Ներհանրային, միջընտրազանգուածային երկխօսութիւնը՝ որպէս միակ ելք

Ներհանրային, միջընտրազանգուածային երկխօսութիւնը՝ որպէս միակ ելք

Վահէ Յովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Գործող իշխանութիւնն այսուհետ ինչ էլ անի, ասելու է՝ 720 հազարն է տուել այդ մանդատը։ Սա է Հայաստանի դէ ֆակտօ գործող միակ սահմանադրութիւնը՝ մէկ տողով։ Ֆորմալ առումով իշխանութիւնը դրա իրաւունքը գուցէ ունի, բայց ամենաթողութեան իրաւունք՝ ոչ։ Հետեւաբար՝ ընդդիմութիւնը ոչ թէ պէտք է զարգացնի «դուք ունէք ընդամէնը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձեւեր։

Անիմաստ է հիմա հաշուիչը ձեռքներիս հաշուել, թէ ում ձայնից ինչքանն է օրգանիկ, ինչքանը՝ արհեստածին։ Քաղաքական պրոցեսները «կալկուլեատորով» չեն լուծւում, այլ՝ քաղաքական-հանրային բովանդակութեամբ։

Հասկանալ ինքներս մեզ

Մեր հասարակութիւնն այսօր բաժանուած է մօտաւորապէս երկու հաւասար՝ 700-700 հազարական մասերի։ Մասեր, որոնք իրար չեն լսում, չեն հանդուրժում, ունեն ծայրայեղ տարբերութիւններ, բայց իշխանութիւնը մի «700 հազարի» ձեռքում է, ու այն պարտադրում է իր իրականութիւնը։

Այսուհետ Հայաստանում ի՛նչ զարգացում լինի, ի՛նչ խնդիրներ էլ առաջանան, իշխանութիւնը բացատրելու է «ԻՐ 700 հազարի» տուած քուէով։ Սահմանադրութեան փոփոխութիւն, լեցուն բանտեր, ունեցուածքի խլում, Եկեղեցու դէմ արշաւ, դէպի ԵՄ բլեֆ եւ այլն։

Հիմա պէտք է հարցնել էդ 700 հազարին, ձեւը գտնել ու հարցնել՝ դուք իրօք քուէարկել էք, որ այս ամէնը կատարուի՞, ի վերջոյ դուք ինչի՞ն էք քուէարկել։ Պարզ հարցնել. դուք ուզում էք, որ մնացածը չլինե՞ն, չապրե՞ն Հայաստանում, որ բոլորը լինեն բանտերո՞ւմ, հիմնարկները փակուե՞ն, երկրում լինի միշտ լարուածութիւն ու պառակտո՞ւմ։ Եթէ այդպէս է՝ դրան վերաբերուենք որպէս իրողութիւն։ Դուք ձայն էք տուել, որ Հայաստանի տնտեսութիւնը «դիւերսիֆիկացիա» անուան տակ ամբողջութեամբ կախուածութեան մէջ մտնի Ադրբեջանից՞։ Դուք ձայն էք տուել ԵԱՏՄ-ի հետ յարաբերութիւնները խզելու եւ ոչ մի այլ բան չստանալու հեռանկարի՞ն։ Վերջը՝ ինչի՞ն էք ձայն տուել։

Մեր պառակտումը, իրար չլսելը այնքան խորն է դարձել, որ մեր 700 հազարները ուրախանում եւ տխրում են միմեանց հակադարձ թեմաներով, դաւանում են հակադարձ արժէքներ։ Մենք կարիք ունենք իրար հետ քննարկելու մեր երկրի այսօրը, ընթացքը, բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ մեր պատկերացումները։ Բարդ հարցերի շուրջ լսենք միմեանց փաստարկները՝ թեկուզ դրանք լինեն հակասական, բայց մի պահից գտնուելու են ընդհանրութիւններ։

Պայմանական մեր 700 հազարը եւ պայմանական միւս 700 հազարը չեն լսում, չեն հասկանում, չեն հանդուրժում միմեանց։ Այս անջրպետը գնալով խորանում է։ Մի 700 հազարը ֆիզիկապէս չի լսում միւսի խօսնակներին, եւ դա փոխադարձ է։ Սրա շարունակութիւնը լինելու է այն, որ 700 հազարները շուտով չեն լսելու սեփական խօսնակներին, քանի որ բոլորի համար ամէն ինչ պարզ է։

Թւում է՝ մենք ապրում ենք տարբեր երկրներում եւ ընդհանուր քիչ բան ունենք։ Ո՞ւր կը բերի սա։ Այսպէս մենք ինքներս մեզ կը քանդենք եւ ինքնուրոյն կը մատուցուենք հարեւաններին՝ սկուտեղի վրայ։

Այսօր խելամտութիւնը եւ պետական մտածողութիւնը ընտրազանգուածների միջեւ երկխօսութիւն սկսելն է։ Հայաստանի ամենասուր խնդիրը ներհանրային երկխօսութիւնն է, ընտրազանգուածների միջեւ երկխօսութիւնն է. հիմա ոչ միայն դա չկայ, այլեւ չկան ֆիզիկապէս իրար լսելու նուազագոյն ազդակներ։

Մենք իրար պէտք է ընկալենք եւ վերաբերուենք որպէս հեռանկարի հասարակութիւններ, որոնք պէտք է ապրեն իրար հետ եւ միասին դիմակայեն կարծես թէ անխուսափելի դարձող ռիսկերը։ Մենք չենք կարող իրար վերաբերուել վրէժի մոտիւացիայով։

Իրար լսելուց ու իրար հետ նուազագոյն շփումներից յետոյ ընտրազանգուածներն իրենց լիդերներին պարտադրելու են դադարեցնել ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը։ Որովհետեւ երկիրը դա չի ուզում, երկիրը լուծումներ է ուզում։ Իրար լսելու արդիւնքը լինելու է երկրում առողջ, այսպէս կոչուած, մտքի միջավայրի ձեւաւորումը։

Հանրային երկխօսութիւնը կորցրած հասարակութիւններն ամենապարարտ միջավայրն են կորուստների եւ պարտադրանքների համար։ Մեզնից ոչ ոք դա չի ուզում։


Share