Լաւ լուր․ ԵՄ-ն մտադրութիւնների յուշագրեր է ստորագրել հայկական վեց կազմակերպութիւնների հետ

Լաւ լուր․ ԵՄ-ն մտադրութիւնների յուշագրեր է ստորագրել հայկական վեց կազմակերպութիւնների հետ

Յարութ Սասունեան
The California Courier

Վերջապէս լաւ լուր Հայաստանից․ Մայիսի 5-ին Երեւանում կայացած ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի ընթացքում արձանագրուել է դրական զարգացում․ Եւրոպական Յանձնաժողովը ստորագրել է աննախադէպ «Մտադրութիւնների յուշագրեր» հայկական վեց կազմակերպութիւնների հետ։ Փաստաթուղթը կրում է «Համագործակցութիւն յանուն մարդկային շփումների» խորագիրը։

Ստորագրման արարողութիւնը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի նստավայրում՝ նախագահ Վահագն Խաչատրեանի, վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական Յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն տէր Լայէնի եւ Եւրոպական Խորհրդի նախագահ Անթոնիօ Քոսթայի ներկայութեամբ։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) հետ յուշագիրը ստորագրել են Եւրոպական Յանձնաժողովի Արեւելեան հարեւանութեան եւ Թուրքիայի հարցերով տնօրէն Ատրիէն Քիրալին եւ ՀԲԸՄ Հայաստանի մասնաճիւղի նախագահ, ՀԲԸՄ Կեդրոնական վարչութեան անդամ Վազգէն Յակուբեանը։

Փաստաթղթում նշւում է, որ երկու կողմերը «հետաքրքրութիւն են յայտնում ուսումնասիրելու համագործակցութեան այնպիսի հնարաւորութիւններ, որոնք կը նպաստեն Հայաստանի եւ Եւրոպական Միութեան միջեւ տնտեսական ու հասարակական կապերի ամրապնդմանը»։

Յուշագրում նաեւ ընդգծւում է, որ «հայկական Սփիւռքն ունի ուժեղ համայնքներ ամբողջ Եւրոպայում եւ աշխարհում՝ գործարարութեան, գիտահետազօտական, մշակութային եւ հանրային քաղաքականութեան ոլորտներում։ ՀԲԸՄ-ն, որպէս հայկական Սփիւռքի ամենամեծ հասարակական (ոչ առեւտրային) կազմակերպութիւն, կրթութեան, ձեռնարկատիրութեան աջակցութեան եւ միջազգային համագործակցութեան բնագաւառներում ունի երկարամեայ փորձ, ինչին նպաստում է իր լայն միջազգային ցանցը»։

Այս համատեղ ջանքերի նպատակն է «ուսումնասիրել համագործակցութեան հնարաւորութիւնները՝ հայկական Սփիւռքի ներուժը համախմբելու եւ այն ներդրումների, մենթորութեան ու Եւրոպական Միութեան եւ Հայաստանի միջեւ ամուր գործընկերութեան զարգացման ծառայեցնելու համար։ Այս փոխգործակցութիւնը կարող է հիմնուել նաեւ ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի փորձի վրայ՝ թուային հաղորդակցութիւնն ու ներգրաւուածութիւնը ամրապնդելու նպատակով»։

Եւրոպական Միութեան հետ յուշագրեր ստորագրած հայկական վեց կազմակերպութիւններն են․

  • «Ամբեր Քեփիթըլ Արմենիա» (Amber Capital Armenia) – մասնաւոր ներդրումների ներգրաւում՝ հայկական փոքր եւ միջին ձեռնարկութիւնները (ՓՄՁ) եւրոպական կապիտալին ու չափանիշներին ինտեգրելու նպատակով։
  • «Սինոփսիս Արմենիա» (Synopsys Armenia) – կիսահաղորդիչների ոլորտում մասնագիտական կարողութիւնների զարգացում, ինչպէս նաեւ կրթութեան եւ արդիւնաբերութեան միջեւ կապերի ամրապնդում՝ Հայաստանի եւ ԵՄ մրցունակութիւնը բարձրացնելու նպատակով։
  • «Ֆայրպըրտ.էյայ» (Firebird.ai) – ռազմավարական թուային եւ ուժանիւթային ենթակառուցուածքների զարգացում՝ Հայաստանը որպէս տարածաշրջանային թուային հանգոյց դիրքաւորելու նպատակով։
  • «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կեդրոն – թուային եւ ստեղծարար հմտութիւնների ընդլայնում եւ զարգացում նոր սերնդի համար։
  • Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն (ՀԲԸՄ) – միջանձնային կապերի ամրապնդում եւ Սփիւռքի ներդրումային ներուժի խթանում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։
  • «Քրիէյթիւ Արմենիա» (Creative Armenia) – ստեղծարար արդիւնաբերութեան ընդլայնում եւ համագործակցութեան խորացում եւրոպական մշակութային ցանցերի հետ։

ԵՄ պաշտօնական կայքում յուշագիրը բնութագրւում է որպէս «ոչ պարտադիր համաձայնագիր», որը «կողմերի համար չի ստեղծում իրաւական կամ ֆինանսական պարտաւորութիւններ։ Այն մտադրութիւնների մասին յայտարարութիւն է եւ համագործակցութեան հնարաւորութիւններն ուսումնասիրելու պատրաստակամութիւն՝ նկատի ունենալով, որ ցանկացած ապագայ համագործակցութիւն կախուած կը լինի հետագայ քննարկումներից, կիրառելի ընթացակարգերից, միջոցների առկայութիւնից եւ վերջնական համաձայնագրերի կնքումից»։

ՀԲԸՄ նախագահ Վազգէն Յակուբեանը լրագրող Անուշ Թրվանցին տուած ընդարձակ հարցազրոյցում անդրադարձել է ստորագրուած յուշագրին եւ այլ կարեւոր հարցերի։ Հարցազրոյցը հրապարակուել է Պոլսոյ հայկական «Ժամանակ» օրաթերթում։

Վազգէն Յակուբեանը բարձր է գնահատել ԵՄ նախաձեռնութիւնը՝ ընդգծելով, որ այն արժեւորում է Սփիւռքի ներուժը։ Հարցին, թէ արդեօք սա նշանակում է, որ հայկական կողմի նախորդ փորձերը լիարժէք յաջողութիւն չեն ունեցել, նա չի համաձայնել այդ գնահատականի հետ՝ նշելով, որ նախորդ կառավարութիւնների օրօք, երբ գործում էր Սփիւռքի նախարարութիւնը, զգալի աշխատանք է կատարուել։

«Սփիւռքի ներուժը շատ հսկայական է»,– ասել է նա։

Անդրադառնալով ներհայկական լարուածութեանը, եկեղեցու շուրջ ստեղծուած իրավիճակին եւ հասարակութեան բեւեռացմանը՝ Յակուբեանը նշել է, որ երբ Հայաստանի ներքին խնդիրները տեղափոխւում են արտերկիր, Սփիւռքը շփոթութեան մէջ է ընկնում։

«Այդ հարցերը վերաբերում են մեր ինքնութեանը, Ցեղասպանութեանը, Արցախի վրայ հարցական դնելուն եւ այլ խնդիրների։ Դժբախտաբար, Սփիւռքում եւս սկսել են պառակտումներ առաջանալ այս հարցերի շուրջ»,– ասել է նա։

Յակուբեանը նաեւ ընդգծել է.

«Մեր (ՀԲԸՄ-ի) աշխատանքը պետութեան հետ է՝ յանուն պետականութեան, անկախ նրանից, թէ ով է օրուայ իշխանութիւնը։ Սա ամենեւին չի նշանակում, որ համաձայն ենք իշխանութեան բոլոր քայլերին, բայց չենք կարող նստել եւ պարզապէս բոյքոթել՝ ասելով, թէ քանի որ այս կամ այն հարցում տարակարծիք ենք, ուրեմն չպիտի համագործակցենք։ Այդ մօտեցումը սխալ է։ Միեւնոյն ժամանակ կան բազմաթիւ այլ ոլորտներ, որտեղ իշխանութեան աշխատանքը ճիշտ ենք համարում։

Այս հաւասարակշռութիւնը պահելը դժուար է, բայց այդ դերը մեզ համար նոր չէ։ Մենք միշտ ունեցել ենք այն եւ պէտք է շարունակենք կատարել՝ հակառակ տարբեր կարծիքների։

Մենք համոզուած ենք, որ մեր ազգային ներուժի 70 տոկոսը Սփիւռքում է։

Արդեօք խելամի՞տ կը լինի անտեսել այդ ուժը, երբ մեր առջեւ կանգնած են քաղաքական ու ռազմական կարեւոր նպատակներ, իսկ ժամանակը, դժբախտաբար, աշխատում է մեր դէմ»։

Պոլսահայ համայնքի մասին հարցին Յակուբեանը պատասխանել է.

«Մօտ երկու-երեք տարի առաջ այցելեցի Պոլիս։ Կարող եմ ասել, որ ապշած ու հիացած վերադարձայ, որովհետեւ տեսայ մի համայնք, որն ամուր կառչած է իր միջավայրին եւ համոզուած է, որ իր տանն է ու դասական իմաստով Սփիւռք չէ։

Ինձ համար այդ այցը շատ հետաքրքիր էր․ բոլորովին այլ աչքով սկսեցի դիտել պոլսահայ համայնքը։ Բայց նաեւ սրտի ցաւ ապրեցի, որովհետեւ մենք՝ որպէս ազգ, ներառեալ մեր Միութիւնն ու Հայաստանի կառավարութիւնը, չենք կարողացել մշակել լուրջ ռազմավարութիւն՝ պոլսահայ համայնքի հետ համագործակցելու եւ յարաբերութիւնները զարգացնելու համար»։

Ի պատասխան հարցին, թէ հնարաւո՞ր է արդեօք լուծում գտնել եկեղեցու նկատմամբ կառավարութեան գործողութիւնների շուրջ ստեղծուած ճգնաժամին, Յակուբեանն ասել է.

«Մենք Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դիտարկում ենք որպէս մեր ինքնութեան ամենակարեւոր հիմնասիւներից մէկը։

Յուսանք, որ լուծումը կը լինի արդար եւ ճիշդ՝ ի նպաստ հայ ազգի։ Ի վերջոյ, Հայոց Եկեղեցին ծառայում է հայ ժողովրդին։ Մեր Եկեղեցին իր էութեամբ տարբեր է։

Երբ խօսում ենք մեր ժողովրդի ներուժի մասին եւ ընդգծում, որ այն պէտք է ճիշտ ուղղութեամբ օգտագործել, չպէտք է մոռանանք, որ մեր Եկեղեցին հսկայական ներուժ ունի թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում։

Սփիւռքում իւրաքանչիւր եկեղեցի եւ համայնք առանձին ներուժ է, իսկ ամբողջ Սփիւռքը համախմբուած է Եկեղեցու շուրջ։

Ուրեմն ինչո՞ւ անտեսել կամ փորձել խարխլել այդ ներուժի հիմքերը»։

Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի

Share