանի զոհեր են։ Դիմումի տակ ստորագրել են մէկ տասնեակից աւելի հոգեւոր բարձրաստիճան հայրեր։ Ցուցակը գլխաւորում են Նյու Եորքի կաթոլիկ արքեպիսկոպոսութեան՝ հանգստի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը եւ Հայ Առաքելական եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի արքեպիսկոպոս Անուշաւան Դանիելեանը։
Ըստ Շուեյցարիայում գործող Christian Solidarity International կազմակերպութեան, Բաքւում այսօր պահւում են մօտ երկու տասնեակ հայեր, հիմնականում՝ նախկին բարձրաստիճան պաշտօնեաներ, որոնք դատւում են փակ դռների հետեւում՝ չունենալով պատշաճ իրաւաբանական պաշտպանութիւն, եւ ոչ էլ՝ իրենց դէմ ներկայացուող ապացոյցները վիճարկելու հնարաւորութեան: Եւրոպական խորհրդարանը զգուշացրել է, որ պատանդները ենթարկւում են «կեղծ դատավարութիւնների»։
«Նրանց ընտանիքների հետ հաղորդակցութիւնը, որն առանց այդ էլ սահմանափակ է, էլ աւելի է խաթարուել անցած տարուանից, երբ Ադրբեջանը երկրից վտարէց Կարմիր Խաչին։ Նրանց քրիստոնեական հաւատքը եւ մարդկային արժանապատուութիւնը ճնշւում են», — ասւում է Հռոմի պապին ուղղուած հոգեւոր հայրերի նամակում։
Նամակի տակ ստորագրածները նշում են, որ ընդհանուր առմամբ խօսքը մօտ 80 անձի մասին է, որոնց ճակատագիրը շարունակում է անյայտ մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրաւելուց յետոյ։ Նրանք մտահոգութիւն են յայտնում, որ գերիներին զրկել են կապի եւ տարրական իրաւական պաշտպանութեան հնարաւորութիւնից, եւ որ նրանց քրիստոնեական հաւատքի նկատմամբ բռնանում են կալանքի տակ գտնուելու ընթացքում։
Նամակը նաեւ յիշատակում է այն հաղորդումները, ըստ որի Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներն ու վանքերն այնպիսի ծաւալով, որը գերազանցում է «Իսլամական պետութեան» գործողութիւններն Իրաքում եւ Սիրիայում։ Հեղինակները դա անուանել են տարածաշրջանում քրիստոնեական գրեթէ 2000 տարուայ ներկայութիւնը վերացնելու արշաւի մի մաս։
«Ադրբեջանի արշաւի զոհ են դառնում ոչ միայն բանտարկուած մարդիկ, այլեւ սրբազան ժառանգութիւնը, որը ոչնչացւում է», — նշւում է նամակում։ «Վերջին փաստաթղթերը ցոյց են տալիս, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում համակարգուած կերպով ոչնչացրել է աւելի շատ քրիստոնեական յուշարձաններ եւ եկեղեցիներ, քան «Իսլամական պետութիւնը» Իրաքում եւ Սիրիայում։ Սա գրեթէ երկու հազարամեայ քրիստոնեական քաղաքակրթութեան հետքերի, այդ թւում՝ միջնադարեան եկեղեցիների, վանքերի եւ անթիւ սրբավայրերի վերացում է»։
Նամակը ստորագրողների թւում են Հայ Առաքելական եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի առաջնորդ, Մեսրոպ եպիսկոպոս Պարսամեանը, Մելքիթ կաթոլիկ եկեղեցու Ֆրանսուայ եպիսկոպոս Բեյրուտին, հակասեմականութեան դէմ կաթոլիկների կոալիցիայի ներկայացուցիչ Սիմոնէ Ռիզկալլան։
Նամակում նաեւ յիշատակել են վերջերս Հռոմի պապի կողմից հայ նահատակ Սուրբ Իգնատիոս Մալոյեանի սրբադասումը՝ որպէս հայերի հետ Հռոմի կաթոլիկ եկեղեցու շարունակական համերաշխութեան նշան։ Նաեւ յիշեցրել են նաեւ Հռոմի պապի աւելի վաղ արուած յայտարարութիւնը, որ հայերը «խաչը քարի վրայ են փորագրում՝ որպէս իրենց ամուր եւ անսասան հաւատքի նշան»։
Հոգեւոր հայրերը պնդում են, որ ստեղծուած իրավիճակը պահանջում է Սուրբ Աթոռի միջամտութիւնը՝ հաշուի առնելով նրա բարոյական հեղինակութիւնը եւ Բաքուի հետ դիւանագիտական կապերը։ Նամակում կոչ է արւում Հռոմի պապին անձամբ պաշտպանել գերիների ազատ արձակումը՝ նշելով, որ նման կոչը կարող է օգնել վերջ դնել այն ընտանիքների տառապանքներին, որոնք դեռեւս լուրերի են սպասում իրենց հարազատներից։
Հոգեւոր հայրերի խումբը խնդրել է Հռոմի պապին գործել Սուրբ Ծննդին ընդառաջ՝ տօնն անուանելով ողորմածութեան եւ վերամիաւորման շրջան:
alphanews.am
