Երեւանում պայքար է ընթանում Արցախի դրօշի դէմ

Երեւանում պայքար է ընթանում Արցախի դրօշի դէմ

Երեւանում կատաղի պայքար է ընթանում Արցախի դրօշի դէմ. ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւն

«Երեք օր է, ինչ Երեւանի քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացւում է 2022 թուականին քաղաքացիների կողմից այնտեղ տեղադրուած Արցախի դրօշը»,– գրել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը։

Յայտարարութեան մէջ նշւում է, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները բոլոր դէպքերում անմիջապէս վերականգնել են դրօշը։ Երեկ երեկոյեան, երրորդ անգամ դրօշը հեռացնելուց յետոյ, այն վերականգնելու փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ ապօրինի կերպով բերման են ենթարկուել։

«Արձանագրենք, որ Հայաստանում ստեղծուել է մի իրավիճակ, որտեղ Արցախի դրօշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկւում։

Սա պարզապէս հերթական միջադէպը չէ․ սա հերթական յարձակումն է մեր խորհրդանիշների վրայ։

Արցախի դրօշի դէմ պայքարը, իրականում, պայքար է հայկական յիշողութեան, պատմութեան եւ արժէքների դէմ եւ լաւագոյնս բացայայտում է գործող իշխանութեան ապազգային բնոյթը։

Որքան էլ փորձեն ջնջել ազգային յիշողութիւնը, այն հայրենիքը, որը մենք կերտելու ենք մեր պայքարի արդիւնքում, հիմնուած է լինելու մեր արժէքների եւ պատմական ճշմարտութեան վրայ։ Եւ այդ հայրենիքում Արցախի դրօշը միշտ ունենալու է իր արժանի եւ անփոխարինելի տեղը՝ որպէս պայքարի, յիշողութեան եւ ազգային արժանապատուութեան խորհրդանիշ»,– ասուած է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան յայտարարութեան մէջ։

Share