Բառ չդարձող յիշողութիւն

Բառ չդարձող յիշողութիւն

Մամուլի վաստակաւոր գործիչ՝ Վարդան Դաւթեանի յիշատակին…

Մտածում ես ինքը՝ Վարդանը լինէր, ինչ էր ասելու հիմա…բան չէր ասելու երեւի… պահն է այդպիսին… զգացածդ բառ չի դառնայ…

 Մի իմաստուն աֆրիկացի գրող ժամանակին ասել էր. «Երբ մի ծերուկ է մահանում, նոյնն է ինչ գրադարան այրւած լինի»: Ծերուկ չէր Վարդանը, բայց իր գրադարանի ծուխը կարծես խնկի պէս տարածւել է գլխումդ:

Վարդանը, յատկապէս այս պահին, երբ գիտես՝ չկայ, աւելի շատ է զգացնել տալիս իրեն: Իր հրապարակումների բառերի պէս: Իսկ հիմա, երբ իր մասին ես ուզում խօսել, վերածւել է բառ չդարձող զգացմունքի:

Վարդանը մարդու այն տեսակից էր, ում չհարցրած՝ գիտես պատասխանն ու վերաբերմունքը: Դէմ է թէ կողմ: Հէնց այդ վերացող տեսակից էր Վարդանը: Իր սկզբունքներին հաւատարիմ մարդու տեսակից:

Խաչբառ լուծող սերնդից էր Վարդանը: Դէմք, ում մասին խօսելը՝ երազ տեսնելիս ձայն հանելու անիմաստ փորձանքի է նման լինելու… Բառ չի դառնայ…

Վարդանը յիշողութիւններում եղած այդ տարածութիւններում է խաղաղութիւն դառնում մեզ համար… բառ չդարձող յիշողութիւններում…

ՀԱՏԻՍ

Share