Հասե՞լէ Սինանեանի սպառման ժամկէտը

Հասե՞լէ Սինանեանի սպառման ժամկէտը

«Հայաստան» համահայկական մշակութային կենտրոն անունով ֆէյսբուքեան էջը, որը մօտ է ՀՀ իշխանութեան որոշ շրջանակներին հետևեալ գրութիւնն է հրապարակել Զ. Սինանեանի մասին: Նիւթը հետաքրքրական է իմանալու համար թէ ինչ է անցնում իշխանական ներքին շրջանակներում:


Զարեհ Սինանեանը 2019 թուականի յունիսի 14-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակուել է Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի ղեկավարի պաշտօնում։ Սակայն, մեր համոզմամբ, պաշտօնի ստանձնման առաջին իսկ ամիսներից նրա գործունէութեան մի շարք դրսեւորումներ լուրջ մտահոգութիւնների տեղիք են տուել՝ յատկապէս Սփիւռքի հետ յարաբերութիւնների, պետական կառոյցների հետ համագործակցութեան եւ ազգային-պետական շահերի առաջնահերթութեան տեսանկիւնից։

2019 թուականի սեպտեմբերից ի վեր մենք ականատես ենք եղել համագործակցութեան այնպիսի դրսեւորումների, որոնք, մեր գնահատմամբ, յաճախ դուրս են եղել պետական ինստիտուտների բնական եւ անհրաժեշտ համագործակցութեան տրամաբանութիւնից։ Բազմաթիւ դէպքերում շրջանցուել են ՀՀ պետական համապատասխան կառոյցները, իսկ Սփիւռքի հետ տարուող քաղաքականութեան մէջ գերակայութիւն է տրուել անձնական կամ նեղ շրջանակային կապերին՝ պետական շահի եւ համազգային օրակարգի նկատմամբ։

Առաւել մտահոգիչ է այն, որ որոշումների եւ նշանակումների արդիւնքում Սփիւռքի պետականամէտ, ազգային շահին նուիրուած բազմաթիւ անհատների ու կառոյցների աշխատանքը ոչ միայն չի ստացել անհրաժեշտ պետական աջակցութիւն, այլեւ յաճախ հանդիպել է անտեսման կամ խոչընդոտների։

Սա առաւել ցաւալի է այն մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ սեփական միջոցներով, ժամանակով եւ հեղինակութեամբ պայքարել են Սփիւռքում հակապետական ու ապակառուցողական երեւոյթների դէմ, պաշտպանել Հայաստանի ինքնիշխանութեան, պետականութեան ամրապնդման եւ Հայաստան–Սփիւռք առողջ ու փոխադարձ յարգանքի վրայ հիմնուած յարաբերութիւնների գաղափարը։

Մենք որեւէ ցանկութիւն չունենք միջամտելու ՀՀ ներքին կադրային քաղաքականութեանը եւ չենք ձգտում որոշել, թէ պետական համակարգում ով պէտք է զբաղեցնի այս կամ այն պաշտօնը։ Սակայն երբ խօսքը վերաբերում է Հայաստանի անունից Սփիւռքի հետ աշխատանքը ղեկավարող պաշտօնեային, հարցն այլեւս անձնական նախասիրութիւնների կամ կադրային ընտրութեան շրջանակում չէ։ Այստեղ առաջնային են պետական պատասխանատուութիւնը, թափանցիկութիւնը, ազգային շահը եւ Սփիւռքի նկատմամբ հաւասարակշռուած ու պետականամէտ քաղաքականութիւնը։

Մօտ եօթ տարի շարունակ տարբեր առիթներով պարոն Սինանեանին ներկայացրել եւ բացատրել ենք մեր մտահոգութիւնները, մատնանշել նրա գործունէութեան՝ մեր համոզմամբ անընդունելի դրսեւորումները, ինչպէս նաեւ Սփիւռքի հետ տարուող աշխատանքի յստակ ծրագրի եւ երկարաժամկէտ ռազմավարութեան անհրաժեշտութիւնը։ Ցաւօք, մեր ահազանգերը ոչ միայն չեն ստացել ընդունելի արձագանգ, այլեւ յաճախ արժանացել են անտեսման։

Այսօր արդէն ստիպուած ենք բարձրաձայնել այն հարցերի մասին, որոնք երկար ժամանակ փորձել ենք լուծել ոչ հրապարակային ճանապարհով։ Սա մեզ համար ցանկալի քայլ չէ, սակայն պետական շահին վերաբերող խնդիրները լռութեան մատնելը նոյնպէս պատասխանատու վարքագիծ չէ։

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան անունից Սփիւռքի հետ աշխատող պաշտօնեան իր գործունէութեան հիմքում կը դնի ոչ թէ անձնական մօտեցումները, նախասիրութիւններն ու շրջանակային կապերը, այլ Հայաստանի Հանրապետութեան պետական եւ համազգային շահը։

Եթէ պարոն Սինանեանը չի պատրաստւում կամ չի կարողանում իր գործունէութիւնը համապատասխանեցնել այդ սկզբունքներին, ապա, մեր համոզմամբ, պատշաճ կը լինի վերանայել այդ պաշտօնում նրա հետագայ պաշտօնավարման նպատակայարմարութիւնը։

Հակառակ դէպքում մեզ այլընտրանք չի մնում, քան հանրութեանը ներկայացնել մեր ունեցած փաստերն ու փաստաթղթերը՝ թողնելով հասարակութեանը եւ իրաւասու պետական մարմիններին գնահատել դրանց բովանդակութիւնն ու հետեւանքները։

Մենք դա անում ենք ոչ թէ անձնական հակակրանքից կամ որեւէ պաշտօն զբաղեցնելու ցանկութիւնից, այլ այն համոզմամբ, որ Սփիւռքի հետ Հայաստանի յարաբերութիւնները չեն կարող կառուցուել անձնական հայեցողութեան հիման վրայ։ Դրանք պէտք է կառուցուեն պետականութեան, փոխադարձ յարգանքի, հաշուետուողականութեան, ազգային շահի եւ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ գաղափարի շուրջ։

Եւ եթէ այս սկզբունքների պաշտպանութեան համար անհրաժեշտ է բարձրաձայնել այն, ինչ երկար ժամանակ լռեցուել կամ անտեսուել է, ապա մենք պատրաստ ենք դա անել՝ փաստերով, պատասխանատուութեամբ եւ հրապարակայնօրէն։

Share