Յաղթում է նա, ով գործում է

Յաղթում է նա, ով գործում է

«Դրօշակ»-ի Առաջնորդող

Տարբեր քաղաքագէտներ, գործող եւ նախկին քաղաքական գործիչներ յաճախ գրում են, թէ Նիկոլ Փաշինեանը սխալուեց՝ այս կամ այն քայլն անելով, փորձ չուներ, ձախողեց բանակցութիւնները եւ այլն:

Մարդիկ, թերեւս փորձելով մնալ քաղաքական կոռեկտութեան սահմաններում, այս ձեւով խուսափում են աւելի կոշտ, միաժամանակ դիպուկ գնահատականներ տալ երկրի ղեկավարի գործողութիւններին:

Իրականում տուեալ գործունէութեան ընթացքին հետեւելիս ակնյայտ է դառնում Նիկոլ Փաշինեանի ռազմավարական մօտեցումների եւ մարտավարական գործողութիւնների ողջ հետեւողականութիւնն ու տրամաբանական շղթան: Եւ սա վերաբերում է ոչ միայն երկիրը ղեկավարելու ժամանակահատուածում նրա իրականացրած քայլերին, այլեւ քաղաքական ողջ գործունէութեանը: Նա միշտ էլ դէմ է եղել Արցախի անկախութեան համար պայքարին, իսկ 2008 թուականին Արցախի հարցում զիջողական պլատֆորմով եղել է Լեւոն Տեր-Պետրոսեան նախագահի թեկնածուի թիմի անդամ, մշտապէս դէմ է եղել արցախցիներին եւ Հայաստանում նրանց քաղաքական պետական գործունէութեանը, դէմ է եղել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային յարաբերութիւններին եւ գործել է դրանց դէմ, մասնաւորապէս՝ պայքարելով ռուսական սահմանապահ եւ մնացած ռազմուժին Հայաստանից դուրս բերելու համար՝ գործակցել է նոյն եւ նմանատիպ ծրագրերով Հայաստանում գործունէութիւն ծաւալած արեւմտեան պաշտօնական եւ առերեւոյթ անկախ կառոյցների հետ: Նիկոլ Փաշինեանը մշտապէս ընդդիմադիր գործունէութիւն է ծաւալել հզօր Հայաստանի եւ Արցախի համար բազմաւեկտոր քաղաքականութիւն իրականացնող ուժերի դէմ եւ, վերջապէս, իր շուրջ խմբուած մարդիկ ոչ միայն կրողն են եղել նոյն գաղափարների, այլեւ մաս կազմելով արեւմտեան պաշտօնական, սորոսական եւ այլ նախագծերի, յիշեալ ուղղութիւններով որոշակի աշխատանքներ են իրականացրել տարիներ շարունակ: Արտաքին, այդ թւում՝ թուրքական ազդեցութեամբ, երիտասարդութեան այս շերտը նախապատրաստուել է որպէս այն գունաւոր յեղափոխութիւնների շղթայի մէկ օղակը, որոնք ծաւալուեցին արաբական աշխարհից մինչեւ Միջին Ասիայ, մասնատեցին Վրաստանը, գլխաւորում են Ուկրաինայի համար կործանարար պատերազմը։

Այսօր արդէն շատերի համար է տեսանելի, որ Փաշինեանի արտաքին քաղաքականութիւնն ուղղուած է երկու հիմնական նպատակների` վերջնականապէս Հայաստանը ձերբազատել Արցախի խնդրից ու արցախցիների ճակատագրից, որից յետոյ ինքնաբերաբար տարածաշրջանից կը հեռանան ռուս խաղաղապահները, իսկ այնուհետեւ Հայաստանի ղեկավարը կստորագրի մնացած ողջ ռուսական ռազմական ներուժի, մասնաւորապէս Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը վերահսկող ռուսական սահմանապահ ուժերի հետ եղած պայմանագրային պարտաւորութիւնների չեղարկման մասին փաստաթուղթ: Այսինքն՝ Արեւմուտքի թելադրանքով նա պէտք է դառնայ այն ղեկավարը, որը քաղաքական, իրաւական քայլերով Ռուսաստանին պէտք է դուրս մղի Հարաւային Կովկասից: Եթէ ինչ-որ մէկը կարող է մտածել, թէ շարադրուած դատողութիւնները Նիկոլին վարկաբեկելու կամ հանրութեանը վախեցնելու համար են, խորհուրդ կտամ յիշել երկրի ղեկավարի տարբեր արտայայտութիւններն այն մասին, թէ ՀԱՊԿ-ը մէզ ոչ միայն չի պաշտպանում, այլեւ իր ներկայութեամբ աւելի մեծ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար, Հայաստանը դուրս չի գայ ՀԱՊԿ-ից, բայց ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից, այնպէս չէ, որ մէզ զէնք առաջարկող ուրիշ պոտենցիալ դաշնակիցներ չկան, բայց նման գործարք հնարաւոր չէ, քանի դեռ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ է մեր ռազմական համագործակցութիւնը եւ այլն:

Գոյութիւն ունի տեղի ունեցողը անխուսափելի գործընթաց համարող մտայնութիւն, ինչը յատուկ է Նիկոլի օրօք քաղաքագէտներ դարձած տաքսու վարորդների, տնային տնտեսուհիների, հովիւների, ինչպէս եւ կրթական ցենզ ունեցող «ծակ փիլիսոփաների» որոշակի շերտին: Ըստ վերջիններիս՝ Ռուսաստանը շարունակում է ամբողջովին իշխել խորհրդային նախկին մետրոպոլիայի տարածքում, ուրեմն եւ այն, ինչ կատարւում է Հայաստան-Արցախում եւ նրա շուրջ, տեղի է ունենում Ռուսաստանի գիտութեամբ ու պարտադրանքով, անգամ 2020 թուականի պատերազմը եւ ռուսական ազդեցութեան աւանդական գոտում թուրքական ազդեցութեան տարածումը, Ադրբեջանի պոկուելը հաւասարակշռութեան ռուսական բեւեռից եւ ամբողջովին թուրքական ազդեցութեան տարածքի վերածուելը: Ռուսաստանին 200 տարուայ իր ազդեցութեան գոտուց դուրս մղելու ադրբեջանաթուրքական եւ արեւմտեան փորձերը տեղի են ունենում հէնց ռուսների ցանկութեամբ, եթէ ոչ ռուս-թուրքական գործարքի համաձայն: Սրանից էլ բխում է, որ իր արարքների համար ոչ թէ Նիկոլն է մեղաւոր, այլ ռուսները եւ այն, ինչ տեղի է ունենում, անհնար է կասեցնել, որովհետեւ փոքր Հայաստանը ի զօրու չէ խափանել ռուսների ծրագրերը։ Իսկ այն, որ վերջին տասնամեակներին ռուսական ազդեցութեան դաշտից պոկուեցին եւ արեւմտեան գերիշխանութեան ներքոյ յայտնուեցին Վրաստանն ու Մոլդովան, միջինասիական թուրքացեղ հանրապետութիւնները ակտիւօրէն կապերը սերտացնում են Արեւմուտքի, Թուրքիայի, Չինաստանի եւ այլոց հետ` գրեթէ ուղիղ համեմատութեամբ հեռանալով ռուսական ազդեցութեան դաշտից, այն, որ խորհրդային նախկին Մերձբալթեան հանրապետութիւնները արեւմտեան բեւեռում կոշտ հակառուսական դիրքերում են ոչ միայն քաղաքականօրէն, այլեւ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցութեամբ, որ պրոթուրքական Ադրբեջանն այսօր արտաքնապէս ատամներ է ցոյց տալիս, իսկ ներքնապէս ամբողջովին հակառուսական, հակահայկական եւ հակաիրանեան հիստէրիայի մէջ է եւ, փաստացի, նախկին խորհրդային հանրապետութիւններից միայն Բելոռուսն է, որ գունաւոր յեղափոխութեան աւերիչ հետեւանքներից վախեցած՝ վերջին տարիներին ամբողջովին վերադարձաւ Ռուսաստանի «ուղեծիր», սա չէն ցանկանում տեսնել կամ պետական քարոզչութեան ծխածածկոյթի ետեւում չէն նկատում մեր այն տնային տնտեսուհիները, տաքսու վարորդները, հովիւները, կրթական ցենզ ունեցողների, ինչպէս եւ պաշտօնեութեան ու գործարարների այն շերտերը, որոնք վերջին հինգ տարիներին եղան «թաւշեայ» իշխանութեան յենարանը ու այսօր վերջիններիս գլխաւորութեամբ Արցախն ու Հայաստանը առաջնորդում են դէպի վերջնական կործանում:

Հասնելով այստեղ՝ անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ մեր ներկայ ողբերգութիւնների հիմքում հայաստանեան հասարակութեան մտային, գաղափարական ու բարոյական անկումն է, ինչը սրընթաց կերպով տեղի ունեցաւ անկախութեան երեք տասնամեակների ընթացքում: Նիկոլ Փաշինեանը բարձրացաւ այդ ֆոնին եւ նուաճած բարձրութեան վրայ կարող է մնալ միայն հասարակութեան անկման եւ անկման շարունակականութեան պայմաններում: Հասարակութեան արթնացումը, ազգային-քաղաքական մտքի վերազարթօնքն ու զարգացումը կանխորոշելու են Նիկոլի իշխանութեան խեղդամահ լինելը իր ձեւաւորած հակազգայնութեան, տգիտութեան եւ անբարոյականութեան ճահճում։ Այդ պատճառով էլ տուեալ երեւոյթների դէմ պայքարը Նիկոլի ներքաղաքական գործունէութեան առանցքն է: Միւս կողմից՝ Նիկոլի նկատմամբ աճում է արտաքին ճնշումը՝ արագացնելու իր հակահայ պարտականութիւնների կատարումը։ Արեւմուտքի մօտ աճում է այն համոզմունքը, որ ուկրաինական ճակատում Ռուսաստանին յաղթել չի կարող։ 2022 թ․ սկզբին ՀԱՊԿ-ը կասեցրեց միջինասիական առանցքային պետութիւն Ղազախստանում արեւմտաթուրքական յեղաշրջման փորձը, եւ այժմ զգալի է Անդրկովկասի թեւում Ռուսաստանի նկատմամբ ռեւանշի հասնելու արեւմուտքի ձգտումը։ Այս երեւոյթը վերջերս ակնառու դարձաւ Վրաստանում, որտեղ օտարերկրեայ ազդեցութեան գործակալների գործունէութեան թափանցիկութիւնն ապահովելուն ուղղուած միանգամայն տրամաբանական օրէնքի ընդունման նախաձեռնութիւնը հանդիպեց Արեւմուտքի կատաղի հակազդեցութեանը, երկրի ներսում հինգերորդ շարասիւնը այնպիսի զանգուածային ալեկոծութիւն բարձրացրեց, որ ազգային ուժերը նոր գունաւոր յեղափոխութիւնից խուսափելու նպատակով հրաժարուեցին իրենց նախաձեռնութիւնից։ Վրաստանը լաւ օրինակ է՝ ինչպէս աւելի քան մէկ տասնամեակ իշխանութիւնը պահող ազգային ուժերը փորձում են երկիրը դուրս բերել ադրբեջանաթուրքական եւ արեւմտեան ազդեցութիւնից, սակայն նոյն այդ ուժերը դա թոյլ չէն տալիս (իհարկէ, ի տարբերութիւն Հայաստանի, Վրաստանում թուրք-արեւմտեան կամակատարների իշխանութեանը փոխարինած ուժերը վարում են ազգային շահերից բխող, հաւասարակշռուած քաղաքականութիւն․ չնայած մեծ ճնշմանը՝ նրանք նաեւ չմիացան հակաուկրաինական կոալիցիային)։

Հայաստանի նկատմամբ նման ակնառու ճնշում չի զգացւում շատ պարզ պատճառով՝ մեր երկրի իշխանութիւնները հպատակի հնազանդութեամբ կատարում են Արեւմուտքի, ինչպէս եւ, առաջին հերթին, ադրբեջանցիների ու թուրքերի թելադրանքը։ Փաստ է, որ Հայաստանի իշխանութիւնները պատրաստակամ են կատարելու վերջիններիս ոչ միայն հողային եւ կոմունիկացիոն բնոյթի պահանջները, այլեւ սկսել են պատմական ու ազգային հիմնարար արժէքներից հրաժարուելու գործընթաց, իսկ երկիր գնում-գալիս են արեւմտեան անվտանգութեան ծառայութիւնների պատասխանատուները, կասկածելի օտարերկրացիներ վխտում են Հայաստանի սահմանային գօտիներում, այստեղից պետական բարձրագոյն պաշտօնեաներ այցելում են նրանց կենտրոնները, եւ ակնյայտօրէն Հայաստանը գտնւում է վերջիններիս աքցանի մէջ։ Ինչպէս գրում են նաեւ օտար վերլուծաբանները, Հայաստանին սպառնում է բալկանացումը, այսինքն՝ նախապատրաստում են Հայաստանը վերածելու ծխացող բախման գոտու, եւ այդ հակամարտութեան նախերգանքը ակնառու է Արցախի ու Հայաստանի հասցէին հնչող կոշտ սպառնալիքների մէջ։ Իհարկէ, արտաքին թելադրողների ու շայառուների նպատակը միայն փոքր Հայաստան-Արցախը չէ, այլեւ Ռուսաստանն ու Իրանը, միջինարեւելեան եւ կենտրոնասիական հսկայ տարածաշրջանին տիրելու գերուժերի դարաւոր երազանքները։

Այլեւս կոյրը միայն չի տեսնի, որ Հայաստանի իշխանութիւնները ձգտում են վերջնականապէս յանձնել Արցախն ու Հայաստանից այն տարածքները, որոնց յաւակնում է Ադրբեջանը, թուրքադրբեջանական պահանջով բացել Զանգեզուրի թուրանական միջանցքը։ Այդ իշխանութիւնները յոյս ունեն, որ եթէ թշնամու ուզածները յանձնէն, վերջիններս թոյլ կը տան, որ իրենք շարունակէն հանգիստ իշխել երկրում։ Միաժամանակ Հայաստանի իշխանութիւնները երկրի անվտանգութեան երաշխիքները հայցում են Արեւմուտքից։ Այս ողորմելի պահուածքով նրանք ամէն օր, որպէս նշանաբան, թութակի պէս կրկնում են ժողովրդաւարութեանը հաւատարիմ լինելու մասին յանկերգը, երբ Արեւմուտքը ողջ աշխարհում «թքել է» եւ՛ ժողովրդաւարութեան վրայ, եւ՛ ժամանակաւոր օգտագործման ծառայող խամաճիկ ռեժիմների։

Եւ եթէ ցայսօր պարտութիւնը մինչեւ վերջ հասցնելու Հայաստանի իշխանութիւնների ծրագիրը չի յաջողւում իրականացնել, պատճառն այն է, որ առայժմ, առանց իրավիճակը բախման աստիճանի սրելու, այդ ծրագրերը յաջողեցնում է ձախողել Ռուսաստանը։ Ռուսաստանն, անշուշտ, այդ բանն անում է՝ ելնելով իր շահերից։ Մենք չգիտենք, թէ ի վերջոյ իր ոխերիմ բարեկամների հետ Հայաստանի հաշուին փոխզիջումների գնալու դէպքում ինչ են լինելու Ռուսաստանի նոր զիջումները։

Խոսելով առկայ ճակատագրական վիճակը յաղթահարելու մասին՝ պէտք է արձանագրենք, որ մոլորութիւն է ընդդիմութեան այն պատկերացումը, թէ իշխանութիւնը հնարաւոր է փոխել, եթէ ողջ ժողովուրդը ոտքի կանգնի։ Որեւէ շարժման կամ յեղափոխութեան ժամանակ ոտքի է կանգնում ժողովրդի մի քանի տոկոսը, իսկ յաղթանակն ապահւում է ողջ երկրում յեղափոխականների ստեղծած համաժողովրդական մթնոլորտը։ Հայաստանում այսօր գոյութիւն ունի համընդհանուր ատելութեան վիճակ, բայց ոչ ըմբոստութեան մթնոլորտ։ Որպէսզի կուտակուած դժգոհութեան էներգիան շարժման մէջ դնի զանգուածներին, թւում է, թէ անհրաժեշտ է գլխաւոր պայմաններից մէկի առկայութիւնը՝ ժողովրդի համար ընդունելի առաջնորդի եւ նրա ծրագրի ի յայտ գալը, որոնց յաղթանակին եւ երկիրը վերափոխելու կարողութեանը ժողովուրդը կը հաւատայ։ Առաջնորդի ու ծրագրի առաջնայնութեան հարց հաւանաբար գոյութիւն չունի, դրանք փոխշաղկապուած են իրար։ Այդ ծրագիրն ու անձը պէտք է ներշնչէն, որ ունակ են փոխելու, ինչպէս եւ փոխարինելու գործող իշխանութեանը, քանի որ անկախացման շրջանից սկսած՝ հայ ժողովուրդը աւելի շատ գայթակղւում է մերժման ծրագրով եւ իշխանափոխութեան իրատեսական լինելու հեռանկարով։ Սրանով հանդերձ, նախորդին փոխելուց յետոյ նախորդի վերածուելու օրինակներից խուսափելու համար այդպիսի առաջնորդը պէտք է ներկայանայ ներկայանալի թիմով, ներշնչի, որ մարմնաւորում է Արցախի, Հայաստանի եւ Սփիւռքի հաւաքական կամքն ու ամբողջականութեան գաղափարը, պէտք է դառնայ համախմբող առանցք Արցախի ազատագրութեան, Հայաստանի ինքնիշխանութեան վերականգնման գլխաւոր գաղափարների շուրջ։ Հայաստանի համապարփակ ճգնաժամը յաղթահարելու համար անհրաժեշտ է ոչ թէ հայկական անձնագրով, այլ ազգային էութեամբ, անկաշառ ու անյաւակնոտ իշխանութիւն։ Իհարկէ, սա ուտոպիային մօտեցող ցանկութիւն է, բայց այլ կերպ մեր երկիրը կուլ տուող ճահճից դուրս գալ հնարաւոր չէ։
Վլադիմիր Վիսոցկին երգում էր․«Իսկական ըմբոստները քիչ են․ Ահա եւ չկան առաջնորդներ»։

Առանց շարժման եւ առանց ըմբոստների՝ նաեւ չէն առանձնանում առաջնորդները։

Փաշինեանը Հայաստանը տոտալ կերպով միակուսակցականացնում է, իսկ գալիք ընտրական փորձութիւնները նախապատրաստւում է յաղթահարել անօրինականութիւնների ճանապարհով։ Նա հրաշալի գիտի, որ իր վզից կախուած է պետական դաւաճանի մեղադրանքը եւ, ի դէպ, պատահական չէ, որ զանազան բարձրագոյն պաշտօնեաներ վերջերս իրար ետեւից կրկնում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հակասահմանադրական դիրքորոշումը՝ սրանով երեւի ստանձնելով իրենց շեֆի խօսքի եւ յանցաւոր գործունէութեան պատասխանատուութեան մէկ բաժինը։

Այնուամենանիւ, պէտք է խոստովանել, որ մէկ հարցում Նիկոլի վարքագիծը տրամաբանական է՝ յաղթում է նա, ով գործում է եւ նախաձեռնութիւնը պահում է իր ձեռքում։

«Դրօշակ» թիւ 7, 2023թ

Share